Քարոզչամեքենաները նրա համար են, որ սպասարկեն կոնկրետ շահեր, ու երևի թե դրանք կյանքի իրավունք ունեն: Կա պահանջարկ, առաջարկը չի ուշանում: Հայաստանում դրանց մեջ առանձնանում է Հանրային հեռուստաընկերության (Հ1) քաղաքական հաղորդումների բլոկը՝ իր հսկայական ռեսուրսներով, իր տակ դրված ահռելի միջոցներով, ի դեպ՝ պետական, հանրության գրպանից, ասել է թե՝ հարկատուների հարկերի հաշվին սնվող: Հանրային հեռուստաընկերություն կոչվող քարոզչամեքենան սպասարկում է կոնկրետ մեկ հոգու՝ Նիկոլ Փաշինյանի ու մեկ քաղաքական թիմի՝ ՔՊ-ի ու նրա արտաքին կուրատորների շահերը, ու դա անում է բավականին արդյունավետ:

Ուշագրավ է, որ Հ1-ի քաղաքական հաղորդումների ողնաշարը կազմող երկու մեկնաբանները ամեն պատեհ-անպատեհ առիթով խոսում են ֆեյքնյուզից, բայց Հանրայինի եթերով այնպիսի ֆեյքնյուզ են տարածում, որ երբեմն մթագնում են իրենց քույր ցածրորակ գործընկերներին՝ պայմանական PERFECT TV-ներին:

«Էդ հույզերը լավ են, բայց ինչ է գեներացվում: Ես հաշվել եմ, թե քանի սուտ է այս երկու օրվա ընթացքում իրավիճակը լարելու համար հորինվում: Քյոխին էսօր սպանեցին, հետո էլի վերակենդանացրեցին: Երեկ չէ առաջին օրը, երեկ խոսում էին հարյուրավոր սպանված երեխաների մասին Արցախում: Հետո պարզվեց՝ էլի տենց բան չկա: Էրդողանը Փաշինյանին ասել է, որ ինքը հարձակվելու է Ղարաբաղի վրա: Ֆեյք նյուզը տարօրինակորեն սկսեցին տարածել էդ նույն դաշտի մարդիկ»,- մեկ ամիս առաջ Թաթուլ Հակոբյանի հետ համատեղ «DIALOGE» պոդքասթի եթերում ասաց Հանրային հեռուստաընկերության մեկնաբան Պետրոս Ղազարյանը՝ հավելելով, որ այդ լուրերը տարածող մարդիկ Կրեմլի դիրեկտիվան կարդացողներն են:

Ի լրումն՝ վերջինիս գործընկերը՝ Թաթուլ Հակոբյանը, ասաց՝ դա սուտ չէ, դա ֆեյքնյուզ է: Ֆեյքնյուզի մասին խոսում է այն Թաթուլ Հակոբյանը, ով վերջին շրջանի ամենաֆեյքնյուզի հեղինակն է: Խոսքը նրա այն գրառման մասին է, ըստ որի՝ Ստեփանակերտի պարետ ադրբեջանցիների կողմից նշանակվել է Արցախի ԿԳ նախարարության աշխատակազմի ղեկավար Սարգիս Գալստյանը:

Հետո նույն Թաթուլ Հակոբյանը սկսեց տարածել, որ վերջինս Բակո Սահակյանի սանիկն է: Սարգիս Գալստյանի ընտանիքը հերքեց լուրը, սակայն այն շարունակում էր տարածվել, ու թիրախավորվում էին թե ինքը՝ Սարգիս Գալստյանը, թե Արցախի նախկին նախագահը: Ավելի ուշ Ադրբեջանը հրապարակեց Ստեփանակերտի պարետի ազգանունը՝ Սաֆարով: Ինչ-որ իրեն արդարացնող տեքստ հրապարակեց Թաթուլ Հակոբյանը ու համարեց իր պարտքը կատարած: Փորձառու լրագրողը դա հիմնավորեց նրանով, որ լսել է այդ մասին:

Նույն այդ հաղորդման ժամանակ ֆեյքնյուզի օրինակներ թվող նրա գործընկերը՝ Պետրոս Ղազարյանը, Հանրայինի եթերում ասում էր, որ մի րոպեի պատմություն է ֆեյքնյուզը ճշտելը: Փաստորեն, Թաթուլ Հակոբյանն այդ մեկ րոպեն չուներ:

Այս հաղորդումը հեռարձակվել է սեպտեմբերի 22-ին: Դրանից շուրջ մեկ ամիս անց՝ հոկտեմբերի 19-ին, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Անահիտ Մանասյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հաստատեց՝ Արցախից ՀՀ տեղափոխված բազմաթիվ կանանց ու երեխաների մարմիններ խոշտանգված կամ անդամախեղված են եղել:




«Առաջինը մարդկանց խոշտանգումների, մարմինների անդամախեղումների դեպքերի վերաբերյալ խոսել եմ անձամբ ես, որովհետև արդյունքները ձեռք եմ բերել ես փաստահավաք աշխատանքների արդյունքում: Հատուկ շեշտեմ, որ ես այս պահին թիվ չեմ հրապարակի, որովհետև ի տարբերություն նախկին գործընթացների, երբ շատ մեծ էր տեղեկատվությունը, աղբյուրները, հասանելիությունը, այս պահին մենք ունենք կոնկրետ իրավախախտումների շատ ավելի քիչ լուսաբանում, բայց շատ հնարավոր է, որ դրանց թիվը շատ ավելի մեծ լինի, և պետք է ամեն ինչ անենք, որ կարողանանք բոլոր դեպքերը բացահայտել»,- ասաց Անահիտ Մանասյանը:

Ինչ վերաբերում է վատ վերաբերմունքի բոլոր ձևերին, խոշտանգումներին, Պաշտպանը հատուկ արձանագրեց, որ ՄԻՊ-ի՝ անգլերեն լեզվով ներկայացրած զեկույցը՝ որպես հիմնական ապացույց, օգտագործվել է Հաագայի դատարանում ՀՀ միջազգային իրավական ներկայացուցչի կողմից:

«Հիմնական արձանագրումները հետևյալն են: Կան Լեռնային Ղարաբաղից ՀՀ տեղափոխված բազմաթիվ մարմիններ, այդ թվում՝ քաղաքացիական անձանց, որոնց վրա առկա են խոշտանգումների և/կամ անդամախեղումների նշաններ: Սա վկայում է այն մասին, որ այս անձինք, բնականաբար, ենթարկվել են իմ կողմից հիշատակված վերաբերմունքի կոնկրետ տեսակներին: Ընդ որում, նրանց թվում կան երեխաներ, կանայք: Սա շատ կարևոր շեշտադրում է, որովհետև կրկնեմ, ՄԻՊ-ը սա ոչ միայն բանավոր է ներկայացրել բոլոր դեսպաններին ու միջազգային կազմակերպություններին, ում հետ հանդիպում եմ ունեցել, այլև անգլերենով հրապարակված անգլերեն զեկույց կա, որը ունի նաև փակ հատված՝ հաշվի առնելով անձնական տվյալների հարցերը»,- ասաց Անահիտ Մանասյանը:

ՀՀ ՄԻՊ-ը նշեց, որ խոսքը մի քանի տասնյակ մարմինների մասին է, բայց ինքը վստահ չէ, որ այդ թիվը չի ավելանա:

Ավելին, երեկ ՄԻՊ-ը նույն Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում պնդել է ավելի վաղ իր ասածը Արցախում սեպտեմբերի 19-20-ին ադրբեջանցիների կողմից կատարված մարդկանց խոշտանգումների ու անդամախեղումների վերաբերյալ:

«Այդ մարդկանց մեծ մասը նույնականացված է, և սա շատ կարևոր է, որովհետև ըստ էության մենք խոսում ենք ոչ թե վերացական, այլ կոնկրետ դեպքերի մասին»,- ասել է Պաշտպանը:

Ըստ նրա՝ անձամբ Արցախից բռնի տեղահանվածների հետ հարցազրույցների միջոցով են կարողացել խորհրդապահական տեղեկություններ ստանալ անմարդկային դեպքերի մասին, որոնք նաև ստուգվել են:

«Այո՛, վայրագությունները շատ լուրջ են եղել: Օրինակ՝ դիակ է առկա, որի ականջներն են կտրված, երեխա, որի ձեռքն է կտրված և դրա տեղը փայտ է մտցված: Առկա է կնոջ դիակ՝ բռնության առերևույթ նշաններով, և բազմաթիվ այլ դեպքեր»,- ասել է Անահիտ Մանասյանը:

Նա կրկին շեշտել է՝ ադրբեջանական վայրագությունների պատկերն այս պահին ամբողջական չէ, և շատ հնարավոր է, որ դեպքերի թիվը շատ ավելի մեծ լինի, քանի որ Արցախ գնալու ու տեղում փաստահավաք աշխատանքներ իրականացնելու հասանելիություն չկա:

Ի հավելումն՝ Արցախից բռնի տեղահանված մարդիկ իրենք են պատմում այն մասին, որ ադրբեջանցիները երեխաներին խոշտանգել են:

«Աղջիկներին բռնաբարել են գյուղերում, երեխեքին տանջել են։ Ես չեմ տեսել, բայց մարդիկ են պատմում։ Մեծ կին կար Մարտակերտի գյուղերից մեկում։ Ամսի 18-ին էդ կնոջը ադրբեջանցիները բռնեցին, տարան իրենց պոստ, ծեծեցին, ասեցին՝ թոռ, կամ տղա ունե՞ս, որ ծառայում է։ Կինն ասել է՝ ոչ, չունեմ։ Հետո զանգել են իրենց հրամանատարին, հարցրել են՝ ի՞նչ անենք։ Հրամանատարն էլ ասել է, եթե չունի ծառայող երեխա, թողեք գնա, բայց եթե զինվոր տեսնեք, ջահել տղա, մորթեք։ Էդ կինը գիտեր թուրքերեն, ինքն է հետո պատմել։ Էդպես էլ անում էին»,- երեկ գրել էր forrights.am կայքը, որին Պետրոս Ղազարյանն անգամ մեծ ցանկության դեպքում չի կարող անվանել Կրեմլի դիրեկտիվան կարդացող:

Այնպես որ, «գողն առաջինն է գոռում՝ բռնեք գողին» ասացվածքի մեկնաբանությունն այս առիթով թողնում ենք ընթերցողին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել