Մամուլում հաճախ են հայտարարություններ լինում քաղծառայողի կամ ՏԻՄ համակարգի չինովնիկ աշխատելու համար նախատեսվող քննություններ անցկացնելու մասին: Մինչդեռ հազիվ թե որեւէ մեկը լսած լինի պատգամավոր դառնալու լիցենզիա տվող քննության կամ ատեստավորման մասին: Անգամ ընտրական հանձնաժողովներում «սեզոնային» աշխատանքի համար հատուկ դասընթացներ են անցկացվում մարզպետարաններում, ու հատուկ վկայականներ են տրվում՝ քննությունները բարեհաջող հանձնածներին: Ուսուցիչներն են մի քանի տարին մեկ ատեստավորում անցնում, ու ոմանք անգամ «կտրվում» են քննությունից՝ անբավարար գիտելիքների պատճառաբանությամբ: Դպրոցների տնօրենների պաշտոնների համար են մրցույթներ անցկացվում: Դատական համակարգի աշխատողներն են քննություն հանձնում՝ պետդեպարտամենտում: Անգամ մասնավոր ընկերություններում են երբեմն համակարգչային գիտելիքներ ու անգլերենի իմացություն պահանջում, «քաստինգներ» անցկացնում... նույնիսկ հավաքարարների համար: Մինչդեռ ԱԺ պատգամավորը երկրի օրենսդիր մարմնի անդամ դառնալու համար Հայաստանում բավական է միայն կուսակցական պատկանելությունը եւ այն, թե այդ կուսակցությունը որքան ձայն կհավաքի «տնից տուն» կամ «գզիրն ընկավ դռնեդուռ» ծրագրի շրջանակներում: Բա հետո էլ ոմանք սովետական տարիների Գերագույն Խորհուրդն են ծաղրում, թե կթվորուհիներին էին պատգամավոր ընտրում: Նրանք գոնե որպես կթվորուհի էին վարձատրվում, իսկ պատգամավորական նիստերին տարին մեկ թե երկու անգամ մասնակցելու համար չէին վարձատրվում: Իսկ հիմա՝ անկապ, ոչինչ չասող, բութ դեմքերով, իրավաբանությունից կիլոմետրերով հեռու ոմանք, որ թքած ունեմն ժողովրդի վրա, ամեն ամիս պետբյուջեից ճոխ-ճոխ վարձատրվում են, ինչ է թե՝ տվյալ քաղաքական կուսակցության անդամ են, ու նրանց միակ գործն անհրաժեշտ պահերին պատգամավորական «կոճակ սեղմելն» է: Փաստորեն, պատգամավոր դառնալու համար անգամ համակարգչային գիտելիքներ չեն անհրաժեշտ. նրանք դա կարող են ձեռք բերել նաեւ պետության կողմից անվճար տրվող համակարգչով «շարիկ գլորելիս», «փիս-փիս» կայքեր կարդալիս կամ, լավագույն դեպքում, կայքային մամուլն աչքի անցկացնելիս, որպեսզի ստուգեն, օրինակ, թե իրե՞նց, թե՞ մեկ այլ պատգամավորի մասին են ավելի շատ վատ բաներ գրում: Անգամ մի երգիծական համար էին Կարգին Հայկո-Մկոն պատրաստել հեռուստատեսությամբ, որ վերաբերում էր որոշ պատգամավորների հավաքական կերպարին՝ համակարգչային ցածրորակ գիտելիքների առումով: Պատգամավորից մինչեւ նախարար էլ մեկ քայլ է, եւ նախարար դառնալու համար էլ առանձնապես մեծ գիտելիքներ չեն պահանջվում, այլ միայն իշխող կուսակցության «դաբրոն» ստանալը: Հետաքրքիր է, արտասահմանյան զարգացած երկրներում է՞լ է այդպես, երբ պատգամավորից ու նախարարից ավելի քիչ է պահանջվում (ավելի շատ վարձատրվում), քան պետական կամ ՏԻՄ ծառայողից: Ահա թե ինչու պատգամավոր դառնալու համար շատերն ինչ ստոր միջոցի ասես չեն դիմում` էլ ձայներ «գնել», էլ քծնել, ստորանալ, մրցակիցներին «շարքից» հանել, վարկաբեկել կամ ծեծել տալ ոչ միայն մրցակիցներին, այլեւ նրանց համար քարոզչություն անողներին: Մի առանձին թեմա է, թե ինչ սկզբունքով են անցնում քննությունները ՏԻՄ համակարգում, արդյո՞ք քննություն անցկացնող ավագանու անդամն ունի բավականաչափ գիտելիքներ, որ առավել արժանավորների բախտը որոշի:
Նյութի աղբյուր՝ http://azatankakh.blogspot.com/2013/09/blog-post_10.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել