Armsport.am-ը գրում է.
Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի՝ Կուբայում անցկացված գործկոմի նիստում այսօր որոշում կայացվեց ծանրամարտի աշխարհի 2024 թվականի առաջնության անցկացումը վստահել Բահրեյնին: Ինչպես հայտնի է՝ Հայաստանը ևս թեկնածուների թվում էր: Հայաստանի հայտը գործկոմի նիստում ներկայացրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը:
Ծանրամարտի Եվրոպայի 2023 թվականի առաջնությունը Երևանն ընդունեց ամենաբարձր մակարդակով: Այդ մասին վկայում էին նաև միջազգային ֆեդերացիայի ղեկավարները: Իսկ թե ինչու մարզաձևի միջազգային ֆեդերացիան չբավարարեց Հայաստանի ներկայացրած հայտը, Կուբայի մայրաքաղաք Հավանայից ArmSport-ի հետ զրույցում պատմում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:
«Ինչո՞ւ մերժեցին. որովհետև դրոշի հետ կապված հայտնի միջադեպը մեզ համար ճակատագրական եղավ: Եթե մինչև այդ, գործնականում արդեն մեզ էին վստահել հաջորդ տարվա ԱԱ-ի անցկացումը, այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասում է Կարեն Գիլոյանը:
ԿԳՄՍ նախարարի տեղակալի խոսքով՝ Հայաստանի հայտն իսկապես շատ գրավիչ է եղել՝ մարզաձևի զարգացման ու մասսայականացման տեսանկյունից:
«Իհարկե, այստեղ աներկբա է կողմնակալ վերաբերմունքը, որովհետև թեկնածու երկրների ներկայացրած հայտերն անհամեմատելի էին մեր ներկայացրած հայտի հետ: Մերը շատ ավելի լավն էր ու օգտավետ՝ մարզաձևի մասսայականացման, զարգացման ու հզորացման, ինչպես նաև մարզիկների և մարզիչների համար: Բավական հետաքրքիր հայտ էինք ներկայացրել: Բայց այդպիսին էր որոշումը. ոչինչ անել չենք կարող: Վստահ եմ՝ մեզանից լավ որևէ մեկը չի անցկացնելու»,- նշում է Կարեն Գիլոյանը:
Նրա խոսքով՝ քվեարկությունից հետո Միջազգային ֆեդերացիայի գործկոմի անդամներն ասում էին, որ հավանաբար սխալ արեցին. «Ասում էին՝ Հայաստանի առաջարկն անհամեմատ ավելի լավն էր: Չեն ուզում լավ բան, թող չլինի: Մեր քաղաքականությունը չի փոխվել. նպատակ ունենք տարբեր մարզաձևերից միջազգային խոշոր մրցաշարեր անցկացնել մեր երկրում, գնալու ենք այդ ճանապարհով: Կմտածենք որևէ այլ մարզաձևից առաջնություններ ընդունելու ուղղությամբ»:
Բահրեյնում կայանալիք աշխարհի 2024 թվականի առաջնությունը կանցկացվի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին՝ Փարիզի օլիմպիական խաղերի ավարտից մի քանի ամիս անց: Սա կլինի ծանրամարտի ամենակարևոր մրցումը, որը երբևէ անցկացվել է Բահրեյնում:
Հիշեցնենք՝ Բահրեյնի հավաքականի կազմում է հանդես գալիս հայ ծանրորդ Գոռ Մինասյանը: