Վերջին 2 շաբաթվա ընթացքում Արցախի շուրջ իրադրությունն այնքան լարված է, որ Ադրբեջանի ցանկացած շարժ, ակտիվություն, վերախմբավորումներ, նույնիսկ մարտական հերթափոխ սրացման դինամիկա է դրսևորում:
Սրա հետ կապված ՊԲ-ն փորձում է իրադրությանը համահունչ քայլեր ձեռնարկել, ինչը Արցախում ստեղծված ծանր իրավիճակի պայմաններում գերմարդկային ջանքեր է ենթադրում:
Գլխավոր խնդիրներից մեկն այն է, որ թեև ոչ մեծ ծավալով, սակայն ադրբեջանական ակտիվությունը որոշակի հաճախականությամբ աճի դինամիկա է դրսևորում և սրում առանց այդ էլ ծանր դրությունը:
Ադրբեջանը հրապարակային հայտարարել է, որ իր ձևով Արցախի հարցի լուծման ճանապարհին, իրեն երրորդ երկրները ևս չեն կարող հետ կանգնեցնել:
Ես չգիտեմ, թե էլ ի՞նչ պետք է ասի ու անի Ադրբեջանը, որ մեր ռեգիոնում ներկայացված հիմնական դերակատարները տեղից շարժվեն, բայց այն, որ առաջիկա օրերին իրադրությունը սրության նոր դրսևորումներ կարող է ստանալ, որևէ մեկը չի կարող բացառել:
ՊԲ-ն քիչ առաջ պաշտոնական հաղորդագրությամբ արձագանքել է այս պահին առկա իրադրությանը, սակայն չկա որևէ երաշխիք, որ առաջիկա օրերին այն կտրուկ փոփոխության չի ենթարկվի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել