Lragir.am-ը գրում է.
ԱՄՆ-ում սեպտեմբերի 12-ին մահացել է Ռեյ Դոլբին՝ աղմուկի չեզոքացման եւ ծավալային ձայնի տեխնոլոգիայի մշակողը: Այս մասին նշված է Dolby Laboratories ընկերության հաղորդագրության մեջ: Դոլբին մահացել է Լոս Անջելեսի իր տանը՝ 80 տարեկանում: Վերջին տարիներին նա տառապում էր Ալցհեյմերի հիվանդությամբ, իսկ 2013 թվականի հուլիսին ախտորոշվել է սուր լեյկոզ:
Դոլբին իր կարիերան սկսել է Ampex ընկերությունում: Այնտեղ 1956 թվականին նա մի խումբ ինժեներների հետ հայտնագործել է առաջին տեսամագինոտոֆոնը: 1961 թվականին Քեմբրիջում նա դիսերտացիա է պաշտպանել ֆիզիկայի ոլորտում:
1965 թվականին Դոլբին ստեղծել է Dolby Laboratories ընկերությունը: 1970-ականներին այդ ընկերությունը Դոլբիի ղեկավարությամբ ներկայացրել է Dolby A եւ Dolby B աղմուկը խեղդող համակարգը, իսկ այնուհետեւ` Dolby Stereo համակարգը: Այս համակարգում օգտագործվել է 4 ձայնային ալիք. բացի աջից, ձախից եւ ձայնային էֆեկտներից նա կիրառել է նաեւ կենտրոնական եւ շրջապատող (ընդհանուր ձայնային մթնոլորտ) էֆեկտները: