Ամերիկյան PBS հեռուստաընկերության հայտնի լրագրող Չարլի Ռոուզը ծավալուն հարցազրույց է վերցրել Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադից: Մոտ մեկ ժամ տևած հարցազրույցում Ասադը պատասխանել է մի շարք շատ սուր հարցերի, և կարելի է ասել, որ վերջին երկու տարիների մեջ սա այն եզակի դեպքերից է, երբ արևմտյան ու հատկապես ամերիկյան լսարանին հնարավորություն ընձեռվեց վերջապես լսելու նաև մյուս կողմի կարծիքը:
Եվ այսպես, հարցազրույցի սկզբում խոսվում էր ԱՄՆ-ի և իր դաշնակիցների կողմից հնարավոր հարվածների մասին: Անդրադառնալով այս թեմային` Ասադը մասնավորապես նշել է, որ նման վտանգ կա, և նման վտանգը բխում է ոչ միայն Օբամայի ադմինիստրացիայից, այլև կշարունակի մնալ ցանկացած ադմինիստրացիայի պարագայում, քանի որ խնդիրը ոչ թե Օբամայի ու իր ադմինիստրացիայի մեջ է, այլ ԱՄՆ-ի որդեգրած հայեցակարգի ու միջազգային իրավունքի և նորմերի ոտնահարման:
Ասադը նշել է, որ Սիրիան արդեն 2.5 տարի է` գտնվում է պատերազմական վիճակում ու պատրաստ է ցանկացած տիպի զարգացումների, բայց նա վստահ է, որ ինչ-որ քայլեր ձեռնարկելուց առաջ ԱՄՆ-ը հստակ պետք է գիտակցի, որ նոր պատերազմը Սիրիայում կբերի տարածաշրջանային պայթյունի ու անխուսափելի և անկառավարելի հետևանքներ կծնի բոլորի համար:
Բացի դրանից, Ասադը վստահություն է հայտնել, որ անկախ նրանից, թե ինչ պատճառաբանություններ կբերվեն հնարավոր հարվածի դեպքում, եթե ԱՄՆ-ը, այնուամենայնիվ, որոշի գնալ այդ քայլին, դա կլինի ոչ այլ ինչ, քան աջակցություն Ալ Ղաիդային ու միջազգային ահաբեկչական այլ խմբավորումներին, որոնք հիմա ակտիվորեն ներգրավված են Սիրիայի քաղաքացիական պատերազմում: Զարգացնելով իր միտքը` Ասադը իր վստահությունն է հայտնել, որ նման պատերազմը չի բխում ամերիկացիների շահերից, որովհետև ստացվում է, որ ԱՄՆ-ը կամա, թե ակամա կաջակցի այն ուժերին, որոնք սպանում են ամերիկացիների, այդ թվում նաև սեպտեմբերի 11-ին:
Այնուհետև լրագրողը անդրադարձավ առհասարակ քիմիական զենքի հարցին ու մասնավորապես օգոստոսի 21-ի քիմիական գրոհին: Ասադը շատ զգույշ ու բալանսավորված էր պատասխանում այս հարցերին` անընդհատ շեշտելով, որ Սիրիան երբեք չի քննարկել իր քիմիական զենք ունենալ-չունենալու հարցը, և նա ոչ հերքում է, ոչ էլ հաստատում է, որ Սիրիան տիրապետում է զանգվածային խոցման զենքերի:
Այնուամենայնիվ, Ասադը նշել է, որ Սիրիան դեմ է զանգվածային խոցման զենքի կիրառմանը ցանկացած պարագայում, իսկ Սիրիան չի միացել ԶԽԶ չտարածման մասին համաձայնագրին, որովհետև Սիրիայի հողերը մինչ օրս օկուպացիայի մեջ պահող Իսրայելն էլ չի միացել դրան և տիրապետում է ԶԽԶ իր պաշարներին:
Շարունակելով քիմիական զենքի մասին իր խոսքը և անդրադառնալով ԱՄՆ-ի հնչեցրած մեղադրանքներին` Ասադն անցավ հակահարձակման և սկսեց պարբերաբար մատնանշել այն հանգամանքների վրա, որ թեև ԱՄՆ-ը բազմիցս հայտարարել է, որ տիրապետում է փաստերի, բայց այդպես էլ բացի մերկապարանոց մեղադրանքներից, համոզմունքներից ու կողմնակի փաստերից, ոչինչ չի ներկայացրել, ինչպես նաև նրա վրա, որ Իրաքի դեպքում էլ խոսում էին անհերքելի փաստերի մասին և սրվակներ էին թափ տալիս, մինչդեռ պարզվեց, որ այդ ամենը կեղծված էր և սխալ տեղեկատվություն:
Խոսելով օգոստոսի 21-ի ողբերգության մասին` Ասադը կրկին շատ զգույշ էր: Նախ նա սկսեց խոսել այն մասին, որ քիմիական գրոհներ տեղ գտել էին դեռ ավելի վաղ՝ ընդդեմ իր զորքերի, ինչը սակայն կարծես չէր էլ հետաքրքրում լրագրողին ողջ հարցազրույցի ընթացքում, և նա հմտորեն շրջանցում էր այդ թեման՝ սևեռվելով կոնկրետ Գուտայի ողբերգության վրա: Գուտայի մասով Ասադը հայտարարեց, որ նախ պարզ չի, թե կոնկրետ Գուտայում ինչ է տեղի ունեցել: Պարզ չէ, թե կոնկրետ որ մասում է քիմիական զենք կիրառվել և կիրառվե՞լ է արդյոք, որովհետև հնարավոր է տեղ գտած լինի քիմիական զենքի պահեստի պայթյուն:
Ամեն դեպքում Ասադը վստահեցրեց, որ կառավարական զորքերը չեն կիրառել քիմիական զենք: Ավելին, Ասադը հայտնեց, որ քիմիական գրոհի արդյունքում տուժել են նաև բազմաթիվ զինվորներ, որոնք այժմ էլ գտնվում են հիվանդանոցներում, և շարունակելով հայտարարեց, որ ընդհանրապես անտրամաբանական կլիներ իր կողմից քիմիական զենքի կիրառության հրաման տալ՝ իր առաջացող զորքերի գործողությունների գոտում, այն էլ, երբ հաջողությունը իր կողմն էր: Միևնույն ժամանակ նա բացառեց, որ բանակի առանձին ստորաբաժանումներ ու հրամանատարներ իրենց հայեցողությամբ նման որոշում ընդունեին` հատուկ նշելով, որ սա տեսականորեն է ասում՝ «Եթե Սիրիան քիմիական զենք ունենար» տրամաբանության վրա հիմնվելով:
Անդրադառնալով իրենց տրամադրության տակ եղած փաստերին` նա նախ հերքեց լրագրողի այն դիրքորոշումը, որ քիմիական զենք ունենալը խիստ բարդ բան է, ինչպես նաև այն կիրառելը: Սիրիայի նախագահը հայտարարեց, որ կոնկրետ զարին գազն այնքան պրիմիտիվ է, որ այն կարելի է ստանալ անգամ տնային պայմաններում, իսկ այսօր համացանցը ողողված է տեսանյութերով, թե ինչպես են ահաբեկիչները իրենց լաբորատորիաներում քիմիական զենք պատրաստում, փորձարկում այն կենդանիների վրա ու հայտարարում, որ այն կիրառելու են բանակի դեմ, ինչպես նաև տեսանյութ կա, թե ինչպես են նրանք հրթիռների գլխիկներից ցիստերններ ամրացնում և արձակում դրանք, սակայն այս թեման ևս հմտորեն կոծկվեց լրագրողի կողմից:
Այնուհետև խոսքը գնաց Օբամայի վերջնագրի մասին, ով հայտարարել էր, որ քիմիական զենքի կիրառությունը կլինի այն «կարմիր գիծը», որից հետո ԱՄն-ը կդիմի ռազմական միջամտության: Անդրադառնալով այս հայտարարությանը` Ասադը նշել է, որ Օբաման կարմիր գծեր կարող է քաշել իր և իր երկրի համար, բայց ոչ Սիրիայի: Սիրիան միջազգային իրավունքի սուբյեկտ է և նման հարցերում իրավասություններ ունի միայն ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը:
Ամեն դեպքում, Սիրիան կանի ամեն ինչ, որպեսզի թույլ չտա այդ խելահեղ պատերազմը, որն անխուսափելիրոեն կբերի տարածաշրջանային խոշոր պատերազմի, վստահեցրել է Ասադը: Ամեն դեպքում ճգնաժամը լուծում է պահանջում, և այն կլուծվի ավելի շուտ, եթե արտաքին ուժերը դադարեն աջակցել Սիրիայում գործող ահաբեկիչներին, որոնք, Ասադի համոզմամբ, մեծամասնություն են կազմում այսպես կոչված ապստամբների շարքերում:
Լրագրողի այն հակադարձմանը, թե միջազգային հանրության կողմից նրանք ընկալվում են որպես ընդդիմադիրներ, իսկ արտաքին օգնություն ստանում է նաև Ասադը՝ Ռուսաստանի, Իրանի և Հզբոլլայի կողմից, Ասադը պատասխանեց, որ նախ այժմ Սիրիայում բանակի դեմ զենքով կռվողներին ընդդիմադիր անվանելը նույնն է, ինչ սեպտեմբերի 11-ին ինքնաթիռ առևանգած ահաբեկիչներին ընդդիմադիրներ անվանելը, առավել ևս, որ նրանցից մեկը ԱՄՆ-ի քաղաքացի է եղել: Սիրիայում մարտնչում են մեծամասամբ Ալ Ղաիդայի ու այլ ահաբեկչական խմբավորումների անդամներ, որոնք բազմազգ են և անկախ ազգությունից՝ ահաբեկիչ են:
Բացի դրանից` Ասադը բացառեց, որ իր կողմից մարտնչում են իրանական զինվորներ կամ Հզբոլլայի մարտիկներ, իսկ այն ուժերը, որոնք կանգնած էիին Սիրիայում Արաբական գարնան ակունքներում, այժմ մարտնչում են հենց նույն ահաբեկիչների դեմ՝ սիրիական իշխանությունների կողքին: Ասադը հայտարարեց, որ եթե չլինի անդադար սնուցումը Սաուդյան Արաբիայից, Արևմուտքից ու Թուրքիայից, ապա շատ կարճ ժամանակում կոնֆլիկտը կհանգուցալուծվի, և այսօր արդեն Սիրիայի իշխանությունները հայտարարում են, որ պատրաստ են բանակցել ու խաղաղություն հաստատել հակամարտող կողմերից յուրաքանչյուրի հետ, և միակ նախապայմանը այդ խմբավորումների զինաթափումն է:
Լրագրողը փորձեց ներկայացնել «միջազգային հանրության կարծիքը», համաձայն որի` Ասադը հենվում է միայն ալավիական հատվածի աջակցության վրա ու իր ժողովրդին, որի մեծամասնությունը սուննի մահմեդականներ են կազմում, ճնշում է բռնի ուժով, և եթե տարիներ առաջ նա ընկալվում էր որպես հույս ներշնչող առաջնորդ, ապա այժմ ընկալվում է որպես բիրտ մսագործ:
Պետք է խոստովանել, որ Ասադը փայլուն դուրս եկավ այս իրավիճակից և պատասխանեց, որ ինքը սուպերմեն չէ, որպեսզի կարողանար բռնի ուժով ու առանց ներքին աջակցություն վայելելու դիմակայել 2.5 տարի: Նա հայտարարեց, որ իրեն աջակցում է Սիրիայի ժողովրդի մեծամասնությունը, դրա համար էլ արդեն երկու տարի է` ահաբեկիչներին չի հաջողվում գահընկեց անել իրեն ու գրավել ողջ Սիրիան:
Ավելին, Ասադը նշեց, որ իրեն ճգնաժամի առաջին օրվանից երաշխավորել են անվտանգություն ու քրեական հետապնդման բացառում, ինչպես նաև մեծ փողեր, բայց ի սկզբանե իր համար այդ ընտրությունը չի եղել, որովհետև նա դա դավաճանություն է համարում սեփական ժողովրդի հանդեպ: Ասադը հիշեցրեց Եգիպտոսի ու Թունիսի օրինակը, երբ իշխող ռեժիմներն ունեին Արևմուտքի աջակցությունը կամ առնվազն չունեին այնպիսի սուր ընդդիմություն դրսից, բայց նրանք ընդամենը 3 շաբաթ կարողացան դիմանալ ցնցումներին:
Շարունակելով, Ասադը նշեց, որ ԱՄՆ-ը միշտ ձախողել է իր մղած պատերազմները քաղաքական իմաստով, որովհետև միշտ հենվել է սխալ տեղեկատվության վրա ու պատկերացումների: Անդրադառնալով հուսադրող առաջնորդ ու արյունոտ մսագործ լիելուն` Ասադը նշել է, որ ինքը պետք է լինի հուսադրող առաջին հերթին Սիրիայի ու իր ժողովրդի համար, այլ ոչ թե Սիրիային մանիպուլացնել ցանկացող երկրների ու ուժերի համար, ուստի, եթե լավ նախագահ ու լավ առաջնորդ լինելը նշանակում է թույլ տալ, որպեսզի քո երկիրն էլ ավելի ավիրեն ահաբեկիչներն ու թշնամիները, իսկ քո ազգին կոտորեն առանց որևիցե դիմադրության, ապա այո՛, ինքը վատ նախագահ է, բայց ինքը մինչև վերջ կպայքարի իր երկրի ազատության համար ու կպաշտպանի իր ժողովրդին:



