ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը մերժել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու՝ երկիր այցելելու հրավերը։

«Ես հարգում եմ նախագահ Զելենսկիին, բայց կարծում եմ, որ այս պահին աննպատակահարմար կլինի մեկնել Ուկրաինա: Այժմ նրա հետ աշխատում է Բայդենի վարչակազմը, և ես չեմ ցանկանում շահերի բախում ստեղծել»,- ասել է նա Newsmax հեռուստաալիքին տված հայտարարության մեջ։

Ավելի վաղ Զելենսկին NBC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Թրամփին հրավիրել էր Ուկրաինա և ասել, որ 24 րոպեում նրան կբացատրի, որ Թրամփը 24 ժամում չի կարող խաղաղ կարգավորման հասնել, ինչպես որ բազմիցս հայտարարել էր իր ելույթներում։

Թրամփը բազմիցս հայտարարել է, որ 2024 թվականին Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնում ընտրվելու դեպքում 24 ժամում կկարողանա լուծել Ուկրաինայի հակամարտությունը։

«Նախկին նախագահ Թրամփն ասում է, որ 24 ժամում կարող է կարգավորել իրավիճակը և ավարտել պատերազմը: Ի՞նչ կարող եմ ասել... հրավիրում եմ նախագահ Թրամփին: Եթե նա կարողանա գալ այստեղ, ինձանից կպահանջվի 24 րոպե, այո, 24 րոպե, ոչ ավելին՝ բացատրելու նախագահ Թրամփին, որ նա չի կարող կարգավորել այս պատերազմը: Պուտինի հետ դիվանագիտությունն անհնար է, չնայած Թրամփի հակառակ պնդումներին», - ասել էր Զելենսկին NBC-ին։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել