Թանկարժեք, բայց կինոշուկայում ձախողված «Րիդդիկի ժամանակագրությունը» ֆիլմից հետո Վին Դիզելն անսպասելիորեն մեծ հաջողությամբ հանդես եկած «Ֆորսաժի» շարունակություններից մի աշխարհ փող աշխատեց, ինչից հետո Universal-ից ձեռք բերեց «Րիդդիկի» իրավունքները՝ ռեժիսորի հետ հանդերձ և ինքնուրույն ավարտեց ճաղատ սուպերհանցագործի մասին պատմող տրիլոգիան:

Фильм месяца: «Риддик» с Вином Дизелем

Րիդդիկ/Riddick
ԱՄՆ/Մեծ Բրիտանիա
Ռեժիսոր. Դեվիդ Թուի
Դերերում. Վին Դիզել, Կառլ Ուրբան

Դատելով փաստերից` հեղինակները ճիշտ հետևություններ են արել նախորդ ձախողումներից. «Րիդդիկում» ոչինչ չի հիշեցնում չափից ավելի պաթետիկ և ճիշտն ասած մի քիչ դանդալոշ նախորդ ֆիլմից: Երրորդ մասը նման է «Սև անցքին». հերոսը կրկին ուշքի է գալիս մի մոլորակի վրա, որը բնակեցված է այս անգամ էլ կարիճների ու հսկայական օղակաձև որդերի խառնուրդ հիշեցնող արյունարբու հրեշներով: Րիդդիկին հաջողվում է օգնության ազդանշան ուղարկել, ինչը, սակայն, էլ ավելի է բարդացնում իրավիճակը, որովհետև ազդանշանին արձագանքում են գլուխների որսորդներ, որոնց հետ հաշիվները պետք է մաքրել հնարավորինս արագ, քանի որ գալակտիկայի մյուս ծայրում վտանգի մեջ է հայտնվել Րիդդիկի հարազատ մոլորակը՝ Ֆուրիան: 

Հատկանշական է, որ Վին Դիզելը չի ուզում ճակատային բախման գնալ բազմաթիվ թշնամիների հետ, անգամ երբ նրա հետ է ընկերասեր այլմոլորակային շունը՝ տնկված հսկայական ականջներով: Այդ իսկ պատճառով Րիդդիկն այս ֆիլմում խորամանկությամբ իրար դեմ է հանում մոլորակը բնակեցնող հրեշներին ու իրենց որսացող ջոկատին: Դե բնականաբար ինքն էլ մասնակցում է մի քանի էպիկական ճակատամարտերի: Ասեմ նաև, որ այս կինոյում Րիդդիկը վերջապես ապացուցում է մարդկանց անողոք որսորդի իր համբավը, որի մասին նախորդ երկու ֆիլմերում միայն ակնարկվում էր: 

ԱՄՆ-ում ֆիլմը կմերկնարկի R կատեգորիայում, ինչը նշանակում է, որ դրանում լինելու է շատ արյուն, հայհոյանք և 3 վայրկյան սկանդինավյան վարձկան Դալի մերկ կուրծքն ուսումնասիրելու հնարավորություն:

Մնում է ավելացնել, որ թեև ֆիլմի վրա ծախսվել է 3 անգամ ավելի քիչ գումար, քան նախորդ ֆիլմի վրա, դրանում հատուկ էֆեկտները 5 անգամ ավելի շատ են, և առնվազն հատուկ էֆեկտների մասով այն լինելու է այս տարվա Օսկարի գլխավոր հավակնորդներից մեկը: 


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել