Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հանգիստ է արձագանքել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ նոյեմբերի 23-ին Մինսկում կայանալիք ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստին մասնակցելու մերժմանը։ Այս մասին, ինչպես գրում է belta.by-ը, լրագրողներին հայտնել է Բելառուսի ղեկավարի մամուլի քարտուղար Նատալյա Էյսմոնտը։

«Նախագահը հասկանում է, որ դա ցանկացած պետության ղեկավարի գործն է։ Հրավերն ուղղված է Հայաստանի վարչապետին, ինչպես նաև այլ պետությունների ղեկավարներին, այդ թվում՝ Ռուսաստանի նախագահին, որը վերջին հեռախոսազրույցի ժամանակ ընդունել է հրավերը: Նախագահը, ելնելով իր փորձից և նմանատիպ իրավիճակներում հայտնված մի քանի այլ հայտնի քաղաքական գործիչների գործողություններից, Հայաստանի վարչապետին առաջարկել է չշտապել, չընդունել հապճեպ որոշումներ, այլ լրջորեն մտածել հաջորդիվ քայլերի շուրջ, որոնք կարող են ուղղված լինել ապաինտեգրմանը», - նշել է Էյսմոնտը:

Նոյեմբերի 14-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ալեքսանդր Լուկաշենկոյի և Նիկոլ Փաշինյանի միջև։ Կողմերը քննարկել են Կովկասում տիրող իրավիճակը, երկկողմ հարաբերությունները և ՀԱՊԿ առաջիկա գագաթնաժողովի օրակարգը։ Հայաստանի ղեկավարը տեղեկացրել է, որ չի մասնակցի նոյեմբերի 23-ին Մինսկում կայանալիք ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստին:

Սա առաջին դեպքը չէ, երբ Փաշինյանը հրաժարվում է ինտեգրացիոն միջոցառումներին մասնակցելուց։ Հոկտեմբերին նա բաց էր թողել ԱՊՀ գագաթնաժողովը Բիշքեկում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել