«Փաստ» օրաթերթը գրում է.
Հանրապետության հրապարակում գտնվող ԱԳՆ-ի շենքը տարիներ առաջ օտարվեց Էդուարդո Էռնեկյանին, այժմ շենքում որևէ տեսակի գործունեություն չի ծավալվում: «Փաստը» հետաքրքրվեց Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող քաղաքական որոշ ուժերից, թե ընտրվելու դեպքում կա՞ն արդյոք որոշակի ծրագրեր մայրաքաղաքի այս և նմանատիպ այլ շենքերի վերաբերյալ՝ հաշվի առնելով, որ շատ կառույցներ ունեն սեփականատերեր:
«Հաղթանակ» կուսակցության քաղաքապետի թեկնածու Վիկտոր Մնացականյանը կարծում է, որ Երևանի կենտրոնի նախկին հասարակական շենքերը պետք է դառնան կամ մշակութային օջախներ, կամ հյուրանոցներ: «Ներկայիս ղեկավարությունը, այդ թվում՝ քաղաքային իշխանությունները, չեն երկխոսում ներդրողների հետ: Երբ խոսում ենք մարդամոտ քաղաքի մասին, նկատի ունենք, որ պետք է կայանան բնակիչ-բնակիչ, բնակիչ-իշխանություն, իշխանություններդրող երկխոսությունները: Հիմնականում այն քաղաքներն են զարգանում, որտեղ պետություն-մասնավոր համագործակցությունը կայացած է: Միայն այդ դեպքում կարող ենք մեր քաղաքը ոտքի կանգնեցնել: Մնացյալ դեպքերում մի օլիգարխը փոխվելու է մյուսով: Հարց՝ որևէ մեկը գրագետ կերպով երկխոսե՞լ է Էռնեկյանի հետ, առաջարկություններ արե՞լ է նրան: Նա Հարավային Ամերիկայում և աշխարհում խոշոր ներդրողներից մեկն է: Պետությունը պետք է շահագրգռված լինի նման հարցերում, ոչ թե միայն սպասի ներդրողների առաջարկներին»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մնացականյանը:
«Լուսավոր Հայաստան» կուսակցության քաղաքապետի թեկնածու Դավիթ Խաժակյանը մեր նշած շենքին անդրադառնալով՝ նախ ասում է՝ օտարման պայմանագիրը ժամանակին կնքվել է Հայաստանի Հանրապետության կառավարության հետ, Երևանի քաղաքապետարանն այդ մասով որևէ գործառույթ չունի: «Կոմերցիոն մյուս մեծածավալ տարածքների դեպքում ունենք պրոգրեսիվ գույքահարկի ներդրման ծրագիր, որը վերաբերում է հենց նման մեծածավալ լքված տարածքներին, որոնց սեփականատերերը ներդրում չեն իրականացնում, նաև չեն օտարում դրանք, որպեսզի բարձրացվի այդ գույքի օգտագործման արդյունավետությունը: Մենք նշում ենք, որ պրոգրեսիվ գույքահարկի կիրառման դեպքում պայմանականորեն հինգ տարվա ընթացքում սեփականատերը կա՛մ պետք է կատարի նոր ներդրում և սկսի օգտագործել տվյալ տարածքը, կա՛մ օտարի այն այլ ներդրողի»,-«Փաստի» հետ զրույցում հարցի վերաբերյալ կարծիք է հայտնում Խաժակյանը:
«Մայր Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբից ևս արձագանքեցին «Փաստի» հարցին՝ ներկայացնելով իրենց տեսակետը՝ մասնավորաբար նշելով, թե ինչ աշխատանքներ պետք է տարվեն մայրաքաղաքում չշահագործվող շենք-շինությունների պարագայում: «Հանրապետության հրապարակի ճարտարապետական համալիրի մաս կազմող ԱԳՆ նախկին շենքը Երևանի պատմամշակութային ժառանգության անբաժան մասն է, և ցանկացած ծրագիր, որն այդ շենքի առումով կիրականացվի, պետք է համապատասխանի այդ կարգավիճակին և որևէ կերպ չխաթարի ու վնասի թամանյանական ճարտարապետության սկզբունքները: Այս և նման շենքերի պարագայում, որոնք մասնավորեցվել են, սակայն իրենց նախագծային տեսքը և կիրառությունը չեն ստացել, պետք է մանրակրկիտ ուսումնասիրման ենթարկվեն, սեփականատիրոջ հետ պարզաբանվեն առկա խնդիրները և փորձ արվի մայրաքաղաքի զարգացման տեսլականին համահունչ լուծումներ տալ: Սեփականատիրոջ կողմից առաջարկվող լուծումներին անհամաձայն լինելու կամ դրանք կյանքի կոչելու անկարողության պարագայում այդ շենքերը պետք է վերադարձվեն քաղաքին»,-նշում են «Մայր Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբից:
ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում