ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Հոհենֆելս քաղաքում տեղակայված ԱՄՆ ռազմաբազայում անցկացվող «Միաձուլված սուր-2023» բազմազգ զորավարժությանը մասնակցող ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության դաշտային շարժական հոսպիտալ։
Այցի ընթացքում ԱՄՆ կազմակերպիչների կողմից պատվիրակությանն են ներկայացվել զորավարժության մտահղացումը, իրականացվող միջոցառումները, զորավարժության ընթացքը և փոխգործակցության կազմակերպումը։
Պատվիրակությունը եղել է հոսպիտալի ծավալման շրջանում, տեղում ծանոթացել կատարվող աշխատանքներին, վարժանքների կազմակերպման ընթացքին, պայմաններին, զրուցել և ոգևորել է զորավարժությանը մասնակցող բժշկական անձնակազմին։
Այցի ավարտին զորավարժության ամերիկյան կողմի հետ քննարկվել և համաձայնեցվել են հետագա փոխգործակցությանը վերաբերող հարցեր։
Ինչպես զորավարժության կազմակերպիչների, այնպես էլ մասնակից այլ պետությունների կողմից բարձր են գնահատվել ՀՀ ԶՈՒ դաշտային հոսպիտալի պատրաստվածությունը, տարբեր իրավիճակներում արագ արձագանքելու ու գործելու կարողությունը, ինչպես նաև անձնակազմի անհատական պատրաստվածության ու արհեստավարժության մակարդակը։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ArmeniaMOD/posts/pfbid0dHGEd2AHSAtmw4m9fayJCaqVvB4epWxqBY2n9BvdShMrExE3w5SCCrtc8afNtU28l
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել