Այսօր մեր զրուցակիցը «London Eye» միջազգային ուսուցման կենտրոնի անգլերեն լեզվի բաժնի ղեկավար Պետրա Շագին է, ով կպատմի մեզ կենտրոնում կիրառվող մեթոդոլոգիայի, առանձնահատկությունների, առավելությունների և իր՝ որպես մասնագետի փորձի մասին:
Պետրա, որտեղի՞ց եք Դուք, ինչպե՞ս որոշեցիք գալ Հայաստան և ինչպե՞ս հայտնվեցիք այս կենտրոնում:
Ինքս Հունգարիայից եմ, բայց ամուսնուս աշխատանքի բերումով, ով աշխատում է զբոսաշրջության ոլորտում, ինձ բախտ է վիճակվել ապրել տարբեր երկրներում: Վերջին այդպիսի տեղափոխությունը մեզ Հայաստան բերեց, երբ ամուսինս աշխատանքի անցավ այս գեղեցիկ երկրում:
Պետք է նշեմ, որ այլ երկրներում բնակվելիս ես նկատել եմ, որ մեծ պահանջարկ կա անգլերենի ուսուցման հանդեպ, և համապատասխան որակավորում ստանալուց հետո սկսեցի անգլերեն դասավանդել: Դասավանդել եմ Բելգիայում, դասավանդել եմ հայրենի Հունգարիայում և այլ երկրներում, իսկ Հայաստան գալուց հետո, երբ զգացի, որ չեմ կարող ոչնչով չզբաղվել, պատահաբար առնչվեցի «London Eye» միջազգային ուսուցման կենտրոնի հետ, որտեղ էլ աշխատում եմ արդեն մոտ մեկ տարի:
Ինչո՞վ են առանձնացնում կենտրոնում անգլերենի դասավանդման մեթոդիկան ու որակը այլ նմանօրինակ հաստատությունների համեմատ: Ո՞րն է Ձեր հաջողության գաղտնիքը:
Սկսեմ նրանից, որ մենք հիմնական շեշտը դնում ենք ոչ թե քերականության ու լեզվի տեսական իմացության վրա, այլ լեզվի արագ յուրացման ու յուրացրածը պրակտիկ կիրառության մեջ դնելու վրա: Այլ կերպ ասած` մենք այնպես ենք անում, որ մեր սաները անընդհատ խոսեն ու շփվեն անգլերենով դասերի և խմբային հանդիպումների ժամանակ:
Իհարկե, մենք քերականություն էլ ենք սովորում և լեզվի յուրացման համար անհրաժեշտ բոլոր այլ կոմպոնենտները, բայց առաջնահերթությունը, միևնույն է, լեզվի պրակտիկ կիրառման հմտությունների զարգացումն է:
Դրական դեր է խաղում նաև այն հանգամանքը, որ ես հայախոս չեմ և հայերեն չգիտեմ, ուստի իմ ղեկավարած խմբերի մասնակիցները ուզած թե չուզած աստիճանաբար անցնում են անգլերեն շփման ու անգլերեն լեզվամտածողության: Իմ` արտասահմանցի լինելը նաև գրգռում է նրանց հետաքրքրությունը երկխոսություն ծավալելու հանդեպ:
Հենց աշակերտը սկսում է զգալ, որ ինքն իրականում կարողանում է իր մտքերն անգլերեն արտահայտել, նրա կաշկանդվածությունը թուլանում է, և նայելով իր իսկ հաջողություններին` նա ինքնամոտիվացվում է: Բացի դրանից` դեր է խաղում նաև այն հանգամանքը, որ ի վերջո կենտրոն գալիս են իրենց կամքով, ինչն իր հերթին լրացուցիչ խթան է նրանց սովորելու ցանկության համար: Կարելի է ասել, որ մենք ոչ թե սովորեցնում ենք անգլերեն լեզու, այսինքն` նյութը ծամում, դնում ենք ուսանողի բերանը, այլ սովորեցնում ենք, թե ինչպես սովորել անգլերեն՝ սեփական փորձի և ինքնուրույն աշխատանքի միջոցով, ինչը յուրացրած գիտելիքները ավելի մնայուն է դարձնում:
Լսել եմ, որ բացի այս մեթոդիկայից Դուք մտածում եք ինչ-որ նորարարություն մտցնել, որն առայժմ չկա Հայաստանում :
Այո՛, ես հիմա ակտիվորեն ուսումնասիրում եմ շուկայի մեր ոլորտի պահանջարկը, որովհետև կա գաղափար այսպես կոչված դայակություն-դասընթացների պրակտիկան էլ ներմուծել Հայաստան: Այս եղանակը նախատեսված է հատուկ նոր մայրացած երիտասարդ կանանց համար, ովքեր մանկահասակ երեխային խնամելու պատճառով որոշ ժամանակով ստիպված են կտրվել իրենց աշխատանքից ու ուսուցումից, իսկ աշխատանքային շուկան պահանջում է, որ անկախ ամեն ինչից, քո հմտությունները հնարավորինս լավը լինեն, և դա վերաբերում է անգլերեն լեզվի իմացությանը:
Այս մեթոդը խիստ տարածված է Եվրոպայում և իրենից ներկայացնում է անհատական աշխատանք երիտասարդ մայրիկի հետ, ով միաժամանակ կարող է և՛ զարգացնել իր անգլերենը, և՛ հետևել երեխային: Բացի դրանից` եթե երեխան մեկ տարեկանից մեծ է, երեխան էլ մասամբ սերտում է անգլերենը դեռ վաղ մանկությունում, ինչը հետագայում դրական է ազդում նրա լեզվային հմտությունների զարգացման վրա: Հուսով եմ, որ Հայաստանում այս մեթոդը ևս պահանջարկ կունենա:
Ի՞նչ հաճախականություն ու տևողություն ունեն դասերը: Ինչպիսի՞ն է դասային պրոցեսն, ու որո՞նք են, ըստ Ձեզ, ամենամեծ մարտահրավերները Ձեզ համար՝ որպես դասավանդող:
Դասընթացների կուրսի տևողությունը 5 շաբաթ է, իսկ պարապմունքներն անց են կացվում շաբաթը 3 անգամ պարբերականությամբ, որոնցից յուրաքանչյուրի տևողությունը 2 ժամ է: Բացի դրանից` այս ընթացքում պարբերաբար կազմակերպվում են տարբեր ակումբներ և կինոդիտումներ, ընթերցանության ժամեր, ինչպես նաև էքսկուրսիաներ, որոնց բոլորին միավորում է այն, որ դրանք անգլերենով են անցկացվում և միտված են անգլերենի զարգացմանը: Նշեմ նաև, որ ցանկության դեպքում կազմակերպվում են նաև արտաժամային պարապմունքներ:
Ամենամեծ մարտահրավերներ չէի ասի, բայց կան երկու խնդիրներ, որոնց բախվում եմ պարբերաբար՝ բավականին կաղող ճշտապահություն և լեզվամտածողության հետ որոշակի խնդիրներ: Օրինակ` ամեն դասի սկզբից 15 րոպե անց դեռ մարդ է լինում, որ ներկա չի լինում, իսկ ինչ վերաբերում է լեզվամտածողությանը, ապա մենք փորձում ենք հետ վարժեցնել մտքում թարգմանելու սովորությունից: Որպեսզի լեզուն հեշտ յուրացնես ու կիրառես, պետք է սովորես հարկ եղած ժամանակ մտքերդ էլ այդ լեզվով կառուցել:
Սա խնդիր է, խնդիր է, որի հիմքերը դեռ դպրոցից են գալիս, որովհետև կարող եմ ասել, որ հայկական կրթական համակարգում մի էական առանձնահատկություն կա. հայկական դպրոցներում, կարելի է ասել, հիանալի սովորեցնում են քերականությունը, բայց չեն սովորեցնում այն բանավոր օգտագործելը, անգլերեն խոսելը: Դա գալիս է նաև նրանից, որ մեթոդոլոգիան չի փոխվել ԽՍՀՄ տարիներից ի վեր, այնինչ ուսուցիչները աշակերտներից շատ պետք է սովորեն և անընդհատ արդիականացնեն իրենց գիտելիքները: Բերեմ օրինակ մեր կենտրոնի մասով. մեր դասավանդող անձնակազմը ամիսը մեկ աշխատանքային ժողով ու դասընթացներ է ունենում, որտեղ քննարկվում են մեթոդիկաներ, և անհրաժեշտության դեպքում ուսուցիչների վերապատրաստման դասընթացներ են կազմակերպվում, և դա` ամեն ամիս...
Լավ, վերջում մեկ թեթև հարց. ի՞նչն է Ձեզ հատկապես տպավորել Հայաստանում:
(Ծիծաղում է) Ես արդեն մի տարի է` զարմանում եմ, թե ինչքան կենսուրախ ու զվարթ են այստեղի մարդիկ, դա ուղղակի զարմանալի է՝ լինել այդքան ուրախ ու էմոցիոնալ: Դա մի բան է, որին ես այլ երկրներում չեմ առնչվել:



