ՄԱԿ-ի առաքելությունն այսօր այցելել է Ստեփանակերտ, որտեղ հանդիպել է բնակիչների ու համայնքների ներկայացուցիչների հետ և տեղում ծանոթացել առողջապահության և կրթության ոլորտներում տիրող իրավիճակին։

Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։

Նրա խոսքով՝ քաղաքի՝ իրենց թիմի այցելած հատվածներում քաղաքացիական ենթակառուցվածքներին, այդ թվում՝ հիվանդանոցներին, դպրոցներին և բնակելի տներին, ինչպես նաև մշակութային և կրոնական ենթակառուցվածքներին հասցված վնասներ չեն արձանագրվել: Չեն արձանագրվել նաև գյուղատնտեսական ենթակառուցվածքների ոչնչացման ու կենդանիների սպանդի դեպքեր։

Դյուժարիկը նաև հավելել է, որ ՄԱԿ-ի թիմը տեղական համայնքների ներկայացուցիչներից լսել է, որ ներկա պահին Լեռնային Ղարաբաղում կարող է 50-1000 էթնիկ հայ մնացած լինել։ Նրա խոսքով՝ իրենց գործընկերներին զարմացրել է այն հապճեպությունը, որով տեղի բնակիչները լքել են իրենց տները։

Միևնույն ժամանակ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչը շեշտել է, որ տեղի բնակչիները կամ այլ անձինք պատվիրակությանը վերջին հրադադարից հետո խաղաղ բնակչության նկատմամբ բռնություն կիրառելու վկայություններ չեն ներկայացրել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել