Ես կարծում եմ, որ ամեն մի ազատամարտիկ ոնց որ հայելի լինի, որ մեջը տեսնես քո դեմքը, պետության դեմքը:
Ու այո՛, մենք չենք սովորել առանց մուննաթի կանգնել էն մարդու կողքը, որը իր ամենաթանկ բանն է կորցրել` առողջությունը, որ դու հանգիստ քնես:
Ու հա, դու էսօր հանգիստ քնում ես, իսկ իրենք մուրացկանի նման դռնեդուռ են ընկել, հաց են մուրում, դեղեր են մուրում, իրենց հասանելիք գրոշներ` թոշակն են մուրում... Ու մեծ հաշվով հլա որ չեն կարողացել մուրալ:
Ու գրպանները ծակ, սոված ընտանիքը ետևից գցած` Գյումրուց Վանաձոր են գալիս, որ մի էպիկրիզ տանեն:
Ւսկ մեզնից շատերը, պետության փողերը քամուն տալով, պետական մեքենաներով օրը 24 ժամ ֆռֆռում ենք Հայաստանով մեր ժողովրդի հաշվին... Ու գիշերել են կայարանում` երեխու ու հղի կնոջ հետ: Մոտը գումար չկար, որ վճարեր տրանսպորտի համար: Ասեց` անձնագիրս կթողնեմ վարորդի մոտ, հետո մի գործ կկպնի, կաշխատեմ, կտամ... 1 000 կամ 2 000 դրամի մասին էր խոսքը:
Հիմա կասեք` է թող ունենային....թող չգիշերեին...
Դե հիմա...
Կինը հղի է ու գուցե Հայրենիքի համար մի զինվոր է ունենալու: Հոր նման համեստ, քաջ ու պատրաստակամ, որ գնա սահմանը պաշտպանի:
Ես ուզում եմ, որ էս կինը հայ կնոջը վայել գնա ծննդատուն: Ոչ թե տկլոր, չփլաղ ու ծակ գրպանով: Որ կարողանա էն ամենաքիչը հետը տանի` էնտեղ չմուրա ուրիշներից: Ասենք պամպերս, նորածնի պարագաներ... Ինչո՞ւ չէ` սնունդ... Ու չգիտես ինչու կուզենայի, որ ինքն էլ վայելեր էն հաճույքը, երբ հղի կինը անցնում է խանութներով ու իր փոքրիկի համար նախօրոք գնում, ինչ կարող է, բերում, նախօրոք լվանում, պատրաստում...
Բարերարներ, էս կինը ասում է` ինձ ոչինչ պետք չի: Բայց ես հո գիտեմ, որ պետք է: Կանգնեք կողքները, ոնց ժամանակին իրենց ամուսիններն են կանգնել ձեր ընտանիքի կողքը: Տղամարդավարի կանգնեք: Առանց հետ ու առաջ անելու, առանց պայմաններ թելադրելու... Տղամարդավարի:
Անծանոթ տղերք, Ծովինար ջան, ես ոչ մեկիդ չեմ ճանաչում, բայց սիրեցի ձեզ բոլորիդ: Արագ կերպով եկան, տուն վարձեցին, գումարը վճարեցին, էս մարդկանց տեղավորեցին ու գնացին: Առանց նկարվելու, առանց տարածելու: Հոգով ու սրտով: Աստված էլ ձեզ հասնի:
Հույս ունեմ, որ պետությունն էլ իր հասանելիք պարտքը կտա` առանց ցավեցնելու ու ստորացնելու:
Էսօր կա ժամանակավոր տանիք իրենց գլխին, ու հիմա էլ լույսը չի միացրած: Ասում է` լույսը ի՞նչ ենք անում, կքնենք` բարի լուսը բացվի...
Այ էս տղու մասին է խոսքը: Հղում
Նյութի աղբյուր՝ http://anushanahit.livejournal.com/708382.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել