Emedia.am-ը գրում է.
Ամառն ավարտվեց։ Նրանց համար ովքեր դեռ չեն հասցրել հանգստանալ կամ ցանկանում են իրենց հանգիստը կազմակերպել սեպտեմբեր-հոկտեմբեր ամսիներին, բացվում է թավշյա սեզոնը, որը կարելի է անցկացնել ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում:
Այս սեզոնին չարտերային չվերթներն ավարտված են, այդ իսկ պատճառով ընտրած հանգստի վայր մեկնելու համար զբոսաշրջիկը որպես կանոն ստիպված է լինելու հասնել մեկ այլ երկրի միջոցով:
Ծովափ նախընտրողներին հայաստանյան զբոսաշրջային ընկերություններն առաջարկում են այս սեզոնին մեծ պահանջարկ վայելող Դուբայը (դեպի Դուբայ իրականացվում են ուղիղ չվերթներ). այստեղ իսկական սեզոնը բացվում է հոկտեմբերից, սակայն զբոսաշրջային ընկերությունները սեպտեմբերի համար նույնպես ունեն առաջարկներ:
Մեկ հոգու համար Դուբայում 10 օր հանգստանալու գինը սկսվում է 800 դոլարից, որի մեջ մտնում է ավիատոմսը, հյուրանոցը՝ նախաճաշով, տրանսֆերը և վիզան: Քաղաքում «ազատ զգալու» համար զբոսաշրջիկն իր հետ պետք է ունենա 500 դոլարից ավելի գումար: Այսինքն ստացվում է, որ մեկ հոգին հանգիստն անցկացնելու համար ծախսելու է 1300 դոլարից ոչ պակաս:
Մինչև սեպտեմբերի վերջ ծովափնյա հանգիստ հնարավոր է անցկացնել նաև Անթալիայում. Այստեղ գները Դուբայից էժան են: Անթալիա չվերթներն իրականացվում են Թբիլիսիից: Մեկ հոգու հանգիստը 7 գիշերվա համար սկսվում է 500 դոլարից, որի մեջ է ներառվում ավիատոմսը, 4 աստղանի հյուրանոցը՝ երեքանգամյա սնունդով, տրանսֆերը և բժշկական ապահովագրությունը:
Չնայած նրան, որ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը կոչ էր արել հույժ անհրաժեշտության դեպքում միայն այցելել Եգիպտոս և նրան, որ ամեն օր Եգիպտոսում ընթացող բախումներից մահանում են տասնյակ մարդիկ, հայաստանյան զբոսաշրջային ընկերությունները շարունակում են վաճառել տուրփաթեթներ դեպի Եգիպտոս: Եվ հարկ է նշել, որ այստեղ հանգստանալու գինը էժան է:
Թավշյա սեզոնը հարմար է նաև անցկացնել Հունաստանում կամ Կիպրոսում:
Ինչպես նշում են զբոսաշրջային ընկերությունները՝ Կիպրոսը այս սեզոնի համար ավելի հարմար տարբերակ է, իսկ Հունաստան ընտրելու դեպքում նորմալ հանգիստը կլինի Սալոնիկիում: Այս ուղղություններն իրականացվում են Մոսկվայով:
Կիպրոսում 7-օրյա հանգիստ անցկացնելու համար մեկ հոգին վճարելու է մոտ 1200 եվրո, որի մեջ ներառված է 4 աստղանի հյուրանոցը նախաճաշով, տրանսֆերը, ավիատոմսը և բժշկական ապահովագրույունը: Հարկ է նշել, որ այս երկրների դեպքում կանգնում է նաև շենգենյան վիզայի հարցը:
Հունաստանում մոտավորապես նույն գներն են, սակայն ի տարբերություն Կիպրոսի, այստեղ նույն գնով հնարավոր է հանգստանալ 10 օր:
Հայաստանյան զբոսաշրջային կենտրոնները թավշյա սեզոնին առաջարկում են զբոսանք գեղատեսիլ վայրերով և այցելություն պատմական հուշարձաններ: Չնայած նրան, որ շուկան յուրահատուկ ծառայություն կամ հետաքրքրություն չի մատուցում, գները շարունակում են մնալ միջինից բարձր:
Ջերմուկում սեպտեմբերի գները տատանվում են 9500 դրամից մինչև 50 հազարի սահմաններում: Այդ գնի մեջ ներառվում է 3 անգամյա սնունդը և բուժումները: Հոկտեմբեր ամսին գները կնվազեն մոտ 2500-5000 դրամով:
Ծաղկաձորում և Դիլիջանում առաջարկներն իրարից չեն տարբերվում։ Այս երկու հանգստյան գոտիներում գները սկսվում են 10 հազար դրամից՝ հասնելով 20-25 հազար դրամի: Գնի մեջ ներառված է գիշերակացը և նախաճաշը:
Իսկ Իջևանում երկու հոգու համար մեկ օրվա հանգիստը կարժենա 10 հազարից մինչև 20 հազար դրամ, որի մեջ ներառված չէ սնունդը: Երեքանգամյա սննդի համար մեկ հոգու դեպքում պետք է լինելու վճարել 7-8 հազար դրամ:
Թավշյա սեզոնը հանգստի համար լավագույն սեզոններից մեկն է, ինչու չէ նաև ռոմանտիկ… եղանակը շատ հաճելի տաք է, իսկ երեկոները՝ զով, բայց այս ամենի հետ մեկտեղ պետք չէ մոռանալ նշված տարբերակներից որևէ մեկն ընտրելու դեպքում նախապես զբոսաշրջային ընկերությունից ճշտել տվյալ վայրում օդի ջերմաստիճանի և հանգստի կազմակերպման մանրամասները՝ արձակուրդը ձախողման չենթարկելու համար: