keyboard_arrow_up
Բլոգոլորտ
մամուլ

Մոտ 20 բեռնատար հետ է վերադարձվել, 15-ի մասով մերժում է եղել․ ինչո՞վ է օգնել Լարսում ՀՀ մաքսային կցորդը հայ վարորդներին

visibility 697 commentմեկնաբանել

Mediahub.am-ը գրում է․

Mediahub-ը երեկ գրել էր, որ Վերին Լարսի անցակետի ՌԴ հատվածում հայկական բեռնատարներին ռուսական կողմը թույլ չի տալիս հատել վրաց-ռուսական սահմանը։ Խոսքն այն բեռնատարների մասին է, որոնք բարձված են ֆիտոսանիտարական ստուգման ենթակա ապրանքներով՝ ձկնամթերք, պահածոներ, միրգ-բանջարեղեն, ծաղիկ և այլն։

Վարորդներն ահազանգում են, որ խնդիրը քաղաքական է՝ ռուսական կողմը իրենց բառացի փոխանցում է, թե գնացեք պատճառները ձեր երկրում փնտրեք, Հայաստանի կառավարությունից ճշտեք, թե ինչու իրենք չեն կարողանում հատել սահմանը։

Վերին Լարսի անցակետում Հայաստանի մաքսային կցորդ Վահան Հակոբյանը Mediahub-ի հետ զրույցում ասաց, խնդրի քաղաքական պատճառների մասին ինքը տեղյակ չէ ու ոչինչ չի կարող ասել։ Փոխարենն ասաց, որ աշխատում են ռուս գործընկերների հետ, որ կարողանան խնդրին լուծում տալ։

«Մեր խնդիրը հիմնականում շուտ փչացող ապրանքներին է վերաբերում, քանի որ սկսած նոյեմբերի 23-ից՝ Ռուսաստանի Դաշնության ֆիտոսանիտարական հսկողություն իրականացնող մարմինը՝ «Ռոսսելխոզնադզորը», ուժեղացված հսկողություն է սկսել իրականացնել բոլոր շուտ փչացող ապրանքների նկատմամբ։ Եւ, ըստ «Ռոսսելխոզնադզորի», դրա բացատրությունը հետևյալն է․ դրանից օրեր առաջ ՌԴ սահմանային անցակետերից մեկում խիստ խախտումներ են հայտնաբերել, որից հետո որոշում է կայացվել հսկողությունն ուժեղացնել Ռուսաստանի բոլոր սահմանային անցակետերում շուտ փչացող ապրանքների նկատմամբ, և արդյունքում նաև հայկական բեռներն են հայտնվել այդ հսկողության ներքո։ «Ռոսսելխոզնադզորի» ներկայացուցիչները պնդում են, որ խնդիրը միայն հայկական բեռների մոտ չէ, խնդիր ունեն նաև վրացական, թուրքական և այլ երկրներից Վերին Լարսի անցակետով անցնող բեռնատարները, որոնք ռուսական շուկա են ներմուծում շուտ փչացող ապրանքներ, և բոլորի նկատմամբ ուժեղացված հսկողություն է իրականացվում այս պահին»,- ասաց Վահան Հակոբյանը։

-Դուք տվյալ ունեք, թե նոյեմբերի 23-ից ի վեր քանի՞ հայկական բեռնատար է հետ վերադարձվել Հայաստան, և քանիսն է անցել։
-Մոտ քսան բեռնատար հետ է վերադարձվել, մոտ տասնհինգի մասով մերժման որոշումներ կան արդեն, բայց դեռ հետադարձ տարանցման հայտարարագիրը չի ձևակերպվել, հենց ձևակերպվի՝ դրանք էլ հետ կվերադառնան, ևս հինգի մասով էլ դեռ որոշումը չի կայացվել, սպասում են պատասխաններին։ Մոտ տասը բեռնատար անցել է դեպի Ռուսաստան, ևս վեց բեռնատար Ռուսաստանով տարանցիկ գնացել է Բելառուս և Ղազախստան։

-Այսինքն՝ մեծ մասը մերժվե՞լ է։
-Մեծամասնությունը, այո, մերժում է ստացել։

-Արտահանողները մեզ հետ զրույցում ասում են, որ Վերին Լարսի անցակետում վարորդներին ռուսական կողմի սահմանապահներն ուղիղ տեքստով ասել են՝ գնացեք Հայաստան և ձեր կառավարությանը հարցրեք, թե ինչու են իրենց մեքենաների մուտքը մերժվում։ Այսինքն՝ ակնարկել են, որ դրա տակ քաղաքական կոնտեքստ կա։ Ի՞նչ կասեք այս մասով։
-Մասնավոր խոսակցությունները չեմ մեկնաբանի, միայն կասեմ, որ այս պահին ակտիվ քննարկումներ են գնում ՌԴ սննդի անվտանգության տեսչության մարմինների հետ։ Ես՝ իմ մակարդակով, Պետեկամուտների կոմիտեն՝ իր մակարդակով, ինչպես նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն ու սննդի անվտանգության տեսչությունն՝ իրենց մակարդակով փորձում ենք մեր գործընկերների հետ քննարկումների արդյունքում ինչ-որ արդյունքի հասնել, որպեսզի խնդիրը շուտափույթ կարգավորվի։ Այս պահին դեռ աշխատանքները տարվում են, և հուսով ենք՝ շուտով ինչ-որ լուծում կունենանք։

-Իսկ ինչպիսի՞ լուծում եք պատկերացնում, ռուսները պետք է իրենց խիստ մոտեցումը մի փոքր թուլացնեն, թե՞  իսկապես որոշակի քաղաքական տարր տեսնում եք այս ամենի մեջ, և պետք է քաղաքական մակարդակով այս հարցը լուծվի։ 
-Քաղաքական տարրի մասով չեմ կարող հարցին պատասխանել, քանի որ քաղաքականությամբ չեմ զբաղվում, ես իմ մասնագիտականով կարող եմ պատասխանել, որ մեզ պարզաբանումը տրվել է, և տրված պարզաբանման շրջանակներում փորձում ենք ինչ-որ լուծումներ ման գալ։ Այս պահին աշխատում ենք գործընկերների հետ, և սպասում ենք, որ շուտով ինչ-որ լուծումներ կունենանք։

-Չթերագնահատելով, իհարկե, Ձեր աշխատանքը այնտեղ, բայց այս մի քանի օրվա ընթացքում Ձեր գործառույթների շրջանակում կարողացե՞լ եք հասնել որոշակի լուծման, որ գոնե այդ խնդրահարույց մեքենաների մի մասը կարողանա հատել սահմանը։ Կարողացե՞լ եք օգնել մեր վարորդներին ինչ-որ չափով։
-Չէ, ցավոք սրտի, նման արդյունք չունենք, այն մեքենաները, որոնք անցել են, դրանք այն մեքենաներն են, որոնք ապահովել են բոլոր այն ցուցանիշները, որոնք պահանջված են եղել, և ոչ մի խախտում իրենց մոտ չի հայտնաբերվել։ Բայց Ձեր ասած տարբերակով՝ դեռ խնդիր չի լուծվել, դրա հետ կապված դեռ աշխատում ենք և սպասում ենք, որ շուտով արդյունք կունենանք։

-Ամեն դեպքում վարորդները Ձեզ դիմե՞լ են, և ո՞րն է եղել Ձեր հիմնական գործառույթը այս օրերին։
-Այո, վարորդների հետ էլ, բեռնափոխադրողների ու արտահանողների հետ էլ մշտական կապի մեջ ենք, աշխատում ենք, փորձում ենք բոլորի խնդիրները հավաքագրել, տեղեկանալ, թե ում մոտ ինչ խնդիր է առաջացել, և այդ խնդիրներն արդեն ներկայացել մեր քննարկումների ընթացքումմ մեր ռուս գործընկերներին և փնտրել լուծումներ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել