ՌԴ նախագահի խորհրդական Սերգեյ Գլազևը, անդրադառնալով այն փաստին, թե Հայաստանն ու Մաքսային միության անդամները ընդհանուր սահմաններ չունեն, ինչը մի շարք հարցեր ու խնդիրներ է առաջացնում, ասել է. «Բայց չէ՞ որ մենք ունենք Կալինինգրադի մարզ, որի հետ նույնպես սահման չունենք: Մեզ համար տարբերություն չկա` դա պետությո՞ւն է կամ մարզ: Գլխավորը միասնական մաքսային տարածքն է»:

Համեմատությունը Կալինինգրադի ու Հայաստանի միջև կրկին անգամ «փոթորկեց» ոչ այդքան խաղաղ քաղաքական դաշտը: Մի կողմից հասկանալի է, որ ՌԴ նախագահի խորհրդականը փորձում է խնդրին մոտենալ՝ հիմք ընդունելով զուտ սահմանների բացակայության փաստը, համարելով, որ և՛ մարզի, և՛ պետության դեպքում խնդիրը կարգավորվում է նույն ճանապարհով: Մյուս կողմից՝ ստեղծված նուրբ իրավիճակում, երբ հասարակական-քաղաքական դաշտում ակտիվորեն քննարկվում է Հայաստանի Հանրապետության` այս կամ այն միությանը միանալու և ըստ այդմ՝ նոր իրողությունների փաստը, նմանատիպ հայտարարություններն այլ երանգավորում են ստանում:
Դժվար է ՌԴ-ի այս կամ այն պաշտոնյայի նմանատիպ հայտարարությունները բացառապես դիտարկել «իշխանությունների պարտվողականության» կամ «երկիրը հանձնելու մտադրության» տրամաբանության մեջ, քանզի այդ դեպքում հարց կառաջանա. իսկ ինչպե՞ս է պատահում, որ ՌԴ պաշտոնյաները, այդ թվում՝ երկրի նախագահը անհարգալից պահվածք են դրսևորում կամ հայտարարություններ հչեցնում ԱՄՆ-ի կամ ԵՄ անդամ երկրների ու դրանց ղեկավարների նկատմամբ:
Մասնավորապես «Մեծ քսանյակի» գագաթաժողովում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը Մեծ Բրիտանիան անվանել է «փոքրիկ կղզի, որին ոչ ոք կարևորություն չի տալիս», իսկ Սիրիայի առնչությամբ ԱՄՆ որոշ մոտեցումներ ՌԴ նախագահի կողմից «ապուշություն» էին որակվել (Պուտին-Բայդեն հայտարարությունների «փոխհրաձգությունը» մշտական բնույթ է կրում): Պուտինը ոչ վաղ անցյալում հայտարարեց, որ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին «ստում է»:

Արդյոք սա նշանակո՞ւմ է, որ ԱՄՆ-ի կամ Արևմտյան Եվրոպայի երկրների իշխանություններին կարող ենք մեղադրել «երկիրը ծախելու կամ ինքնիշխանությունը հանձնելու մեջ», արդյոք Արևմուտքին ուղղված այդ հայտարարությունները նշանակո՞ւմ են, որ ԱՄՆ-ն կամ Եվրոպան որպես պետություններ «ձախողված են»:
ՌԴ պաշտոնյաները մեկ անգամ չէ, որ իրենց հայտարարություններով անհարմար իրավիճակներ են ստեղծել, սակայն անընկալելի է, երբ փորձ է արվում դրանք կապել «պետության փլուզման» կամ «Ղարաբաղը ծախելու հետ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել