Բացի դերասաններից, երաժիշտներից, քաղաքական գործիչներից և խոշոր գործարարներից, կա մարդկանց մի խումբ, որի ներկայացուցիչները ևս հայտնի են դարձել և մտել են պատմության մեջ, բայց նրա համար, որ ավիրել են ու սպանել: Նրանց անունները հայտնի են միլիոնների, չնայած նրան, որ վերջին բանը, որ նրանք ցանկացել են ունենալ, դա մարդկային սերն ու պատկառանքն էր: Այս անգամ Ձեզ կներկայացնեմ պատմության 10 ամենահայտնի ահաբեկիչներին:
1. Հերոստրատ 
Ծագումով հույն Հերոստրատը փոքրասիական Էֆես քաղաքից էր և պատմության մեջ մտավ, երբ Ք.ա. 366 թվականին հրդեհեց աշխարհի 7 հրաշալիքներից մեկը՝ Էֆեսյան Արտեմիսի տաճարը: Կտտանքների ժամանակ նա խոստովանել է, որ դա արել է, որպեսզի իր անունը հասնի սերունդներին: Չնայած էֆեսցիները որոշել էին ի պատիժ չարագործի այլևս չհիշատակել նրա անունը, Հերոստրատի մասին իր աշխատություններում գրել է Թեոպոմպոսը: Ըստ ավանդության` Արտեմիսի տաճարի հրդեհման գիշերն է ծնվել Ալեքսանդր Մակեդոնացին:
Քանզի Հերոստրատն ապրում էր վաղ ժամանակներում և չէր կարող իմանալ, որ ահաբեկչությունը մոտիվավորված բռնություն է՝ քաղաքական նպատակներով, նա ոչ մի քաղաքական նպատակ էլ չէր հետապնդում, այլ ընդտրել էր պարզ ու հեշտ տարբերակ՝ հավերժանալ դարերում: Պետք է խոստովանել, որ տաճարի ոչնչացումը բավականին արդյունավետ մեթոդ էր այս հարցում: Իհարկե, Հերոստրատին ահաբեկիչ կարելի է համարել մեծ վերապահումով, բայց հենց նա էր, ով առաջինն ապացուցեց, որ ուզածին կարելի է հասնել նաև նման պարզունակ ու բռնի մեթոդով:
2. Շնագայլ Կառլոս (Իլյիչ Ռամիրես Սանչես)
Շնագայլ Կառլոսը «հեղափոխական ահաբեկիչ էր», ով 1970-80 թվականներին մի շարք նշանակալից ահաբեկչական գործողություններ իրականացրեց: Կառլոսը ծնվել է Վենեսուելայում 1949 թվականին՝ հարուստ փաստաբանի ընտանիքում, ով, չնայած իր կարողությանը, այնքան էր տարված ձախ գաղափարախոսությամբ, որ իր երեք որդիներին կոչեց համապատասխանաբար Վլադիմիր, Իլյիչ, Լենին:
1968-1969 թվականներին Իլյիչը սովորում էր Մոսկվայի Պատրիս Լումումբայի անվան Ազգերի բարեկամության համալսարանում: 70-ականների սկզբին նա դարձավ Պաղեստինի ազատագրման ազգային ճակատի առաջամարտիկ: Կառլոսի ամենահաջող գործողությունը տեղի ունեցավ 1975 թվականին, երբ նրան հաջողվեց գերի վերցնել ՕՊԵԿ անդամ երկրների նավթաարդյունաբերության 68 նախարարների: 1970-ականների վերջերին Կառլոսը մի քանի ապաստաններ փոխեց տարբեր արաբական երկրներում, 1979-1984 թվականներին նա թաքնվում էր Հունգարիայում և զբաղվում էր զենքի առևտրով, իսկ 80-ականների վերջում դադարեցրեց ակտիվ ահաբեկչական գործունեությունը:
Սոցիալիստական ճամբարի անկումից և ահաբեկչական պայքարից ձեռք քաշելու արաբների որոշումից հետո Կառլոսը սկսեց խանգարել իր նախկին ընկերներին: 1994 թվականի օգոստոսին Սուդանի իշխանությունները նրան հանձնեցին Ֆրանսիային, իսկ 1997 թվականին Կառլոսին ցմահ ազատազրկման դատապարտեցին՝ 2 գաղտնի գործակալի և մեկ լիբանանցու սպանության համար, որը նա արել էր 1975 թվականին: Դատավարության ժամանակ Կառլոսն իրեն «պրոֆեսիոնալ հեղափոխական» հայտարարեց: Այս ամենից զատ` Ւլյիչը միշտ ուժեղ տպավորություն էր թողնում կանանց վրա, ինչից միշտ էլ օգտվում էր:
3. Ուսամա Բեն Լադեն

Ժամանակակից պատմության խոշորագույն ահաբեկիչն անկասկած Ուսամա Բեն Լադենն է, ով, բացի ահաբեկիչ լինելուց, նաև միջազգային իսլամական ահաբեկչության հիմնական հովանավորն ու դոնորն էր: Նրա ահաբեկչական գործունեության գագաթնակետը Քենիայում և Թանզանիայում ԱՄՆ դեսպանատների պայթյուններն են, ինչպես նաև Սեպտեմբերի 11-ը, որը ևս իրեն են վերագրում:
Ուսաման ծնվել է 1957 թվականին Սաուդյան Արաբիայի Ջիդա քաղաքում: Նա ծնվել է հարուստ գործարարի ընտանիքում, որտեղ 52 որդիներից 17-րդն էր: Ուսաման ամուսնացած էր, ուներ 4 կին: Նա մասնակցել է Աֆղանական պատերազմին, որտեղ կռվում էր խորհրդային բանակի դեմ: Այդ տարիներին, նա Պակիստանում հիմնեց «Փրկության իսլամական հիմնադրամ» և «Հետևորդների տուն» կազմակերպությունները, որոնք զբաղվում էին մոջահեդների և գրոհայինների ներգրավումով և ֆինանսավորումով:
Մինչ 1996 թվականը Ուսաման թաքնվում էր Սուդանում, որտեղից նրան արտաքսեցին՝ ԱՄՆ-ի ճնշման ներքո: Սուդանից նա փախավ Աֆղանստան, որտեղ ևս մեկ կնոջ հետ ամուսնացավ, և նրա հետքերը գրեթե կորել էին, երբ 2011 թվականին հայտարարվեց նրա ոչնչացման մասին:
4. Ամիր ալ-Հաթթաբ

Արաբական ծագումով այս ահաբեկիչը ճանաչում վաստակեց չեչենական պատերազմների ժամանակ: Հաթթաբի ծննդյան հստակ տարեթիվը հայտնի չէ, շրջանառվում են երեք հավանական տարբերակներ՝ 1963, 1965, 1970 թվականները: Տեղեկությունների համաձայն` նա ծնվել է կամ Հորդանանում կամ էլ Սաուդյան Արաբիայում:
Հայտնի է, որ 1987 թվականին ավարտել է դպրոցը և արդեն ընդունվել էր ամերիկյան քոլեջներից մեկը, երբ որոշեց իր արձակուրդներն անցկացնել Աֆղանստանում: Այստեղ նա հանդիպեց Բեն Լադենին, և նրան ևս համակեցին ջիհադիզմի գաղափարները: Հետագայում նա ավարտեց Ամանի ռազմական ակադեմիան: Ամուսնացել է Դաղստանի Կարամախի գյուղի բնակչուհու հետ, ծառայում էր «Հուսեյն արքայի չերքեզյան գվարդիայում»:
Հաթթաբը վահհաբիզմի ֆանատիկոս հետևորդներից էր: Նա համարվում էր պայթուցիկ նյութերի, ինչպես նաև թեթև ցանկացած զինատեսակի օգտագործման վարպետ: Բացի այդ` դիվերսիոն գործողությունների մեծ փորձ ուներ, որը սկսել էր կուտակել դեռ 1987 թվականից: Մասնակցել է տարբեր կոնֆլիկտների՝ Աֆղանստանում, Իրաքում, Տաջիկիստանում, ինչպես նաև կան վկայություններ, որ նա մի շարք ահաբեկչական ակցիաներ է կազմակերպել Իսրայելում: Հաթթաբի մահվան մասին մի քանի անգամ են լուրեր տարածվել, մինչև նրան թունավորված ծրարի միջոցով չոչնչացրին ռուսական հատուկ ծառայությունները:
5. Թիմոտի Մակվեյ

Մակվեյը ամերիկյան բանակի սերժանտ էր և Իրաքյան առաջին պատերազմի հերոս (ուներ 6 մեդալ ու շքանշան): Ծնվել է 1970 թվականին, իսկ 1995 թվականին պայթեցրել է Օկլահոմա-սիթիի դաշնային ադմինիստրացիայի շենքը, ինչի արդյունքում զոհվեց 168 և վիրավորվեց ևս 500 մարդ: Մակվեյին ձերբակալեցին 1,5 ժամ անց՝ զենքի ապօրինի կրման համար, իսկ շուտով նրան մեղադրանքներ ներկայացրին նաև պայթյունը կազմակերպելու մեջ:
Մակվեյը ծայրաստիճան աջ-անարխիստական գաղափարախոսության հետևորդ էր և համարում էր, որ զենքի վերահսկողությունն ու այլ սահմանափակող օրենքները, որոնք մտցրել էր Վաշինգտոնը, հակասում են ամերիկյան սահմանադրության սկզբունքներին: Մակվեյին դատապարտեցին մահապատժի 1997 թվականին, բայց իշխանությունները որոշ ժամանակ չէին համարձակվում դատավճիռն ի կատար ածելու հրաման տալ: Արդյունքում, Մակվեյը մահապատժի ենթարկվեց 2001 թվականին:
Շարունակելի...



