Հենց այս պահին, բարեկամ, ընդհատիր տողի ընթերցումը, դուրս արի փողոց և առանց ընտրելու, պատահած հանդիպողի հարցրու՝ ի՞նչ է անհրաժեշտ այս կյանքն ապրելու համար: Հերթականությամբ թվարկվող նյութական արժեքներ կլսես միայն: Դժվարությամբ, մանրամասն փնտրելով` հնարավոր է գտնես մեկին, ով նախ հոգևորը նշի, նոր հետո իրեն ապահովող նյութականը թվարկի, ասի առաջինը խոսքը, հետո` հացը: Այդպես կարող եմ ես մտածել, որ ինչ-որ առարկայական ու շոշափելի բան ձեռք բերելու փոխարեն, նստած իմ մտահոգությունն եմ այստեղ գրառում: Այդպիսին դո՛ւ կարող ես լինել, որ բան ու գործ թողած, չգիտեմ, թե որքանով քեզ համոզող իմ այս մտքերն ես կարդում ու մեզ հետ էլի մի բուռ մարդիկ, որոնց մի մասն այսպիսի տողեր է գրառում, իսկ մյուս մասը համաձայնվում է դրանց հետ: Հիմա տեսնո՞ւմ ես, թե աշխարհը որքան փոքր է, ինչքան սահմանափակ է տիեզերքը, և երկրի վրա կախված երկինքն ընդամենը մի կաթիլ է: Ուղղակի արարչություն և ուղղակի արարող միայն մարդն է. երկիրն ու երկինքն իր մեջ ներառող ամբողջական մշակույթ: Թերևս անուղղակի կերպով, սակայն մարդու ստեղծագործությունը նույնպես ստեղծում է: Գեղագիտորեն բոլորովին իրարամերժ գործեր՝ Բեքեթի Գոդոն (ևս մի գլուխգործոց), շեքսպիրյան Համլետի ընձեռած հնարավորությունն է:
Մարդը բերանացի էր ստեղծում՝ խոսելով աստվածների հետ և լցված էր բառի թափառող տեսքով, քանի դեռ չէր անցել գրքով արտահայտվելու, գրականությամբ հաղորդվելու տարբերակին: Գիրը հնարավորություն էր` սեղմել բանավոր խոսքի շրջանակը: Մինչև նախորդ 20-րդ հարյուրամյակը, գրքի հասցեատերը որոշակի նյութական ապահովություն ունեցող հասարակության ազնվական փոքրամասնությունն ու ընտրյալն էր: Ունենալով այդ մենաշնորհը` պետության տերերն օգտագործում էին իրենց առավելությունը, գրավոր մշակույթով ձևավորում աշխարհն ու ժամանակը քննող իրենց հայացքը: Գրքի իմացությամբ էին հաղորդվում՝ միտքը նրբորեն ու շերտ առ շերտ ներարկելով հպատակ հասարակությանը՝ դարձնելով նաև նրա հայացքը: Հին Հռոմի պլեբեյն, անշուշտ, պատրիկից թերուս, բայց իր ժամանակի հոգևոր արժեքներով էր հաղորդվում և դրանց կրողն էր: Միայն նոր ժամանակներում գիրքը հատուկներից մատչելի դարձավ հասարակներին, ինչպես Պրոմեթևսը, կրակն աստվածներից վերցնելով, բաժանեց մարդկանց:
Շարունակությունը՝ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://cultural.am/hy/norutyunner/aknark/ho-ertas-mard-astco
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել