Lragir.am-ը գրում է.
Եթե նախկինում Թուրքիան հատուկ առարկություններ ուներ Սեւ ծովում ԱՄՆ ազդեցության եւ ներկայության ուժեղացման հարցում, ներկայում նշաններ կան, որ այս տարածաշրջանի վերաբերյալ կան բավական կոնկրետ պայմանավորվածություններ:
Թուրքիան ստիպված էր զբաղեցնել առավել զուսպ դիրք եւ համաձայնել ԱՄՆ ռազմական եւ լոգիստիկ ներկայության ծավալմանն առանց Թուրքիայի մասնակցության, հենվելով այլ պետությունների՝ Ռումինիայի (ԱՄՆ հիմնական գործընկերը տարածաշրջանում), Բուլղարիայի, Վրաստանի եւ որոշակի չափով Ուկրաինայի վրա:
Լիովին հասկանալի է, որ տվյալ սցենարը չի համապատասխանում Թուրքիայի շահերին, եւ այն առաջարկները, որոնք ԱՄՆ արել է Թուրքիային ռազմատեխնիկական եւ քաղաքական օգնության ոլորտում, ամենեւին էլ չեն փոխհատուցում այն վնասակար դրությունը, որի մեջ հայտնվել է Անկարան:
Թուրքիան փորձում էր հայտարարել ու հասնել իր առավել ակտիվ մասնակցությանը Սեւ ծովում ԱՄՆ ծրագրերին, սակայն ամերիկացիները մի շարք փաստարկներ առաջադրեցին, որոնք թուրքերին թույլ չտվեցին ծավալել սեփական մտադրությունները: ԱՄՆ իր այդ մոտեցումը հիմնավորել է Ռուսաստանին չգրգռելու եւ սեւծովյան տարածաշրջանի այլ պետություններին առավել ակտիվ ներգրավելու ցանկությամբ: Այս ամենն այնքան էլ համոզիչ չէ, սակայն ամերիկացիներն ինքզինքը չեն ծանրաբեռնել ճշմարտանմանությամբ:
Բեյրութի փորձագետներն այնքան էլ տեղեկացված չեն Սեւ ծովի իրավիճակի վերաբերյալ եւ չէին կարող բավարար չափով պատկերացնել գլխավոր հարցը, որը մեզ հետաքրքրում էր՝ որքանով են ԱՄՆ-ն ու Թուրքիան հասել Սեւ ծովում գործողություններն ու դիրքորոշումները համաձայնացնելուն:
Նշվում է Թուրքիայի եւ Ռուսաստանի միջեւ աճող հեռավորությունը, եւ դա կարող է տեղի ունենալ ոչ միայն թուրք-ամերիկյան հարաբերությունների կարգավորման, այլեւ թուրք-ռուսական հարաբերությունների վատթարացման կապակցությամբ:
Բրիտանացի դիվանագետների կարծիքով, Ռուսաստանը Թուրքիայի հետ հարաբերություններում չի ցանկանում գնալ փոխզիջման
աշխարհքաղաքական, ինչպես նաեւ որոշակի ուղղության էներգա-հաղորդակցությունների ծավալման հարցում: Թուրքիան չէր ցանկանա Ռուսաստանի հետ հարաբերություններում մի շարք հարցերի լուծումը հետաձգել անորոշ ժամկետով, եւ ձգտում է դրանք լուծել ներկայում, ինչին չի կարող գնալ Ռուսաստանը:
Դիվանագետները նշում են, որ Ռուսաստանը ձգտում էր Թուրքիայի հետ գործընկերային հարաբերություններ հաստատել ԱՄՆ-ին մի շարք տարածաշրջաններից դուրս մղելու նպատակով համագործակցության հաշվարկով, ինչը չէր կարող ընդունվել Թուրքիայի կողմից: Միաժամանակ, Թուրքիան փորձում էր ուժեղացնել սեփական ազդեցությունը եւ ներկայությունը Սեւ Ծովում եւ Հարավային Կովկասում, ինչպես նաեւ մտադիր էր կրկին ծավալվել Կենտրոնական Ասիայում:
Ռուս-թուրքական աշխատանքային բանակցությունների ընթացքում Թուրքիան Սեւ ծովի եւ Հարավային Կովկասի վերաբերյալ բազմաթիվ խնդիրներ է առաջ քաշել, որոնք անընդունելի էին Ռուսաստանի համար: Տվյալ փորձագետները ենթադրում են, որ ԱՄՆ առայժմ վերջնական որոշում չի ընդունել Սեւ ծովի տարածաշրջանի ծրագրերի վերաբերյալ, եւ ամենայն հավանականությամբ խոսքն ամերիկյան ավելի սահմանափակ ներկայության մասին է, քան ենթադրվում էր նախկինում: Ենթադրվում է ոչ թե առաջանցիկ բազավորում, այլ լոգիստիկ համակարգի անվտանգության ապահովում, ինչն ունի ներկայության ավելի համեստ ձեւաչափ:
Հնարավոր է տվյալ հանգամանքն էական ազդեցություն է ունեցել Թուրքիայի կողմից ԱՄՆ ծրագրերի առավել հանգիստ ընդունման վրա, որոնք ոչ մի կերպ չեն փոխում ուժերի հավասարակշռությունը Սեւ ծովում եւ չեն ազդում Թուրքիայի դերի նվազման վրա: Սեւ ծովի տարածաշրջանում նշանակալի փոփոխություններ տեղի չեն ունենում, եւ առայժմ հիմքեր չկան պնդելու, որ ԱՄՆ եւ Թուրքիան ինչ որ հատուկ համաձայնության են հասել Սեւ ծովի վերաբերյալ: Սակայն, տարբեր բանակցությունների ընթացքում կողմերը կարող էին հասնել այս կամ այն պայմանավորվածությունների տվյալ տարածաշրջանի վերաբերյալ: Ըստ ամենայնի, դրանք ունեն համաձայնեցման բնույթ, որոնք չափազանց շատ են ՆԱՏՕ-ի դաշնակիցների միջեւ:
Փորձագետների կարծիքով, երեւում է Թուրքիան ընդունել է ԱՄՆ որոշ պահանջներ, որոնք վերաբերում են Սեւ ծովում եւ Հարավային Կովկասում քաղաքական որեւէ նոր նախաձեռնությունների բացառմանը: Միեւնույն ժամանակ, տվյալ տարածաշրջանը ԱՄՆ եւ Թուրքիայի հարաբերություններում չի համարվում առաջնահերթություն, եւ չարժե դրան ներկայում կարեւոր նշանակություն տալ:
Սկզբունքորեն, եթե նկատի առնենք, որ ԱՄՆ եւ Թուրքիան տարածաշրջանային քաղաքականության հարցում հասել են առավել լայն պայմանավորվածությունների, ապա Սեւ ծովի եւ Հարավային Կովկասի հարցը կարող է լուծվել «ընթացիկ կարգով»: Տվյալ փորձագետների կարծիքն արժեք ունի որպես տարբեր պետությունների տարածաշրջանային քաղաքականության մասնագետների, սակայն, միեւնույն ժամանակ, այդ գնահատականների հետ հնարավոր չէ լիովին համաձայնվել:
Արժանին մատուցելով այն տեսակետին, ըստ որի ամերիկա-թուրքական հարաբերություններում Սեւ ծովի եւ Հարավային Կովկասի խնդիրները պետք է դիտարկել առավել լայն ու սկզբունքային պայմանավորվածությունների շրջանակներում, այնուամենայնիվ պետք է նկատի առնել, որ այս տարածաշրջանի հետ են կապված ԱՄՆ ռազմավարական ծրագրերը Եվրասիայում, եւ նա չի կարող չփորձել լուծել այն խնդիրները, որոնք վերաբերվում են ՆԱՏՕ-ի անդամների շահերին:
Անկասկած, ԱՄՆ եւ Թուրքիան Սեւ ծովի եւ Հարավային Կովկասի խնդիրների համաձայնեցմամբ զբաղվել են առավել մանրակրկիտ ռեժիմում: Այդպիսով, ներկայում տարածաշրջանների կապակցությամբ ԱՄՆ եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունները հեռու են լիակատար համաձայնեցվածությունից, սակայն որոշ տարածաշրջանների հարցում կողմերը վարել են բավական մանրամասն բանակցություններ, եւ Սեւ ծովն ու Հարավային Կովկասը չեն կարող բացառություն լինել:
Միեւնույն ժամանակ, եթե հետագայում էլ շարունակվի ԱՄՆ «նահանջը» Սեւ ծովում եւ Հարավային Կովկասում, Թուրքիայի եւ Ռուսաստանի միջեւ աշխարհքաղաքական գործարքը տեղի կունենա, անկասկած: