Aravot.am-ը գրում է.
Այսօր Եռաբլուրում լրագրողները հարցրին ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանին, թե ինչո՞ւ 44-օրյա պատերազմի տարելիցի կապակցությամբ իշխանության ներկայացուցիչները չեն այցելել Եռաբլուր։ Նա նշեց, որ մի քանի օր առաջ Եռաբլուրում ՔՊ-ական պատգամավորներին ծեծեցին ու թույլ չտվեցին ներս մտնել։
Հարցին, թե այսինքն՝ վախենո՞ւմ են գալ Եռաբլուր, Գագիկ Մելքոնյանը պատասխանեց․«Ոչ ոք էլ չի վախենում, սա մեկի հոր սեփականությունը չէ, մեր հերոսներն են այստեղ ամփոփված, ոչ ոք իրավունք չունի որեւէ մեկին արգելի, որ մարդը գա Եռաբլուր։ Երեք օր առաջ մեր պատգամավորները եկան Եռաբլուր, ծեծ կերան, գնացին։ Մի հատ ասեք՝ էդ ո՞վ էին դրանք, ո՞վ իրավունք ունի մեկին արգելի գան Եռաբլուր»։
Հիշեցնենք, որ Հովիկ Աղազարյանին ապտակողը զոհված զինծառայողի հայր էր։ Գագիկ Մելքոնյանը նշեց, որ Նիկոլ Փաշինյանի մուտքը Եռաբլուր եւս փորձել են նախկինում արգելել։ «Որտե՞ղ եք տեսել, որ երկրի ղեկավարը գալիս է Եռաբլուր, եւ ինչ-որ խումբ դեմը փակում է։ Այդպիսի բան որտե՞ղ եք տեսել, իրենք չունեն նման իրավունք։ Հիմա Պուտինը 250 հազար զոհ է տվել, ըստ ուկրաինական տվյալների, հիմա Պուտինը չի կարո՞ղ գնալ իրենց պանթեոնները։ Սա սխալ բան է, սա ոչ մեկի սեփականությունը չէ, այստեղ մեր եղբայրները, մեր քույրերը, մեր հերոսներն են ամփոփված։ Մարդիկ պետք է հասկանան, որ այստեղ նմանատիպ ակցիաներ չի կարելի անցկացնել»,- ասաց Գագիկ Մելքոնյանը։