Աշունն սկսվեց գների հերթական թանկացմամբ. այս անգամ հավկիթների գներն էին «չերեզչուր» կատաղել: Եթե 1-2 ամիս առաջ Վանաձորի խանութներում «աչքին սովոր» մակարդակը 55 -60դրամն էր (ինչը կրկնակի անգամ արդեն իսկ թանկ էր նախորդ տարվա գներից), ապա սեպտեմբերի սկզբից այն հասել է 70-80 դրամի՝ փորձելով հասնել եւ անցնել այսպես կոչված «տնական ձվերի» մակարդակին: Ու հիմա «տնական» հավկիթները «փիքր են անում». էլի՞ բարձրանան, թե՞ հաշտվեն այն մտքի հետ, որ արդեն իրենց հետ հավասար պետք է քայլեն պետական ձվերը: 1-2 շաբաթ առաջ ՏՄՊՊՀ-ն որոշեց իբր թե վերահսկել այս ոլորտը, բայց տնտեսվարողներից բացատրություն պահանջեց ոչ թե 65-70 դրամով վաճառելու, այլ... «4 դրամով գինը բարձրացնելու» համար: Մինչդեռ 1 տարվա ընթացքում հավկիթի գներն աճել են կրկնակի: Դե եթե ՏՄՊՊՀ նախագահը, ըստ մամուլի մի հրապարակման, 720 հազար դրամ աշխատավարձ է ստանում, նրա ի՞նչ հոգսն է, թե 1 հավկիթի գինը հավասար է 1կգ կարտոֆիլի: Ի դեպ, սա բավականին «ռիսկային» համեմատություն կարելի է համարել, քանի որ ամեն անգամ, երբ հիշեցնում ենք, որ 1հավկիթի գինը հավասարվել է 1կգ կարտոֆիլի նվազագույն գնին, շուկայական մաֆիան տեղնուտեղը «կորտոլի» հարցերը լուծում է՝ գինը բարձրացնելով: Դա դեռ բավական չէ, հաճախ էլ առեւտրի ոչ միայն բացօթյա կետերում, այլեւ՝ խանութներում կարելի է հանդիպել հակահիգիենիկ տեսքով հավկիթների: Երբ Վանաձորի բացօթյա առեւտրի կետերից մեկում մի տարեց կին՝ ալեհեր մազերով, փորձեց այդ առնչությամբ դժգոհություն հայտնել վաճառողին, վերջինս, գյումրեցու ասած` «լաբառոշ բերանի» սանձերն արձակեց ու հարձակվեց իր մոր տարիքի կնոջ վրա. «Վայ քո տունը շինվի, հորդ տանը ծրտոտ ձու չե՞ս տեսել: Էս ժողովուրդը որ սենց քթիմազություն չի անըմ...»: Ի դեպ, նույն վաճառողը մի առիթով էլ հարձակվեց ձեթի սպառման ժամկետը շշի վրա կարդալ փորձող կնոջ վրա. «Ամեն պարը պարեցինք, մնաց` սարի սմբուլը»: Ահա եւ ձեզ սպառողի իրավունքների պաշտպանության տեղական մակարդակ՝ «գեղական կարգով»: Ինչ վերաբերում է հավկիթների գների հերթական բարձրացմանը, ապա ենթադրվում է, թե այն պայմանավորված է արտահանման ծավալների մեծացմամբ: Համենայն դեպս, սեպտեմբերի 9-ին Հ1-ի «Ինդեքսը» տեղեկացնում էր, որ տեղական հավկիթներն արտահանվում են: Իսկ այն, ինչ արտահանվում է, ու դրսում «լավ գին են տալիս», նպաստում է շուկայում դրա գնի բարձրացմանը: Ակամա հիշում ենք «Ոսկե ցլիկը» հայկական ֆիլմը, երբ կոլխոզի նախագահ Նաջարյանն իր գյուղի պարծանք ցլիկին նվիրեց իր խնամու ֆերմային, իսկ համագյուղացիներից մի կին դժգոհեց. «Մենք շատ ունե՞նք, որ ուրիշին ես տալիս»: Հետաքրքիր է, եթե ամռան-աշնան ամիսներին են 70-80 դրամով ձու վաճառում, ապա ի՞նչ կլինի ձմռանն ու Ամանորի շեմին: Օրերս իշխանամետ ուժերից մեկը պնդում էր, թե Եվրասիական միության մեջ մտնելու պայմաններում Հայաստանում գները կնվազեն: Հնարավոր է, մի քանի ամիս ժողովրդին մի լավ «քերթելուց» հետո հավկիթների գները փոքր-ինչ իջեցնեն՝ սուպերթանկից կայունացնելով «աչքին սովոր» թանկի վրա ու ասեն, թե «Տեսա՞ք, Մաքսային միության մեջ մտանք, գներն իջնում են»:
Նյութի աղբյուր՝ http://azatankakh.blogspot.com/2013/09/blog-post_12.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել