Մի քիչ երկար ա ստացվել, որ չկարդաք էլ չեմ նեղանա, բայց ավելի լավ ա կարդաք))
Մարդը տառապանքի միջով է ծնվում։ Նրա լույս աշխարհ գալու հենց առաջին վայրկյանից նա տառապում է. տաք ու հարմարավետ տեղից նրան դուրս են հրում, մարմինը ահռելի ճնշման է ենթարկվում, իսկ թթվածինը չի հերիքում։ Բայց որքան էլ սարսափելի հնչի՝ դա մարդուն պետք է։ Ծննդաբերական սթրեսը նորածնին ստիպում է ահռելի քանակությամբ հորմոններ, էնդորֆիններ, կենսաբանական ակտիվ հավելումներ արտադրել, որոնք պատրաստում են նրան ագրեսիվ շրջակա միջավայրին։ Ծննդաբերական շոկն անհրաժեշտ է, որպեսզի ձևավորվի իմունիտետը։
Մեր կյանքը սկսվում է ցավով և դրանից խուսափելն անհնար է։ Ավելին՝ վտանգավոր է դրանից խուսափել։ Որովհետև հետազոտությունները ցույց են տալիս, որ երեխաները, ովքեր ծնվել են կեսարյան հատման շնորհիվ, ավելի հակված են հետագայում առողջական տարատեսակ խնդիրներ ունենալուն։ Դեռևս Ժան Ժակ Ռուսսոն էր ասում, որ տառապանքը առաջին բանն է, որ երեխան պետք է սովորի։
Ազգը արժանի է լինում պետականության, սեփական հողում ապրելու, երբ անցնում է տառապանքի միջով։ Դա է բնության օրենքը։ Բացեք պատմության գիրքն ու չեք գտնի զարգացած մի երկիր, մի պետություն, որը չի անցել այդ զրկանքների միջով։ ԱՄՆ-ից Մեծ Բրիտանիա, Հարավային Կորեայից, Ճապոնիայից մինչև Գերմանիա ու Չինաստան։ Բոլորը տառապել են։ Ոմանք անգամ մինչ օրս տառապում են, որ իրենց երկիրը կայանա։
1991 թվականին մեր գլխին ընկավ անկախություն։ Հիմա շատերը գուցե հետս չհամաձայնվեն, բայց ես դա գլխներիս ընկնել եմ համարում։ Դրա համար շատերը չզգացին դրա քաղցրությունը... ու մինչ օրս էլ չեն զգում, դրա համար էլ այդպես թքած ունեն իրենց շուրջը կատարվողի վրա։ Իրենք գիտեն, որ ինչ էլ լինի, էլ դժվար իրենցից վերցնեն ՀՀ զինանշանով անձնագիրը ու տեղը թուրքական կիսալուսնովը տան։ Շատերն արխային են, որ դե ինչքան էլ մի քանի սար էս կողմ-էն կողմ լինի, բայց դե դժվար չկարողանան գնալ Աբովյան փողոց կամ իջնեն իրենց գյուղամեջ։ Սա կեսարյան հատումով պետություն ունենալու հետևանքն ա։ Սա սեփական իմունիտետը ծնվելու պահին չձևավորելու հետևանքն ա։ Ու այսօր հայ ազգի միակ հատվածը, որը տառապելով կերտում ա իր դիմադրողականությունը, որը զրկանքների միջով հիմք ա դնում սեփական հողում ապրելու համար պայքարին, որպես պետություն կայանալուն, դա Արցախն ու արցախահայությունն են։
Որ դու ուժեղ ես, իմանում ես միայն այն ժամանակ, երբ իրական կռվի մեջ ես մտնում։ Իսկ մենք մեր դրոշի ու անկախության համար 91-ին չենք զոհվել։ Հադրութցուն իր դրոշի մեջ փաթաթած գնդшկшհшրել են, որովհետև նա հանդգնել էր անկախություն ուզել, իսկ երևանցու ձեռքից 91 թվականին ընդամենը կարմիր անձնագիրը վերցրեցին, կապույտը տվեցին։
Արցախի շուրջ այս ամիսների ընթացքում հյուսվող տարատեսակ դավադրություններն ու սադրանքները բախվում են արցախցու համառության ու փշրվում։ Ու որոշ uրիկшների թեթև ձեռքով լինելով հայության ամենաքննադատված հատվածը, նրանք, անկախ իրենցից, դարձել են կենդանի ուղեցույց հայության մնացած հատվածի համար։ Սեփական օրինակով, սեփական մաշկի վրա ցույց են տալիս, որ դժվարությունների, սթրեսի ու տառապանքի միջով անցնելուց հետո իրենք պիտի վերածնեն հայ ազգին, հայ պետականությունը։ Հենց իրենց միջոցով ենք ողջ հայ ժողովրդի անունից աշխարհին ապացուցում, որ այս հողի վրա ապրելու իրավունք ունենք։
հ.գ. լուսանկարներից առաջինում արցախցի երեխան է 2023 թվականին հացի հերթից տուն վերադառնում, իսկ երկրորդում՝ 1946 թվականի հետպատերազմական Մեծ Բրիտանիայում բրիտանացի աղջնակ Քրիստին Քոմբսը։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/aram1307/posts/pfbid0RBuB9Tj9BY297xaXuWHEGvjG91iNj4LCkU9mHKUc12iT45ADhAV6ZPrHNbaeVuKPl
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել