Իսկ միայնության ճիշտ գույնը գուցե
Կարմի՞րն է եղել,
Զի միայնության դառնագին պահին
Արյունն է ներկում աչքերդ շուտով:
Կամ սև՞ն է եղել,
Որ միայնության մտախոհ պահին
Մահվան սարսուռով հոգիդ է գերել:
Եվ թե՞ սպիտակը,
Ապա անգույն է միայնությունն այդ,
Անգույն է այնպես, ինչպես ապակին
Եվ ինչպես օդը, որը հաստատ կա, բայց չի երևում,
Սակայն դու զգում ես, շոշափում նույնիսկ:
Իսկ միայնությունն ինչպե՞ս շոշափես,
Թեկուզ գիտակցես, բայց երբեք չես զգա:
Արդ ներս նայիր դու,
Նայիր հոգուդ մեջ և կզգաս, որ դու միշտ միայնակ ես,
Միայնակ այնքան, որքան լինում են լոկ ներս նայելիս:
Ու ի՞նչ գույն ունի միայնակ հոգիդ, եթե ոչ կապույտ,
Երբ միայնության գիտակցման պահին,
Ահեղ ծովի պես ալեկոծ ոռնա:
Եվ ի՞նչ գույն ունի միայնությունը,
Եթե ոչ ոսկու,
Երբ ծովը հոգուդ դու ոսկով լցնես,
Քեզ շրջապատես կեղծ ընկերներով:
Մի՞թե քո հոգին իր գույնը գտավ…
Եվ մի՞թե ներկվեց միայնությունդ:
Ո՛չ, քո հոգին գտավ գույնը այն ստի,
Որ փող են կոչում:
Իսկ մարդիկ փողի մեկ գույնն են սիրում՝
հաստատ կանաչը:
Հոգիդ կանա՞չ է…
Միայնությունը չի՛ լինում կանաչ,
Քանզի գույների այդ մեղկ սինթեզը,
Լոկ կապույտ գույնի դեղին խառնուրդն է:
Դեղինն էլ, գիտես՝ արևն է  միայն:
Միայնությունը դեղին չի լինում,
Զի չունի լույսի ոչ մի ստվերում:
Հոգիդ անգույն է, անգույն է այնքան,
Որքան հենց ինքը միայնությունը,
Միայնությունը չունի ոչ մի գույն,

 

Եվ նույնիսկ «անգույն»…

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել