Cosmo.am-ը գրում է
Կիրառիր մարմնի լեզվի բարձրակարգ մասնագետ Ջանին Դրայվերի այս հրաշալի խորհուրդները և... մոռացիր տաղտկալի ու գորշ աշխատանքային առօրյայի մասին:
Պատրաստեց Մինա Ազոդին
Աշխատանքում առաջ գնալու վերաբերյալ երբեք շրջապատից խորհուրդ չես լսի: Առաջխաղացումն աշխատավայրում բոլորովին կապված չէ այն բանի հետ, թե քանի ժամ ես անցկացնում այնտեղ կամ քանի նախագիծ ես պատրաստում: Եվ բոլորովին էլ կարևոր չէ, թե դու առհասարակ ինչ ես խոսում. Կարևորն այն է, թե դու ինչպես ես շարժվում: Օգտագործիր մարմնի լեզու կոչվածը և ուզածիդ կհասնես` առանց քեզ մատնելու:
«Պահվածքիդ մեջ փոքրիկ հնարքներ կիրառելով` կարող ես ենթագիտակցորեն ազդել դիմացինիդ վրա»,- ասում է մարմնի լեզվի մասնագետ Ջանին Դրայվերը, ով «Ասում ես ավելին, քան մտածում ես...» գրքի հեղինակն է: Դրայվերը, ով շուրջ մեկ տասնամյակ խորհրդատվություն է տրամադրում իրավահարկադիր մարմիններին` ճիշտ հասկանալու ու կիրառելու մարմնի լեզուն, այսօր ներկայացնում է այն քայլերը, որոնք կօգնեն նաև քեզ:
1. Դարձիր ժողովի օրինակելի մասնակից
Ինչպես: Նստիր տնօրենին մոտ աթոռներից մեկին. դա ձեր միջև անմիջապես կապվածություն կառաջացնի: Զբաղեցրու աթոռի մեկ երրորդ մասը. դա ցույց է տալիս, որ մտահոգված ես ժողովում քննարկվող հարցերով: Հետո վերցրու նրան հոգեհարազատ իրերից որևէ բան և պահիր այն ձեռքում, որն ավելի մոտ է նրան. դա կարող է լինել նրա նախընտրած սուրճի տեսակը, սիրած ապրանքանիշի գրիչը կամ նման մի բան: Հոգեբանական այս հնարքը քեզ անընդհատ տնօրենի մտքում կպահի, և նա ենթագիտակցորեն կհամաձայնվի հենց քո առաջարկներին:
2. Այնպես արա, որ դիմացինից միայն «այո՛» պատասխանը լսես
Ինչպես: Ուզո՞ւմ ես, որ քո աշխատակիցը համաձայնի խնդրանքդ կատարել: Ձեռքի մի ափը բարձր պահած` ժեստ արա: Նման ձևով ոստիկաններն են հարցաքննելիս համոզում ճիշտ պատասխանել: Խնդրանքն ուղղելուց հետո ձեռքդ դիր սրտիդ` իբրև անկեղծության նշան: Վերջնական նպատակիդ հասնելու համար մի քանի վայրկյան դադար տուր և ասա. «Գիտեմ, որ շատ զբաղված ես, բայց (դադար) կարո՞ղ ես ինձ փոխարինել»: Այդ կարճ լռությունը մեղմացնում է քո հրաման-ցանկությունը` ստիպելով նրան «այո» պատասխանել:
3. Լռեցրու շատախոս գործընկերոջդ
Ինչպես: Նրա խոսելու ընթացքում շարունակիր քո գործով զբաղվել և մատերով հրացանի ժեստ արա (բոլոր մատերդ հյուսիր, բացի ցուցամատերից, որոնք հրացանի փող են կազմում): Այդ «փողը» շրթունքներիդ մոտեցրու` հասկացնելով, որ դու չես ուզում խոսել: Եթե չհասկանա, թեմայից դուրս որևէ բան ասա, ինչպես օրինակ` «Այնքան գործ ունեմ անելու»:
4. Անցյալում թող սխալդ
Ինչպես: Ենթադրենք` ձախողել ես որևէ հանձնարարություն: Ղեկավարիդ հանդիմանություններին չարժանանալու համար նրանից 2 ոտնաչափ կողք կանգնիր, ապա խոստովանիր սխալդ: Սա վտանգազերծ դիրք է, որը նրան ենթագիտակցորեն մղում է քո թերացման վրա աչք փակելուն: Անպայման շեշտիր. «Եթե ներեք, այլևս նման բան տեղի չի ունենա»:
5. Արժանի հակահարված տուր լեզվանի գործընկերուհուդ
Ինչպես: Ուղիղ նրա աչքերի մեջ նայիր և ծնոտդ մի փոքր բարձրացրու (գլուխը թեքելը կնշանակի` նրա հավանությունն ես ակնկալում): Այդպես ինքնավստահություն ձեռք կբերես: Ձեռքիդ ափը պահիր ներքևում` համարձակ ժեստով նրան հասկացնելով, որ թելադրողը դու ես, ոչ թե` նա:
5. Խորամանկությամբ գերազանցիր մրցակից գործընկերուհուդ
Ինչպես: Հետը խոսելիս ձեռքդ դիր նրա սեղանին: Դա, այսպես ասած, «տարածքի զավթում» է և հաստատում է, որ դու թիվ մեկ աշխատողն ես և կարող ես ու կհասնես այն ամենին, ինչ ուզում ես: