Mediahub.am-ը գրում է․

Մինչ Աստվածածնի վերափոխման տոնը, կամ, ինչպես ժողովուրդն ասում է` Խաղողօրհնեքը, ըստ ավանդույթի արգելվում է ուտել խաղող, որը տոնակատարության գլխավոր խորհրդանիշն է։

Ըստ հայկական ավանդույթների` տոնից առաջ չի կարելի խաղող ուտել։ Այդ օրը խաղողը եկեղեցի էին բերում, օրհնում էին, ու միայն դրանից հետո այն կարելի էր սեղանին դնել:

Ըստ ավանդույթի, տոնակատարության օրը սեղանին մրգեր էին դնում, մասնավորապես տոնի խորհրդանիշը` խաղողը։ Մատուցում էին նաև գաթա, գառ էին զոհաբերում ու բաժանում չքավորներին։Շատերը կարծում են, որ կենդանի զոհաբերելով կարելի է պարտքը կատարած համարել։ Տոնն իսկապես նշելու համար պետք է հետևել բոլոր ավանդույթներին:

Աստվածածնի վերափոխման տոնին օրհնվում է խաղողը և ողջ բերքը: Բացի եկեղեցական ծեսից, մարդիկ այս օրը ուխտագնացություն էին կազմակերպում և զոհաբերություն մատուցում:

Աստվածածնի վերափոխման տոնը Հայ առաքեկայան եկեղեցու հինգ տաղավար տոներից չորրորդն է և Տիրամորը նվիրված տոներից ամենահինը: Հայերի համար Աստվածամոր կերպարը ոչ միայն հնազանդության և խոնարհության, այլ նաև խիզախության, պայքարի, համբերության և աստվածային զորության խորհրդանիշ է:

Որոշ եկեղեցիներում տոնական ժամերգությունից հետո կազմակերպվել են բարեգործական միջոցառումներ, հյուրասիրություններ, ելույթ են ունեցել ժողովրդական երգի և պարի համույթները, երգչախմբերը, երաժշտական դպրոցների և մշակույթի տների աշակերտները։

Աստվածաշնչում Աստվածածնի մասին լուրերը կցկտուր են, իսկ նրա կյանքի մյուս մանրամասները, ինչպես և Վերափոխման պատմությունը, պահպանվել և մեզ են հասել Եկեղեցու սուրբ ավանդության շնորհիվ։

Ավանդույթի համաձայն, Սուրբ Կույսը Հիսուս Քրիստոսի խաչելությունից հետո ապրել է Երուսաղեմում` Հովհաննես ավետարանիչի խնամքի ներքո։ Մոտ 12 տարի Աստվածամայրն այցելել է իր Որդու գերեզմանին և անդադար աղոթել։ Այդ այցելություններից մեկի ժամանակ Գաբրիել հրեշտակապետը նրա` երկինք համբարձման մասին բարի լուրն է բերում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել