Panorama.am-ը գրում է.
Կենսաթոշակային բարեփոխումների իրականացման ծրագրի (PRIP) նպատակն է աջակցել Հայաստանում կենսաթոշակային նոր համակարգի ներդրմանն ու սոցիալական ծառայությունների բարելավմանը: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց USAUD/PRIP ծրագրի ղեկավար Արտակ Ղազարյանը:
Նրա խոսքերով` նոր ծրագիրը կիրականացնի մասնագիտական և կառուցվածքային կարողությունների գնահատում, կաջակցի իրավական ակտերի և կանոնակարգերի ստեղծմանը, կբարելավի կենսաթոշակային համակարգի վարչարարությունը, կկազմակերպվի կենսաթոշակային համաժողով ծրագրի հիմնական գործընկերների և շահառուների մասնակցությամբ: Այն նաև կօգնի կենսաթոշակային նոր համակարգի մասնակիցներին ճիշտ որոշումներ կայացնել իրենց կեսնաթոշակային ֆոնդերի ու ակտիվների կառավարիչների ընտրության հարցում:
«Ծրագրի առաքելությունն է բարելավել մատուցվող սոցիալական ծառայությունների որակը, նպաստել սոցիալական ոլորտի տեղեկատվական բազաների արդիականացմանը, հզորացնել սոցիալական ապահովության ծառայություններ մատուցող կազմակերպությունների ինստիտուցիոնալ կարողությունները, ինչպես նաև բարձրացնել կենսաթոշակային նոր համակարգի վերաբերյալ հանրության իրազեկվածության աստիճանը»,- նշեց Ա.Ղազարյանը:
Ըստ նրա` վերջին տարիների ընթացքում ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից մեծ աջակցություն է ցուցաբերվել ՀՀ կառավարությանը, որպեսզի կարողանան 2014թ-ից ներդնել կենսաթոշակային նոր համակարգը:
Հիշեցնենք, որ 2014-ից Հայաստանում սկսելու է գործել պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը, ինչը ենթադրում է, որ մինչև ընթացիկ տարվա վերջ պետք է գրանցվեն կենսաթոշակային ֆոնդի կառավարիչներ: Ա.Ղազարյանը վստահեցրեց, որ առաջիկայում ՀՀ կենտրոնական բանկը կհայտարարի ակտիվների կառավարիչների մասին, ինչից հետո աշխատող քաղաքացիներն արդեն հնարավորություն կունենան ընտրելու կենսաթոշակային ֆոնդեր և ակտիվների կառավարիչներ: «Ես վստահ եմ, որ ամեն ինչ պատրաստ է լինելու, որպեսզի 2014թ-ի հունվարի 1-ից նոր կենսաթոշալային համակարգը մտնի ուժի մեջ»,- ասաց Ա.Ղազարյանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ