1in.am-ը գրում է.
Մեծ Բրիտանիան շարունակում է կողմ մնալ պաղեստինա-իսրայելական հակամարտության երկկողմ լուծմանը և օրինական չի համարում Արևելյան Երուսաղեմում և Հորդանան գետի Արևմտյան ափին հրեական բնակավայրերի շինությունը: Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը Պաղեստինի ղեկավար Մահմուդ Աբասի հետ բանակցություններում:
«Մեծ Բրիտանիան վճռական կերպով աջակցում է անվտանգ սահմաններ ունենալու և հարևանների հետ խաղաղ համագոյակցելու Իսրայելի իրավունքը: Ինչ վերաբերում է հրեական պետության՝ բնակավայրերի շինության ակտիվությանը, մենք շարունակում ենք հակված մնալ նախկինում հայտարարած դիրքորոշմանը: Այն է՝ մենք օրինական չենք համարում այդ գործունեությունը և չենք աջակցում դրան»,- ասել է վարչապետը:
Միևնույն ժամանակ Քեմերոնը բարձր է գնահատել Իսրայելի և Պաղեստինի առաջնորդների՝ ուղիղ բանակցությունների վերսկսմանն ուղղված ջանքերը՝ ընդգծելով այս խորհրդակցությունների շարունակության կարևորությունը՝ չնայած հարևանների հարաբերություններում պահպանվող լարվածությանը:
Աբասն իր հերթին շնորհակալություն է հայտնել Քեմերոնին մերձավորարևելյան խաղաղ գործընթացին մասնակցելու համար և հույս է հայտնել, որ պաղեստինա-իսրայելական ուղիղ բանակցությունները կշարունակվեն: