1in.am-ը գրում է.

Չորս տարի ԵՄ-ի հետ բանակցություններ վարելուց հետո հայաստանյան իշխանությունները մեկ օրում Մաքսային միությանն անդամակցելու որոշում կայացրին: Սա նշանակում է, որ նրանք կա՛մ Մաքսային միությանն անդամակցելու րոպեական որոշում են կայացրել, կա՛մ այդ գաղափարը եղել է նախկինում, և պարզապես հանրությունից թաքցրել են, կա՛մ դրա մասին իմացել է մարդկանց խիստ նեղ շրջանակ, որի մեջ չի եղել անգամ ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը այս մասին ասաց Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ, քաղաքական վերլուծաբան Էդգար Վարդանյանը: 

«Ակնհայտ է, որ Մաքսային միությանն անդամակցելը բարդացնում է Հայաստանի՝ Խորը և համապարփակ առևտրի գոտի մտնելը: Որքան էլ կողմ փաստարկներ բերվեն, միևնույն է՝ «և… և…»-ի քաղաքականությունն ուղղակի անհամատեղելի է՝ մանավանդ Հայաստանին երրորդ կողմի հետ մաքսային հարաբերություններ թույլ տալու-չտալու հարցը պետք է որոշի նույն Մաքսային միությունը»,- ասաց նա:

Էդգար Վարդանյանի խոսքով՝ կարելի է հիմնավորապես պնդել, որ անդամության հարցով Ռուսաստանի կողմից Հայաստանի վրա ճնշում է եղել: 

«Հաճախ լսում ենք, որ Մաքսային միությանը Հայաստանն անդամակցել է անվտանգության խնդիրը լուծելու պատճառով՝ իբր շոշափվել է Ղարաբաղի հարցը: Բայց ի՞նչ կապ ունեն անվտանգության և միությանն անդամակցելու հարցերն իրար հետ: Սա ընդամենը իշխանությունը պահելու ձև է: Իշխանությունները հաշվետու չեն եղել ժողովրդին, գործել են ոչ թափանցիկ՝ եվրոպական գործընկերների համար դառնալով ոչ վստահելի: Իշխանությունները քարոզել են մի բան, կայացրել դրան հակառակ որոշում: Իմ գնահատմամբ՝ գնացքը գնացել է և շատ վաղուց: Հայաստանյան իշխանություններն իրենց լեգիտիմությամբ չէին փայլում, սակայն այժմ ավելի բարդ վիճակում են հայտնվել»,- ասաց վերլուծաբանը:

Փորձագետի համոզմամբ՝ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությունից առաջ պետք է հանրաքվե անցկացվեր: «Սակայն, հաշվի առնելով մեր երկրում անցկացվող ընտրությունների որակը, այս առումով ես հոռետես եմ»,- ասաց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել