Ներկայացնում է Իզաբելլա Խանզրատյանը,
Ավագ դպրոց-վարժարանի 12-րդ դասարան:


Մուշ քաղաքը գտնվել է Բիթլիսի նահանգի Մուշի գավառում: Աշխարհագրական տեսանկյունից այն գտնվում է համանուն դաշտի հարավային մասում, Հայկական Տավրոս լեռնաշղթայի հյուսիսային ստորոտին, Կորդուք և Ծիրանակատար ոչ բարձր լեռների փեշերին, թեք սարալանջի վրա։ Նրա հեռավորությունը Արածանիից (Արևելյան Եփրատ) մոտ 20 - 25 կմ է։ Մուշից երևում է Մշո դաշտի «փարոսը»՝ Նեմրութը, Հայկական լեռնաշխարհի գեղեցկագույն լեռնագագաթներից մեկը։ Մուշի միջով հոսում է Արածանիի ձախակողմյան վտակ Մեղրագետի օժանդակներից մեկը՝ քաղաքը բաժանելով երկու մասի։ Այդ գետակը աշխատեցնում էր 10-12 ջրաղաց և ոռոգում շրջակայքի ցանքատարածությունները։ Ընդհանուր առմամբ քաղաքը ջրառատ է։ Եվ մասամբ այդ է պատճառը, որ նրա շրջակայքի լեռնալանջերն ու քաղաքին հարող դաշտերը ամբողջապես թաղված են եղել ծառաստանների, մրգատու և խաղողի այգիների մեջ, որոնցից այն կողմ բերրի դաշտերի ցանքատարածություններն էին ու ծխախոտի պլանտացիաները, որոնցով այնքան հայտնի էր Մշո դաշտը։ Գրեթե առանց բացառության բոլոր այգիներում տեղադրված էին մեղվափեթակներ և ունեին իրենց հնձանները։ Մուշ անվան ծագումը գալիս է դեռևս հին ժամանակներից: Մի փոքր դժվար է գտնել Մուշ բառի բուն ստուգաբանությունը, այդ իսկ պատճառով ժողովուրդն իր ձևով փորձել է իմաստավորել, բացատրել անվան առաջացումը: Ոմանք այն կապում են հնագույն Հայաստանի ցեղերի ու տեղանունների հետ (Մուշունի, Մուշկ ևն), ոմանք հայերեն «մշուշ» - ի հետ, որով սովորաբար առավոտյան պատվում է ողջ Մուշի դաշտը։ Ժողովուրդը նույնիսկ փորձել է բացատրել նաև այդ մշուշի առաջացումը։ Ըստ ավանդության, իբր մշուշը արարում էր սիրո աստվածուհին՝ Աստղիկը, Արածանիում լողանալու ժամանակ՝ երկրի տարբեր մասերից նրա մոտ սեր հայցելու եկած երիտասարդներից իր մերկությունը շղարշապատելու համար։ Թուրք հեղինակ Քյաթիբ Չելեբին Մուշը թարգմանել է «բուք» իմաստով: Սրանցից զատ կան նաև մի շարք այլ տարբերակներ. ինչպիսիք են կապումը հայերեն «մաշվել» բայի հետ, թուրքական «մեշե»՝ անտառ բառից ծագած, մատնացույց անելով այն հանգամանքը, որ քաղաքի շուրջը կաղնիների ծառերը անտառ-պուրակ են կազմում։ Այնուամենայնիվ, չկա գիտականորեն ստույգ բացատրություն: Պարզապես ավելի հավանական է այն, Մուշ քաղաքի (և Մշո դաշտի ու գետի) անունը առաջացած պետք է լինի հնագույն ժամանակներում Հայաստանի սահմաններում բնակություն հաստատած ցեղերից մեկի՝ մուշկ, մոսոխ կամ մոսխերի անունից, որոնց հետ է կապված նաև Մեծ Հայքի «աշխարհներից» մեկի՝ Մոկքի և համանուն նախարարական տան անունները։ Մուշն իր երկարաձիգ պատմության ընթացքում հիշատակվում է իբրև տարբեր կարգի բնակավայր՝ երբեմն բերդ, երբեմն՝ ավան, գյուղաքաղաք, քաղաքագյուղ։ Սակայն IX-X դարերից այն արդեն մեր մատենագիրների մոտ ամենուրեք հիշատակվում է իբրև քաղաք։ Մուշն ականատես է եղել քաղաքական շատ դեպքերի, ազատագրական բուռն շարժումների` երբեմն լինելով ուղղակի նրանց կիզակետում։ Ըստ մեզ հասած աղբյուրների` Մուշ քաղաքը Տարոն գավառի արևելյան մեծ մասի հետ միասին նախ պատկանում էր Սլկունիներին, ապա անցել է Մամիկոնյանների այն ճյուղին, որը կատարում էր սպարապետության պաշտոնը՝ աթոռանիստ ունենալով նույն գավառում գտնվող Ողական ամրոցը։ Սակայն Մուշի պատմությունը սկսվում է ավելի վաղ։ Այստեղ հայտնաբերված է ուրարտական Մենուա թագավորի (810—778 թթ. մ. թ. ա.) սեպագիր արձանագրությունը։ Քաղաքի շրջակայքում նկատվում են կիկլոպյան ամրոցների հետքեր։ Միջնադարյան Հայաստանի պատմության մեջ Մուշն առանձնապես կարևոր դեր է խաղացել 849—854 թթ. ժողովրդական ազատագրական պատերազմի ժամանակ։ Հայաստանում բռնկված ապստամբությունն արյան մեջ խեղդելու համար արաբական մի ստվարաթիվ բանակ Յուսուֆ ոստիկանի հրամանատարությամբ, Հարավային Հայաստանն ավերելուց հետո` 851—852թթ. ձմռանը, դադար է առնում Մուշում, որպեսզի վաղ գարնանը շարունակի իր ասպատակությունները։ Արաբական ոստիկանը խաբեությամբ իր մոտ է կանչում Տարոնի տեր Բագարատ Բագրատունուն և կալանավորում։ Թվում է, թե ճակատագրից անհնար էր խուսափել, երկիրը պետք է ենթարկվեր Յուսուֆի նոր ավերումներին։ Սակայն դեպքերն այլ ընթացք են ստանում։ 852 թ. վաղ գարնանը Սասունի և Խութի ազատասեր ապստամբ բնակչությունը Դավթի ու Խութեցի Հովնանի գլխավորությամբ իջնում է դաշտ և հանկարծակի հարձակվելով արաբական բանակի վրա՝ ջախջախում է այն։ Սպանվում է նաև Յուսուֆր և Հայաստանը մի պահ ազատ շունչ է քաշում մինչև Բուղայի ավելի արյունալի ասպատակությունները։ Հայտնի է, որ սասունցիների ու խութեցիների այդ դյուցազնական կռիվը դարձել է «Սասնա ծռեր» հերոսավեպի կենտրոնական ճյուղի՝ «Սասունցի Դավթի» հիմնական սյուժեն: Թուրքական ծանր տիրապետության շրջանում (XVI—XIX դդ.) Մուշը ոչ մի հնարավորություն չուներ մեծ ու մարդաշատ քաղաք դառնալու։ Նա այդ ժամանակներում մնացել էր այնպիսին, ինչպիսին էր Յակուտի ժամանակներում։ Իսկ վերջինս Մուշի մասին հաղորդել է, որ «փոքր քաղաք է Խլաթի մարզերում, Հայաստանի հողի վրա»։ Մինչև 1915 թ. Մուշը ուներ 12 մեծ ու փոքր թաղեր ՝ Բերդի թաղ, Բրուտի թաղ, Դաշ մահլա, Դուզ մահլաէ Խուրդենց թաղ, Ձորի թաղ, ս. Մարինեի թաղ, Մինարա մահլա, Ջիգրաշենի թաղ, Սուֆրա մահլա, Ջերին թաղ, Քյոթան մահլա։ Քաղաքի կենտրոնում գտնվում Էր շուկան, որտեղ 19-րդ դ վերջերին հաշվվում էին շուրջ 800 մեծ ու փոքր խանութներ, կրպակներ և արհեստանոցներ, որոնցից 500-ը պատկանում էր հայերին։ Շուկան չուներ շատ թե քիչ կանոնավոր հատակագիծ, այն փաստորեն ներկայացնում էր խանութների ու կրպակների անկանոն դասավորված հավաքատեղի։ Քաղաքի ծուռումուռ, նեղ ու կեղտոտ փողոցների շուրջը կառուցված տների մեծ մասը չուներ բակեր ու ցանկապատ։ Դրա համար էլ փողոցներում լվացք անելը, ճաշ եփելն ու երեխա լողացնելը սովորական երևույթներ էին։ XIX դ. սկզբներին Մուշը ունեցել է ընդամենը 800—1000 տուն։ 1880—1914 թթ. քաղաքն ունեցել է մոտ 20000 բնակիչ, որից 11000-ը՝ թուրքեր ու քրդեր, իսկ 9000-ը՝ հայեր: Տեղում աշխատանքի սակավության պատճառով իրենց օրվա հացը վաստակելու համար Մուշից պանդխտության են գնացել հազարավոր մարդիկ։ Աղբյուրները հաղորդում են, որ Մուշի գավառից միայն 1877 թ. պանդխտության է գնացել 17000 մարդ։ Նրանք գնում էին Կ. Պոլիս, Ռուսաստանի զանազան քաղաքներ, եվրոպական և ամերիկյան երկրներ։ Հայերը հողագործությունից, ծխախոտագործությունից և այգեգործությունից բացի զբաղվում էին նաև առևտրով ու արհեստագործությամբ։ Արհեստներից տարածված էին խեցեգործությունը, կոշկակարությունը, դերձակությունը, ոսկերչությունը, դարբնությունը, ներկարարությունը, գորգագործությունը։ Մուշի արհեստավորների արտադրանքը, մրգերը, գինին, ծխախոտը, գյուղատնտեսական մյուս մթերքները վաճառքի էին տարվում նաև հարևան գավառները։ Քաղաքի շատ թե քիչ աչքի ընկնող շինություններն էին քարաշեն բաղնիքը, 2 իջևանատները, գավառի թուրք կառավարչի, անճաշակ ու անճոռնի առանձնատունը, մուսուլմանական 2 մզկիթները (մեկը նախկինում հայկական եկեղեցի էր) և հայկական Ս. Ավետարանոց, Ս. Գրիգոր Լուսավորիչ, Ս. Կիրակոս, Ս. Հարություն, Ս.Մարինե, Ս. Սարգիս, Ս. Ստեփանոս, Ս. Փրկիչ եկեղեցիները, որոնց մեծ մասը կանգուն էին և գործում էին մինչև 1915 թ.։ Այս եկեղեցիներից ամենից շքեղն ու գեղեցիկը Ս. Մարինեն էր, իսկ ամենահինը՝ Ս. Փրկիչը, որը հիշատակվում է 851 - 852թթ. դեպքերի առնչությամբ։ Մուշից 10 կիլոմետր հարավ-արևելք է գտնվել Մշո Սուրբ Առաքելոց վանքը (այժմ ավերակ վիճակում)։ Քաղաքի արևելյան կողմում` բարձունքի վրա, գտնվում էր Մուշի բերդը, իսկ նրանից ոչ հեռու՝ Միացյալ ընկերության կենտրոնական վարժարանի կամ սրբոց Թարգմանչաց դպրոցի հոյակապ շենքը, որը կառուցել էր մշեցի Մկրտիչ աղա Տեր-Հովհաննիսյանը 1850 թ։ Բավական մեծ թիվ են կազմում Մուշում ծնված հայ հասարակական գործիչները, գիտության և արվեստի աշխարհի երախտավորները։ Այստեղ է ծնվել նաև հայ երգարվեստի ամենանշանավոր ներկայացուցիչներից մեկը՝ Արմենակ Շահմուրադյանը (1878—1939), որին սովորաբար կոչել են «Տարոնի սոխակ»։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել