Արդարադատության միջազգային դատարանը նոյեմբերի 17-ին կհրապարակի իր որոշումը՝ Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի շրջանակներում քննվող Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով՝ Հայաստանի ներկայացրած ժամանակավոր միջոց կիրառելու մասին խնդրանքի հարցով:

Այս մասին հայտնում են ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանի մամուլի ծառայությունից:

Նիստը կընթանա տեղի ժամանակով ժամը 15:00-ին Հաագայի Խաղաղության պալատում: Դատարանի նախագահ դատավոր Ջոան Դոնոգյուն կկարդա դատարանի որոշումը:

2021 թվականի սեպտեմբերի 16-ին Հայաստանը հայց էր ներկայացրել Ադրբեջանի դեմ՝ Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի ենթադրյալ խախտումների հիմքով:

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերի նկատմամբ սանձազերծած լայնածավալ ագրեսիայի հետևանքով 2023 թ. սեպտեմբերի 28-ին ՀՀ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչը Հայաստանի Հանրապետության անունից դիմում էր ներկայացրել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան՝ Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի շրջանակներում քննվող Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով ժամանակավոր միջոց կիրառելու մասին խնդրանքով։ Հոկտեմբերի 12-ին ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանը քննել էր Հայաստանի հայցն ընդդեմ Ադրբեջանի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել