1in.am-ը գրում է.

Հրապարակվել է 2014 թ.-ի պետբյուջեի նախագծի խոշորացված ցուցանիշների նախնական տարբերակը, ըստ որի ծախսերը եկող տարի կլինեն 1 տրիլիոն 272 մլրդ 955 մլն դրամ, այսինքն՝ 89 մլրդ 955 մլն դրամով ավելի, քան 2013թ-ի պետբյուջեով: 

2013թ.-ի համեմատ 2014թ-ին եկամուտներն ավելանում են 86 մլրդ 415 մլն դրամով՝ դառնալով 1 տրիլիոն 145 մլրդ 415 մլն դրամ: Եկամուտներն, ինչպես երևում է, ավելի դանդաղ են ավելանում, քան ծախսերը:

Եկամուտների առյուծի բաժինը ավանդաբար կապահովեն հարկային եկամուտները և պետական տուրքերը, որոնք միասին կկազմեն 1 տրիլիոն 103 մլրդ 269 մլն դրամ: 

Քանի որ եկամուտներն ավելանում են ավելի դանդաղ, քան ծախսերը, ավելանում է նաև պետբյուջեի պակասուրդը՝ 2014թ-ին դառալով 127 մլրդ 539 մլն 900 դրամ: 2013թ.-ի պետբյուջեով այն 124 մլրդ դրամ է: Սակայն, 2012թ.-ի համեմատ պետբյուջեի պակասուրդ նվազել է, քանի որ 2012թ.-ին ծախսերի և եկամուտների տարբերությունը 132.5 մլրդ դրամ էր:

2014թ.-ին Հայաստանի ՀՆԱ-ն նախանշվել է 4 տրիլիոն 723 մլրդ 700 մլն դրամ: Սրանք նախնական թվեր են և գործադիր մարմինների ղեկավարներին կհանձնարարվի մեկ շաբաթվա ժամկետում առաջարկություններ ներկայացնել Ֆինանսների նախարարություն:

Հաջորդ տարվա պետբյուջեի նախագծի նախնական տարբերակի քննարկումը կսկսվի սեպտեմբերին՝ առաջիկա շաբաթներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել