Aysor.am-ը գրում է.
Երեկ Աժ-ում լրագրողների հետ զրույցում Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը նշել էր, որ դիզայներ, ոճաբան Արամ Նիկոլյանն իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից։ Թե երբ է ազատվել՝ Մովսիսյանը չէր հստակեցրել.«Ինչ-որ ժամանակ առաջ սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից, մնացած հարցերը պետք է ուղղել պարոն Նիկոլյանին»։
Aysor.am-ի հետ զրույցում Արամ Նիկոլյանն ասաց, որ այս պահին չի խոսի, սակայն շուտով բոլոր հարցերին կանդրադառնա.«Հիմա ոչ մի բան չեմ մեկնաբանում, մոտ ժամանակներս կխոսեմ։ Հավատացեք, անպայման խոսելու եմ»։
Հիշեցնենք, որ Երևանում՝ Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, ապրիլի 15-23-ն անցկացվել է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը։ Առաջնության բացման արարողությանը դիզայներ Արամ Նիկոլյանը հենց բեմում այրել է Ադրբեջանի դրոշն ու հեռացրել այն։ Դրանից հետո նրան բերման էին ենթարկել, այնուհետև ազատ արձակել։