1918թ. Բաթումի հաշտության պայմանագիր և ըստ ամենայնի 2023թ. հունիսի 1-ին Քիշնևի խաղաղության պայմանագիր:
1918թ. հունիսի 4-ին՝ Խալիլ բեյի և Ա. Խատիսյանի եզրափակիչ ելույթներից հետո, պատվիրակությունների բոլոր անդամների ներկայությամբ ստորագրվեց խաղաղության և բարեկամության պայմանագիրը Օսմանյան կայսրության կառավարության և իրեն անկախ հայտարարած Հայաստանի Հանրապետության միջև: Պայմանագրի ստորագրումով օսմանյան կառավարությունը, փաստորեն, ընդունեց ու ճանաչեց Հայաստանի անկախությունը: Բացի պայմանագրից ստորագրվեց նաև նրան կից երեք փաստաթուղթ. 1) տարանցման մասին, 2) սահմանակից շրջանների միջև առևտրի մասին և 3) կրոնի ու կրոնական հաստատությունների հանդեպ փոխադարձ հարգանքի մասին, և մեկ լրացուցիչ համաձայնագիր (6 հոդվածով) հայկական զորքի զորացրման, գերիների փոխանակման ու երկաթուղու շահագործման կարգի մասին:
Մասնավորապես առաջին՝ տարանցման մասին հավելվածի համաձայն՝ թուրքերն իրավունք էին ստանում պատերազմի ժամանակ Հայաստանով զորք, զենք-զինամթերք և այլ բեռներ անարգելք փոխադրելու երկաթուղային ու խճուղային ճանապարհներով, ինչպես որ արեցին 1918 թ. ամռան ընթացքում: Թուրքական զորքը գրավել էր Հայաստանի Հանրապետության գրեթե ամբողջ երկաթուղին՝ մինչև Քոլագիրան կայարանը, ինչի հետևանքով Հայաստանը զրկվել էր երկաթուղային ելք ու մուտքի հնարավորությունից:
Բուն պայմանագիրը բաղկացած էր 14 հոդվածներից, որոնցից գլխավորը, թերևս, 2-րդ հոդվածն էր, որը վերաբերում էր Թուրքիայի հետ Վրաստանի ու Հայաստանի սահմանագծին: Բաթումի պայմանագրի հայ-թուրքական սահմանին վերաբերող մասով սահմանագիծը մոտավորապես սկսվում է Ախալքալաքի գավառի արևելյան անկյունից, իջնում է հարավ՝ կտրելով Ալեքսանդրապոլ-Թիֆլիս երկաթուղին՝ Աղբուլաղ կայարանից 5 կմ դեպի արևմուտք, այնուհետև՝ լեռնագագաթներով մինչև Խանվալի ավանը: Այդտեղից ուղիղ գծով իջնում է մինչև Արագածի ամենաբարձր գագաթը, որտեղից դարձյալ, ուղիղ գծով կտրելով էջմիածին -Սարդարապատ խճուղին, իջնում է Էջմիածնից 7 կմ հարավ-արևմուտք և շրջանցում քաղաքը երկաթուղուն գրեթե զուգահեռ՝ 6 կմ բացվածքով, իսկ Բաշքյարան ավանից 16 կմ իջնում դեպի Շարուր՝ Արփա գետի հովիտ (դաշտ):
Պայմանագրի մյուս հոդվածները վերաբերում էին Հայաստանին «օգնության» հասնելու, անկանոն զորախմբերի (հրոսակախմբերի) ցրման, ազգային-կրոնական իրավունքների հարգման, հյուպատոսական իրավունքի, առևտրի կանոնների, երկաթուղային փոխադրումների, փոստ-հեռագրի, շարժական և անշարժ գույքի իրավունքի, վիզաների և այլ խնդիրներին: Բաթումի պայմանագիրը չէր շոշափում հայ-վրաց-ադրբեջանական սահմանային խնդիրները:
Բաթումի պայմանագրի հետ կապված՝ կողմերի զորքերը սահմանազատման գծից հետ քաշելու, երկաթուղու փոխանցման ու շահագործման կարգի, գաղթականության վերադարձի, ռազմագերիների փոխանակման և այլ խնդիրների շուրջ հունիսի երկրորդ կեսին Ալեքսանդրապոլում ընթացան հայ-թուրքական սահմանային խառը հանձնաժողովի բանակցություններ՝ գեներալ Տեր-Հակոբյանի, Մ. Մուսինյանի և Ք. Կարաբեքիրի միջև:
Այսպիսով՝ Բաթումի կողոպտիչ պայմանագրով Թուրքիային էին անցնում ոչ միայն Արևմտյան Հայաստանը, այլև արևելահայ տարածքների զգալի մասը՝ Կարսը, Կաղզվանը, Արդահանը, Ախալքալաքը, Սուրմալուն, Նախիջևանը, ինչպես նաև Ալեքսանդրապոլ քաղաքը և Ալեքսանդրապոլի ու Էջմիածնի գավառների երեք քառորդը, Երևանի գավառի կեսը և Շարուր-Դարալագյազի գավառի մեկ հինգերորդը:
Հայաստանի Հանրապետությանը փաստացի մնում էր ընդամենը 10,3 հազար քառ. կմ տարածք, որն ընդգրկում էր Սևանա լճի ավազանը և Արարատյան դաշտի մի մասը: Լեոյի պատկերավոր արտահայտությամբ. «Տասը հազար քառակուսի վերստ էր այդ Հայաստանը, մեծ մասամբ լեռ ու անապատ՝ Սևանի լճի չորս կողմը, հայ ժողովրդի ոչ թե բնակության տեղ, այլ գերեզման»: Իսկ ըստ Կ. Պոլսում Գերմանիայի դեսպան Բերնսդորֆի՝ «թուրքերը հայերին տեղ տվեցին Սևանում լողանալու համար, բայց դուրս գալու, չորանալու համար տեղ չտվեցին»: Բաթումի պայմանագրով Հայաստանին մնում էր ընդամենը 6 վերստ երկաթուղի, իսկ պետական սահմանն անցնում էր երևանից 7 կմ հեռավորության վրա՝ Ուլուխանլու (Մասիս) կայարանի մոտով: Ընդհանուր հաշվով Թուրքիան Արևելյան Հայաստանից, չհաշված Ախալքալաքը և Ախալցխան, խլում էր 28 հազար, իսկ Անդրկովկասից՝ 38 հազար քառ. վերստ տարածք: Բացի դրանից, Թուրքիան իրավունք էր ստանում օգտագործելու Հայաստանի երկաթուղիներն ու խճուղիները՝ իր զորքերն ու բեռները փոխադրելու համար:
Բաթումի դաշնագիրը նվաստացուցիչ էր հայ ժողովրդի ու նրա նորաստեղծ պետականության համար: «Բաթումն», իրոք, ավելի քան հայկական «Բրեստ- Լիտովսկն էր»: Մյուս կողմից՝ ճակատագրի հեգնանքով դա անկախ Հայաստանի առաջին միջազգային փաստաթուղթն էր, որով Թուրքիան առաջինը պաշտոնապես ճանաչեց Հայաստանի անկախությունը: Այդպիսով՝ Հայաստանը դառնում է անկախ (ինքնիշխան) պետություն և միջազգային իրավունքի սուբյեկտ: Ի դեպ, Հայաստանից հետո նույն օրը՝ երեկոյան, Թուրքիան hաշտության պայմանագրեր կնքեց Ադրբեջանի և Վրաստանի հետ: Հայ-թուրքական և վրաց-թուրքական պայմանագրերի հոդվածների համեմատական վերլուծությունը ցույց է տալիս, որ զգալի ընդհանրություն կար երկու պայմանագրերի միջև, եթե հաշվի չառնվեն Հայաստանի հսկայական տարածքային կորուստները: Հայ-թուրքական և թուրք-վրացական պայմանագրերի միակ էական տարբերությունը, թերևս, այն էր, որ հայ-թուրքական պայմանագրի 4-րդ հոդվածով Թուրքիան պարտավորվում էր զենքի ուժով օգնություն ցույց տալ Հայաստանին այն դեպքում, երբ Հայաստանի կառավարությունը նման խնդրանքով դիմի օսմանյան կառավարությանը: Մինչդեռ թուրք-վրացական պայմանագրում նման հոդված չկար:
Ինչ վերաբերում է թուրք-ադրբեջանական պայմանագրին, ապա այն ավելի շատ ռազմաքաղաքական դաշինքի բնույթ ուներ: Բաթումի պայմանագիրը միանշանակ չընդունվեց հայ գործիչների ու հասարակական-քաղաքական ուժերի կողմից: Ժողովրդական հերոս Անդրանիկը չճանաչեց Բաթումի պայմանագիրը: Նա հարկադրված էր իր արևմտահայ կամավորական ջոկատով հեռանալ Հայաստանի Հանրապետության սահմաններից դեպի Նախիջևան ու Սյունիք: ՍԴՀԿ Թիֆլիսի կենտրոնական վարչությունը պահանջեց չեղյալ համարել Բաթումի պայմանագիրը: Պայմանագրին դեմ արտահայտվեցին լայն հասարակական շրջաններ: Երևանում և այլուր տեղի էին ունենում բազմամարդ ցույցեր, ժողովներ՝ ի նշան բողոքի: Այդ կողոպտիչ պայմանագրին դեմ արտահայտվեցին նույնիսկ երևանի Հայոց ազգային խորհրդի դաշնակցական թևը, ՀՅԴ Վրաստանի և Թիֆլիսի կոմիտեն: Վերջինիս պաշտոնաթերթ «Աշխատանքը» այդ պայմանագիրը համարեց «ամոթալի և ստորացուցիչ» հայերի համար:
Խնդիրը միջազգային իրավունքի տեսանկյունից քննարկելու դեպքում պետք է նշել, որ պայմանագիրն իրավական ուժ չի ունեցել, քանի որ չի վավերացվել ո՛չ Հայաստանի և ո՛չ էլ Թուրքիայի կառավարությունների կողմից: Բաթումի պայմանագիրը չճանաչվեց Խորհրդային Ռուսաստանի, Անտանտի, Քառյակ միության երկրների և այլ պետությունների կողմից: Բաթումի անարդարացի պայմանագիրը վերանայելու ակնկալիքով էր, որ հունիս ամսին Բեռլին (Հ. Օհանջանյան, Ա. Զուրաբյան) և Կ. Պոլիս (Ա. Ահարոնյան, Ա. Խատիսյան, Մ. Պապաջանյան) մեկնեցին Հայաստանի Հանրապետության պատվիրակությունները: Թեև նրանք զգալի ջանքեր թափեցին, սակայն ապարդյուն: Բաթումի պայմանագիրը իր ուժը պահպանեց մինչև Առաջին աշխարհամարտի ավարտը՝ 1918 թ. նոյեմբերը:
2023թ. հունիսի 1-ին հնարավոր է հնգակողմ հանդիպման ժամանակ կնքվի խաղաղության պայմանագիր Հայաստանի ու Ադրբեջանի միջև: 105 տարի անց Հայաստանը պատրաստվում է ստորագրել հերթական նվաստացուցիչ փաստաթուղթը: Հերթական խարանը հայ ժողովրդի համար: Ինչպես 105 տարի առաջ, այնպես էլ հիմա` փոքրաթիվ մարդկանց անհամաձայնության և տոտալ մեծամասնության անողնաշար լինելու հիման վրա:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tiko.vardanyan.378/posts/pfbid0q3YYYvaPbD2EkUuZT9SU6UjjMc5GCXmbicSU6EdwJ8sraSHsoeeiBGieSVUUiEhil
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել