News.am-ը գրում է․
«Վեոլիա Ջուր» ընկերությունը կամ այլ մարմին եթե ջրի խնդիրը չկարողանա լուծել, ապա ես պատասխանատու հայտարարում եմ, որ մենք այդ խնդիրը կլուծենք: Այս մասին այսօր՝ օգոստոսի 25-ին, նախընտրական քարոզարշավի ընթացքում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ Երեւանի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը:
«Դա Երեւանի քաղաքապետարանի տիրույթում եղած խնդիր չէ: Մեր տանն էլ նույն խնդիրն է: Երեկ ես էրեբունցիներին խոստացել եմ, որ նույնիսկ եթե այդ խնդիրը որեւէ մեկ այլ մարմին չկարողանա լուծել, ես պատասխանատու հայտարարում եմ, որ մենք այդ խնդիրը կլուծենք»,- նշեց Ավինյանը:
Տիգրան Ավինյանն ասաց, որ քաղաքապետարանը ընկերության հետ ունեցել է քննարկումներ՝ առաջին հերթին կոյուղագծերի եւ ենթակառուցվածքի հիմնանորոգման հետ կապված.
««Վեոլիա ջուրը» շատ արդարացի ասում է, որ ինքը սահմանափակված է տարեկան ներդրումներ իրականացնել իքս չափով, որը բավականին փոքր գումար է, դա կոյուղագծի համար, ոչ էլ ջրագծերի փոփոխման համար բավարար գումար չէ, բայց ընկերությունը մեզ նաեւ տարեկան վճարում է վարձավճարներ՝ 9-10 մլրդ դրամի չափով: Խոսելու ենք կառավարության հետ, եւ այն գումարները, որոնք կառավարությունը ստանում է ջրագծերի վարձակալության համար, պետք է հետ ջրագծերի կառուցման համար արվեն. դա իրագործելի խնդիր է»: