1in.am-ը գրում է.

Չիլին այս օրերին նշում է երկրի նախկին նախագահ Սալվադոր Ալյենդեին իշխանությունից հեռացնելու ու նրա մահվան տարելիցը՝ հայտնում է RIA Novosti-ն: 

Տեղի ԶԼՄ-ները հայտնում են, որ երեքշաբթի երկրի մայրաքաղաք Սանտյագոյում տեղի է ունեցել հիշատակի անսովոր ակցիա՝ ի հիշատակ բռնակալության ժամանակ անհետ կորածների: 

Երիտասարդները պառկել են փողոցներում ու կազմել կենդանի շղթա հենց նախագահական պալատի մոտ: Նման կերպ նրանք իրենց հարգանքի տուրքն են մատուցել հազարավոր անհետ կորածներին: 

Այս ակցիայի անցկացման գաղափարը մի խումբ երիտասարդ նկարիչներինն է: Նրանք ակցիայի մասնակիցներին հավաքել են սոցցանցերի միջոցով: 

Չիլիի ռազմական հեղաշրջումը տեղի է ունեցել 1973թ. սեպտեմբերի 11-ին, երբ երկրի ցամաքային զորքերի գլխավոր հրամանատար, գեներալ Ավգուստո Պինոչետը իշխանությունից հեռացրեց նախագահ Ալյենդեին, որը ինքնասպան եղավ նախագահական պալատը գրոհով վերցնելու ժամանակ: 

Պաշտոնական տվյալներով՝ Պինոչետի կառավաման տարիներին քաղաքական դրդապատճառներով սպանվել է մոտ 3200 մարդ, մոտ 1200-ը՝ անհետ կորել, կտտանքների է ենթարկվել մոտ 28 հազար մարդ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել