Հոկտեմբերի 2-ին Մասկատում տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Օմանի Սուլթանության արտաքին գործերի նախարարությունների միջև՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի և Օմանի ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Շեյխ Խալիֆա Ալ-Հարիսի գլխավորությամբ:
Քաղաքական խորհրդակցությունների ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել երկկողմ և բազմակողմ հարթակներում համագործակցության շուրջ, կարևորել երկու երկրների միջև տնտեսական համագործակցության խթանումը: Երկուստեք ընդգծվել է վերականգնվող էներգիայի, տեղեկատվական տեխնոլոգիաների, արհեստական բանականության, առողջապահության ոլորտներում, ինչպես նաև գյուղատնտեսության և զբոսաշրջության բնագավառներում համագործակցության կարևորությունը:
ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը Օմանի իր գործընկերոջն է ներկայացրել ադրբեջանական հարձակման արդյունքում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի զանգվածային բռնի տեղահանման հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամային իրավիճակը։
Այցի ընթացքում ԱԳ նախարարի տեղակալը հանդիպում է ունեցել նաև Օմանի առևտրի, արդյունաբերության և ներդրումների առաջմղման նախարարի տեղակալ Իբթիսամ Ահմեդ Սաիդ ալ-Ֆարուջիի հետ: Հայկական պատվիրակությունը ճանաչողական այց է կատարել «Ինվեսթ Օման» ցուցասրահ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/MFA.Armenia/posts/pfbid0LENg2Zq3qgwwunL2FhHv7pp5yUPRmbCiiJ1CuPgKZQn5VF4AKuae1PLKFEE3d1h1l
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել