Azatutyun.am-ը գրում է.
«Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը», - այսօր Բրատիսլավայում ընթացող Անվտանգության խնդիրների նվիրված ամենամյա համաժողովի՝GlobSec-ի շրջանակներում կազմակերպված քննարկման ժամանակ հայտարարեց Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
«Հստակ է, որ մենք ճանաչում ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ ԵՄ խորհրդի նախագահ Միշելի՝ մայիսի 14-ի հայտարարությանը, օրինակ, հիշատակում էր Հայաստանի 29 հազար 800 և Ադրբեջանի 86 հազար 800 քառակուսի կիլոմետր տարածքները։ Մի մակարդակում մենք նման հայտարարություններ ենք լսում, մյուս մակարդակում Ադրբեջանը, անձամբ նախագահ Ալիևը երբեք չեն ասում, թե ճանաչում են Հայաստանի 29 հազար 800 քառակուսի կիլոմետրը։ Ավելին, Ադրբեջանի ղեկավարը երկու օր առաջ՝ կիրակի օրը հայտարարեց՝ «մենք ինքներս կարող ենք գծել սահմանը»։ Ինչ-որ առումով սա Հայաստանի հասցեին հնչեցված սպառնալիք է՝ ընդունել Ադրբեջանի ներկայացրած բոլոր պահանջները կամ էլ նրանք սահմանը կգծեն, որտեղ ցանկանան», - դիմելով քննարկման մասնակիցներին՝ նշում էր Գրիգորյանը՝ պնդելով, որ Բաքվից հնչող նման հայտարարությունները հայկական կողմին չմտահոգել չեն կարող, փոխանցում է «Ազատությունը»։
Բրատիսլավյան քննարկման ընթացքում Գրիգորյանի զրուցակցի՝ Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին հարաբերությունների բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևի համոզմամբ, սակայն, Իլհամ Ալիևի հայտարարությունները Երևանում նենգափոխում են։ Դրա հետ մեկտեղ, հայկական կողմից հնչող որոշ հայտարարություններ Հաջիևին հակառակը, սկսել են գոհացնել։
«Ես իրոք ուրախ եմ լսել, որ հայկական պատվիրակությունն ու Հայաստանը ավելի լավ են սկսել հասկանալ «տարածքային ամբողջականություն» բառակապակցությունն ու դրա էությունը։ Մենք բանակցում էինք երեսուն տարի շարունակ և այդ ընթացքում հենց Հայաստանն էր, որ ոտնահարում էր տարածքային ամբողջականության սկզբունքը։ Դա վերաբերում էր Հայաստանի նախորդ կառավարություններին, այդ թվում՝ Փաշինյանի կառավարությանը։ Երբ Փաշինյանը գնաց Ղարաբաղ և հայտարարեց, որ «Ղարաբաղը Հայաստան է և վերջ», դա բանակցային գործընթացի լիակատար խաթարում էր», - պնդում է Հաջիևը։
Դրա հետ մեկտեղ ադրբեջանցի պաշտոնյան նշում է, որ Հայաստանը մի կողմից հայտարարում է, թե ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, մյուս կողմից Երևանի գործողությունները խաթարում են այդ ամբողջականությունը։
«Մի կողմից Հայաստանի վարչապետը հայտարարում է, թե Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Մյուս կողմից, սակայն, Հայաստանը շարունակում է ռազմական բեռներ ուղարկել Ղարաբաղ, ֆինանսավորում է Ղարաբաղում գտնվող անօրինական զինված կազմավորումները, մենք նաև տեղեկություններ ունենք, որ այնտեղ հայկական [բանակի] ստորաբաժանումներ են գտնվում», - հայտարարում էր Հաջիևը։