Արդյոք ճի՞շտ է, որ ինձ, Արտոնյալ ես համարել,
Ինքդ ես ստեղծել հողից, Ինքդ արքա թագադրել:
Տե՛ր իմ, Նրան, որ ասում են թե կողիցս ես արարել,
Հասցրել ես ամեն բան, իսկ ինձ դեռ չես մեծացրել:
Չորրորդ վիճակ
Լսարան մտած նորեկը մուգ կապույտ շրջազգեստով էր ու հուշիկ քայլերով մոտեցավ նստարաններից մեկին, զգույշ տեղավորվեց:
Շարժումներն այնքան չափված էին, որ կողքից նայողին անմիջապես կթվար, որ դասից ուշանալու մեղքը փաթաթվել է ոտքերին:
Նստեց նրանից մեկ շարք առաջ ու պայուսակից հանելով տետրը, ուշադիր նայեց գրատախտակի կողմը:
« Ի՞նչ ծանոթ բուրմունք է, ի՞նչ հարազատ օծանելիքի հոտ, այսպիսի բուրմունք միայն նա կարող է ունենալ, Հասմիկը՝ իմ դպրոցական սերը, Աստված իմ, մի՞թե իրոք հրաշքներ ես կարողանում գործել: Դե իհարկե նա է, մազերի հավաքելու ձևը, գլխի շարժումները, մազերի տակից երևացող ականջը, որ ես այն ժամանակ նմանեցնում էի վարդագույն փոքրիկ արևի…»
Միայն աջ ականջն էր երևում, իսկ նրանից տարածվող օծանելիքի հոտը՝ գժվեցնում ինչպես դպրոցական տարիներին:
Երևի չդիմացավ, որ ձեռքը երկարեց ու դիպավ նրա ուսին:
Շրջվեց, նայեց նրան ու ժպտաց:
Ներքևի ատամնաշարում բացակայում էր մի ատամ, որը չէր խանգարում հաճելի ժպիտ երևալուն:
Չէ՜, Հասմիկը չէ, բայց ի՞նչ նմանություն:
Պատասխան ժպիտն ընդհատվեց:
- Գալստյա՛ն, մի՛ խանգարիր, երեխա հո չե՞ս, որ լսարանից դուրս հանեմ: Սա ձեր ցիկլի առաջին դասն է ու կարևոր:
- Կներեք ընկեր Քեշիշյան, չի՛ կրկնվի: Կարելի՞ է մի նստարան առաջ գալ, լավ չի երևում գրատախտակին գրվածը:
- Շարունակում ենք:
Բոլորը գրում էին բացի նրանից:
« Սա սերն է առաջին հայացքից և ո՞վ է ասել որ չկա, խնդրե՜մ, հայտնվեց կողքս ու այնքա՜ն ցանկալի… պատահում է:»
Ձեռքով զգույշ դիպավ նրա ձեռքին:
Ժպտացին իրար:
Տետրի մի թուղթ պոկեց:
Ձեռքերը դողում էին, բայց կարողացավ գրել.
« Իմ անունը Դավիթ է»:
Դասախոսը մեջքով կանգնած ինչ որ բան էր գրում գրատախտակին:
Հրեց թուղթը դեպի նա:
Պատասխանը հեքիաթի նման չուշացավ:
«Մանե»
« Մանե՞, ճակատագրի քմծիծա՞ղն է, ա՜յ քեզ բան, չէ՞ որ դա էլ իմ առաջին կուրսի սերն է, մի՞թե պատահականությունը իրոք գլուխ բարձրացրած պետք է միշտ ծիծաղի իմ վրա… դպրոցական սե՜ր, ուսանողական սե՜ր…»
Վանդակավոր թուղթը հերթական անգամ սահեց երեսուն սանտիմետր ու կանգ առավ:
«Հանդիպե՞նք, պարապմունքից հետո»:
Պատասխանը թղթի վրա այդպես էլ չհայտնվեց, փոխարենը գլխի դրական շարժումն էր, որ նրան գոհացրեց:
Ազատ շունչ քաշեց ու հաղթողի իրավունքով հենվեց նստարանի թիկնակին:
Հպարտ հայացքը ուղղեց դասախոսին:
- Սրանով այսօր ավարտեցինք: Մյուս դասին կանդրադառնանք լոլիկի շիվատման ու լոլիկախյուսի օրգանական լրացուցիչ պարարտացման մեթոդներին: Հիմա բոլորդ ազատ եք:
Դավիթը կանգնեց, ձեռքի աջ մատներով փորձեց սանրել մազերը, ինչպես տարիներ առաջ էր անում ու զգալով որ համարյա մազ չի մնացել, վերցրեց կողքի ձեռնափայտն ու առանց շտապելու, Մանեի ետևից քայլեց դեպի լսարանի դուռը:
Ո՞ւր շտապեր իր յոթանասուն երկու տարիները մեջքին, շտապելու տեղ չկար, մանավանդ որ… ծերանոցի «Այգեգործական ընկերության» այսօրվա սեմինարն ավարտվել էր:
Այս ժամերին ծերանոցի այգին մարդաշատ է լինում:
Ետճաշյա ժամ է, վաղուց, անհիշելի ժամանակներից ընդունված կարգ:
Երեխաների վազվզոց չկա, աղմուկ, աղաղակ չկա ու դրանից էլ տխուր թվացող այգին թողնում է մելամաղձոտ տպավորություն:
Քիչ հեռվում կարծես պարանեցը ծուռ մի շինություն է, վրան գրված «Ճաշարան», որտեղից էլ դուրս են եկել նստարանների վրա հանգստացող մարդիկ, մարդիկ, որ իրենց ինչ որ տեղ համարում են լքված ու մոռացված բոլորի կողմից:
Բայց դա թվում է միայն առաջին հայացքից, իսկ ներքուստ այնտեղ ապրում են հիշողությունները, որոնք ամենուր են՝ նստարանների, ծառերի, աճեցրած թփերի, նեղ ու մաքուր արահետների վրա ու բնակիչների ենթագիտակցության մեջ:
- Պիոներական ճամբարի նման է, հիշո՞ւմ ես, Ռաֆ:
- Ո՞նց չեմ հիշում, դա էլ ասելու բա՞ն է, բայց միայն տեսքից, չնայած այստեղի ջահել կանայք, էլ չշարունակեմ:
- Ջահելը ո՞րն ա, վաթսունից պակաս չկան, բայց խոսքը մեր մեջ, մեջները լավերն էլ կան:
- Բա՜խտ եմ ասել է, երկու ընկեր ու նորից հայտնվեցինք իրար կողք: Միայն բանակ գնացինք առանձին-առանձին, դու որտե՞ղ էիր ծառայում:
- Սիզրան:
- Հա, հիշեցի, ես էլ «Մամաև Կուրգան»:
- Իսկ հիշո՞ւմ ես ուսանողական ջոկատում ոնց իրար քիթ ու մռութ ջարդեցինք Լուսինեի համար, հիշո՞ւմ ես:
- Լուսինեի համար չէր, Տաթևիկի համար էր:
- Լրիվ կորցրել ես հիշողությունդ: Բայց ասեմ, որ լավ հաջողություն ունեիր, բաց գույնի մազե՜ր, կապույտ աչքե՜ր…
- Հիմա էլ պակասը չեմ, հիմա էլ Մանե ունեմ:
- Է՜, էդ հեչ, ստից ընկերություն է…հիշում եմ, ուսանողական ջոկատում, ոնց էիր գիշերը մտել աղջիկների սենյակ, Տաթևի լիֆը թռցրել ու կապել էիր մեր պատուհանից…
- Հա,՜բայց ուզում էի Լուսինեինը թռցնել, երբ մտա Լուսինեն աչքերը բացեց ու ձեռքով Տաթևիկի աթոռը ցույց տվեց, ինչ դավաճան են չէ՞ կանայք, ես դրանց…
- Մյուս գիշերն էլ իրենք էին մտել սենյակ, բոլորիս դեմքին ատամի մածուկ էին քսել, իսկ քո դեմքին կոշիկի սև քսուկ, ո՞նց էինք ծիծաղում քո վրա…
- Հիմա էլ կարող եմ, մի լավ վրեժս լուծել, լավ հիշեցրիր:
- Հո չե՞ս գժվել, այս տարիքում…:
- Չէ, ինձ ի՞նչ է եղել, որ, մի քիչ կուրախանանք:
- Չես փոխվել, մի քիչ ցնդել ես…նույն երեխան ես, ո՞վ կհավատա, որ այս տարիքում:
- Տարի՞ք, դու էլ բան ասացիր, ես չեմ փոխվում արդեն երկար ժամանակ է: Մի բան հարցնեմ, դու գիտես նյութի քանի՞ վիճակ է լինում:
- Էլի մի տափակ բան ես ասելու, ես քեզ գիտեմ:
- Լուրջ եմ հարցնում:
- Պինդ, հեղուկ և գազային, հետո՞, մոռացե՞լ ես, որ Պոլիտեխնիկում մի կուրսից ենք եղել:
- Իմ մարմինը չորորդ վիճակում է՝ նոսրացած վիճակ – վակուում, հասկացար:
- Դու այդպես էլ չմեծացար, Դավիթ ջան…
Երեկո էր երբ արևն անվճար դեռ տաքցնում էր բոլոր նրանց, ով ընկնում էր իր ձեռքերի մեջ:
Գրկում ջերմացնում էր ու բաց թողնում, զգալով որ շուտով հեռանալու է որոշ ժամանակով, ուժ հավաքած նորից գալու, ջերմացնելու համար հատկապես այն սրտերը, որոնք առավել կարիք ունեն ջերմության ու ուրախանալու…
Արևը ձեռնոց էր նետել կյանք կոչված մի սրիկայի, որ երկար ժամանակ ուրախությունից բաբախող սրտերին հիմա միայնացրել ու լացացնում էր…
Սրիկա՜, սրիկա կյա՛նք, մի՞թե դու չգիտես, որ արևից բացի կան նաև խենթ ու խելառ այնպիսի սրտեր, որ թքած ունեն կյանքի հարվածների վրա ու ամեն ինչ անում են պայքարելու իրենց սրտերը քեզնից թաքցնելու համար…
Ամեն ինչ անում են միայն արևին հանձնելու սիրտ կոչվող՝ մարմնի ամենանվիրական բանը…
Կստացվի՞ թե ոչ…ո՞վ գիտե, բայց նրանց տարիների փորձը խոր գիտակցության մեջ հուշում է որ…կյանքն ուժեղ է արևից, քանի որ արևի նման միայն ցերեկը չէ, որ գոյություն ունի…
- Մանե, ձեր սենյակի դուռը գիշերը փակո՞ւմ եք, վախենո՞ւմ եք ինչ որ բանից:
- Իհարկե փակում ենք, չորսս էլ վախկոտ ենք նապաստակների նման: Ինչո՞ւ ես հարցնում:
- Ո՞ւմից պետք է վախենաք, ուրվականների՞ց, լուսնորդների՞ց, գողերի՞ց թե…
- Չգիտեմ, երևի սովորություն է, Դավիթ ինչո՞ւ ես հարցնում, դուք չեք փակո՞ւմ:
- Մի բան պետք է խնդրեմ, կարո՞ղ ես այսօր չփակել, քեզ երբեք ոչինչ չեմ խնդրել:
- Կարգին բան կարո՞ղ ես բացատրել, չնայած կռահում եմ, լավ, թող քո ասածը լինի, դժվար համոզեմ ընկերուհիներիս, բայց կփորձեմ:
Գիշեր էր, երբ ծերանոցի երրորդ հարկում, սպիտակ ոտաշորով, գողեգող քայլում էր մի ուրվական:
Տարօրինակ չէր, որ նա հայտնվել էր այդ ժամին, այդ հարկում ու քայլում էր շատ զգույշ, այլ այն որ նա քմծիծաղում էր քթի տակ ու մրմնջում ինչ որ խոսքեր:
Ուրվականը մոտեցավ մի դռան, զգույշ բռնեց բռնակից ու փորձեց բացել:
Դուռը տեղի տվեց ու առանց ճռռոցի բացեց իր հյուրընկալ գիրկը…
- Եկա՞ր, արի մենակ եմ, բոլորին համոզեցի ուրիշ տեղ քնելու, ինչպես որ պայմանավորվել էինք, ի՞նչ ես շշմածի նման կանգնել, արի՛,- Մանեն ետ տվեց վերմակի ծայրն ու ձեռքով մոտենալու նշան արեց:
Նախաճաշն անցնում էր լուռ ու անսովոր խորհրդավոր:
Ռաֆիկը նախաճաշում էր մենակ:
« Տեսնես ինչո՞ւ չեկավ Դավիթը, հաստատ մրսել, հիվանդացել է, անտրամադիր էր, Աստված իմ, մի լուրջ բան չլինի՞, կմնամ մենակ, ոչ մի բառ չխոսեց, չկարողացա համոզել, որ վերկենա իջնի, գոնե թեյ խմի:»
Կողքի սեղանի չորս կանանցից ոչ մեկը չէր կարողանում խախտել սահմաններ չունեցող լռության տարածքն ու դուրս գալ նրանից:
Հեղինեն չդիմացավ:
- Մանե՞, դե ասա, ա՛յ կնիկ, մեռանք սպասելով:
- Ի՞նչ ասեմ:
- Ո՞նց թե, դե մի երկու բառով, իզո՞ւր ամբողջ գիշերը անցկացրի լվացքատան չոր թախտի վրա:
- Հա, մենք էլ քո համար տարբեր տեղեր…չկարողացանք քնել կարգին,- Աստղիկի աչքերը փայլում էին:
- Լսի՛ր, այդ ի՞նչ օրն ես գցել խեղճին, որ նախաճաշելու էլ չի իջել, Մանե՛, կրակ ես է, կրա՛կ:
Մանեն ժպտաց ու գլուխը կախեց:
- Աղջիկներ, ես էլ ձեզ համար, որ պետք լինի, կգնամ ուրիշ սենյակում քնելու, լա՞վ, նման բաները չեն պատմում սիրելիներս, պատմելու ի՞նչ կա, ես սիրում եմ բոլորիդ:
Պատմելու ի՞նչ կար…
Մի՞թե պետք է պատմեր, որ նա եկավ, չարչարվեց, իրեն չարչարեց ու ոչինչ չստացվեց նրա մոտ…
Մի՞թե պետք է պատմեր, որ նա գետնին նստած, գլուխը հենած անկողնուն մինչև առավոտ լաց էր լինում իր անկարողությունից…
Մի՞թե պետք է պատմեր, որ առավոտյան հեռանալիս համբուրեց իր ոտքի կոճն ու գլուխը կախ հեռացավ…
Պատմել իհարկե պետք չէր, բայց հարցնել թե ինչո՞ւ էր հետը բերել ատամի մածուկի պարկուճը, երևի պետք էր, գուցե՞ ընկերուհիներն իմանային պատասխանը…
Մտքերն ընդհատեց կողքի սեղանից լսված Ռաֆիկի հարցը:
- Սա Դավիթի տեղն է, ինչո՞ւ եք ուրիշ մարդ նստեցնում:
- Նորեկ է, այսօրվանից այստեղ է նստելու, Դավիթն էլ չկա՛…
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/StepanUmar/posts/526852537387720
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել