1in.am-ը գրում է.
Սերժ Սարգսյանի մոսկովյան այցի և մաքսային հպատակության արդյունքում հայտարարվեց հայ-ռուսական մի քանի տնտեսական պայմանավորվածությունների մասին, որոնց թվում նաև «Ռոսատոմի» մտադրության՝ Հայաստանի ատոմակայանի շահագործումը մինչև 2026 թվականն ապահովելու մասին:
Նախ` իհարկե, մեծ հարց է, թե հայ-ռուսական, այսպես կոչված, տնտեսական պայմանավորվածությունների իրականացումը ինչ գործնական արդյունք և ժամանակացույց է ունենալու: Սակայն զուտ ատոմակայանի մասով կարծես թե առկա է հետաքրքրական իրավիճակ: Մի քանի ամիս առաջ Հայաստանում տեղի ունեցավ հայ-ամերիկյան տնտեսական համագործակցության հանձնաժողովի նիստ, որի արդյունքում Հայաստանի ու ԱՄՆ-ի միջև հուշագիր ստորագրվեց հայկական ատոմակայանի շահագործումը տասը տարով երկարաձգելու հարցում ամերիկյան աջակցության մասին:
Հայկական ատոմակայանը, ինչպես հայտնի է, Եվրամիության սրտով չէ: Այսինքն` Եվրամիությունը պահանջ է դնում փակել ատոմակայանը մինչև 2016 թվականը, քանի որ անվտանգության չափանիշների խնդիր կա: Հայկական կողմը հասկանալիորեն համաձայն չէ դրան, քանի որ Հայաստանն ունի էներգետիկ անվտանգության խնդիր: Գործող ատոմակայանն, իհարկե, հին է, սակայն կարծես թե խնդիրներ չեն առաջանա, եթե ապահովվի բարձր մակարդակի սպասարկում` անվտանգության համակարգերի արդիականացման և պահպանման առումով:
Հայաստանի իշխանությունները հայտարարել են, որ ատոմակայանը կփակեն, եթե օժանդակություն լինի նորը կառուցելու հարցում: Այդ հարցում Եվրամիությունից և ընդհանրապես Արևմուտքից օժանդակություն կարծես թե չկա: Սակայն չկա միգուցե նաև այն պատճառով, որ երկու տարի առաջ Հայաստանը նոր ատոմակայան կառուցելու մասին համաձայնագիր ստորագրեց Ռուսաստանի հետ` այսպիսով ըստ էության հերթական անգամ վանելով արևմտյան հետաքրքրությունը: Սակայն, Ռուսաստանը համաձայնեց ֆինանսավորել միայն արժեքի 20 տոկոսը: Իսկ նոր ատոմակայանի շինարարությունը գնահատվում է մոտ 5 միլիարդ դոլար: Այսինքն` ռուսները համաձայնեցին տալ մոտ 1 միլիարդ: Մյուս 4 միլիարդը Հայաստանը պետք է գտներ այլ տեղից: Իսկ որտեղի՞ց:
Բնական է, որ ոչ ոք չի տա գումար, եթե Ռուսաստանն արդեն իսկ ձեռքը դրել է ատոմակայանի վրա: Այսինքն` Մոսկվան ընդամենը արգելափակեց Հայաստանի ատոմակայանի նոր բլոկի շինարարությունը, ինչի վկայությունն է նաև հենց այն, որ հայ-ռուսական պայմանավորվածություն է ձեռք բերվում Հայաստանում գործող ատոմակայանը մինչև 2026 թվականը շահագործելու մասին: Այսինքն` Ռուսաստանը մտադրություն չունի Հայաստանում ատոմակայան կառուցել, այն ընդամենը բարեհաջող կերպով խանգարեց, որ հանկարծ այլք չօգնեն Հայաստանին կառուցել նորը:
Արդյունքում կարող ենք արձանագրել, որ Հայաստանի նոր ատոմակայանի կառուցումը բարեհաջող կերպով տապալված է առաջիկա առնվազն 15 տարիների համար: Թե ինչ կլինի 15 տարի հետո` ոչ ոք չգիտե: Աշխարհը շատ արագ է առաջ գնում: Բայց պարզ է մի բան՝ Հայաստանը համաշխարհային զարգացումներից հետ է ընկավ առնվազն 15 տարով, առավել ևս, որ մեր հարևան երկրներում, մասնավորապես Թուրքիայում, շատ ավելի ինտենսիվ աշխատանքներ են կատարվում նոր ատոմակայանի կառուցման համար: Ընդ որում` Թուրքիային այս հարցում ամենայն հավանականությամբ օգնություն է ցուցաբերելու Մոսկվան, քանի որ Պուտինի վերջերս Անկարա կատարած այցի ընթացքում խոսվել էր նաև այդ նախագծի մասին: Ռուսաստանի համար սա, կռահեցիք, դե, իհարկե, բիզնես է, ինչպես Հայաստանին պատերազմով սպառնացող Ադրբեջանին զանգվածային ոչնչացման հրետանային սպառազինություն մատակարարելը:
Թուրքիայում ատոմակայան կառուցելը տնտեսապես ավելի գայթակղիչ է, քան Հայաստանում: Ոչ ոք Ռուսաստանին չէր էլ խնդրում Հայաստանում էլ կառուցել: Պարզապես, պետք էր ընդամենը, որ Ռուսաստանը չխանգարեր Հայաստանում ատոմակայանի կառուցմանը: Բայց Ռուսաստանը խանգարեց: Ընդ որում` հատկանշական է, որ Հայաստանում կառուցվող ատոմակայանին դեմ են արտահայտվում Թուրքիան ու Ադրբեջանը: Այսինքն` մենք գործ ունենք ռուս-թուրք-ադրբեջանական հակահայկական եռանկյունու հերթական «նվաճման» հետ:
Այս ամենից, մեղմ ասած, պետք է անհարմար զգա Սերժ Սարգսյանը, որը 2008 թվականին ԱԺ ամբիոնից հայտարարում էր, որ Հայաստանը սկսում է նոր ատոմակայանի շինարարությունը: Անցել է արդեն վեց տարի, և ինչպես երևում է, Սերժ Սարգսյանն արդեն ավարտում է շինարարությունը, բայց` չսկսած:
Այս ամենում, սակայն, կա երկրորդ ուշագրավ հանգամանքը: Ռուսաստանը, փաստորեն, փորձում է նաև խլել Հայաստանի գործող ատոմակայանի «ապագան»: Բանն այն է, որ գործող ատոմակայանը մինչ այս կառավարում էր Ռուսաստանը: Վերջերս ռուսները հետ տվեցին այն, հրաժարվեցին կառավարումից: Դրանից հետո էր, որ ամերիկյան կողմը պատրաստակամություն հայտնեց աջակցել Հայաստանին գործող ատոմակայանը շահագործելու հարցում, ինչը և՛ տնտեսական, և՛ քաղաքական, և՛ նույնիսկ աշխարհաքաղաքական կարևոր գործոն է Հայաստանի համար: Հավանաբար Ռուսաստանին մտահոգեց այն, որ բարդ տեխնոլոգիա հանդիսացող և ֆինանսական հնարավորություններ պահանջող գործընթացը տեր ունեցավ, և Հայաստանին կօգնեն, թույլ չեն տա հայտնվել բարդ վիճակում:
Ռուսաստանն ակնհայտորեն խանդեց հայ-ամերիկյան այս համաձայնությանը, և արդյունքում ռուսները ամենայն հավանականությամբ որոշեցին հետ բերել գործող ատոմակայանը և արդեն ոչ թե թողնել, որ Հայաստանի խնամակալության տակ մնալով` այն կամաց-կամաց վերածվի անպետքության՝ տեսնելով, որ ամերիկացիները դա թույլ չեն տալու, այլ գործող ատոմակայանը անպետքության վերածել իրենց իսկ ձեռքով: Իսկ այդ հարցում միայն այն, որ նոր ատոմակայանի շինարարությունը արգելակված է Մոսկվայի ակտիվ միջամտությամբ, արդեն իսկ բավական է, որովհետև եթե նորը չի կառուցվում, ապա ամեն մի նոր տարի հինն ավելի է արժեզրկվում՝ թե իր, թե չկառուցվող նորի փոխարեն: