«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարեն Ֆարխոյանը այն դատավորն է, որը հանուն Արցախի պայքարող եւ անհնազանդություններ իրականացնող ցուցարարներին կալանավորելու որոշում է կայացրել։ Ընդ որում՝ երիտասարդը արցախցի է, նրա ընտանիքը Ստեփանակերտում անվտանգ գոյության պայքար է մղում:
Իսկ ո՞վ է դատավոր Ֆարխոյանը: Նա պաշտոնի նշանակվել է 2018 թվականի հունվարի 25-ին՝ այն նույն տարում, երբ հայրենիք հանձնող իշխանությունները եկան թատերաբեմ։ Ի դեպ, նա միշտ աչքի է ընկել իշխանությունների «սրտի որոշումներ» կայացնելով։ Նա այն դատավորն է, որ կալանավորելու որոշում է կայացրել ԳՇ պետի տեղակալ Ստեփան Գալստյանին, ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանին։ Ֆարխոյանը հայտարարագրել է մեկ բնակարան Երեւանի Արաբկիր վարչական շրջանում, որը ձեռք է բերել 1991 թվականին։
Դատավորի բանկային հաշիվների մնացորդները կազմել են 245 հազար 359 դրամ, կանխիկ դրամական միջոցները կազմել են 8 մլն 500 հազար դրամ։ Նրա՝ հաշվետու տարվա եկամուտները կազմել են 18 մլն 126 հազար դրամ, որից 13 մլն 126 հազարը աշխատանքի վարձատրություն է ՀՀ ԲԴԽ աշխատակազմի դատական դեպարտամենտից, իսկ եկամտի մյուս մասը վարկ է։
Ստացված վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը սեպտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 7 մլն 461 հազար դրամ։ Նկատենք, որ Ֆարխոյանի եղբայրը՝ Ջոն Ֆարխոյանը, անցնում էր 2020թ. փետրվարին առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու մեղադրանքով, Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանի հետ նույն գործով, սակայն ազատ արձակվեց գրավի դիմաց: Դեռ պարզաբանման է ենթակա նաեւ հենց դատավորի հայտարարագրած ու գուցե չհայտարարագրած կարողությունը:
Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում