«Վարպետը և Մարգարիտան» Միխայիլ Բուլգակովի վերջին ստեղծագործությունն է, որը եզրափակում է Բուլգակովի համար շատ կարևոր` արվեստագետի և իշխանության թեման: Վեպը կարծես ամփոփում է գրողի պատկերացումները կյանքի իմաստի, մարդու, նրա մահվան ու անմահության, բարի և չար սկզբունքների պայքարի մասին, պատմության մեջ և մարդու բարոյական աշխարհում:
Բուլգակովն սկսում է իր աշխատանքը «Վարպետը և Մարգարիտան» վեպի վրա 1928-1929 թթ.: Գրողը վեպի առաջին խմբագրության մի շարք վերնագրեր է մտածել` «Սև մոգ», «Ինժեների սմբակը», «Վոլանդի շրջայցը», «Կործանման որդի», «Սմբակով աճպարարը», «Սատանա», սակայն չկարողացավ ընտրել դրանցից որևէ մեկը: 1930թ. մարտի 18-ին Բուլգակովը ոչնչացրեց իր վեպի առաջին տարբերակը:
1931թ. նա վերսկսեց «Վարպետը և Մարգարիտան» վեպի ստեղծումը: Վեպը մի քանի անգամ խմբագրվել է հենց հեղինակի կողմից, սակայն այդպես էլ չի ստացվել Բուլգակովի երազած վերջնական տարբերակը: Հեղինակի մահն ընդհատեց վեպի վերջնական խմբագրումը: Այն առաջին անգամ հրատարակվել է 1966թ.` Բուլգակովի մահից 26 տարի անց: Այն հիմք է հանդիսացել տարբեր ներկայացումների և ֆիլմերի (Հարավսլավիա, Շվեդիա, Ռուսաստան, Լեհաստան):
Վեպն ունի 2 սյուժետային գիծ` մեկը պատմում է 1930-ականների Մոսկվայի, մյուսը` ՔՀ 30թ. Երշալայեմի (Երուսաղեմի) մասին: Սատանան` վեպում ներկայացված Վոլանդ անունով, ճանապարհում է աշխարհով մեկ և հայտնվում 1930-ական թվականների Մոսկվայում, այն վայրում ու այն ժամանակ, երբ մարդիկ չեն հավատում ոչ Աստծուն, ոչ էլ Սատանային: Հեղինակը շատ է կարևորում Վոլանդի ու Իեշուայի կերպարները, քանի որ նրանք անհրաժեշտ են հեղինակին որպես բացարձակ ճշմարտության ներկայացուցիչներ` ի տարբերություն այլ մարդկանց ներքին աշխարհի բարոյական ռելատիվիզմի: Վոլանդին ուղեկցում է նրա շքախումբը` Կորովյեվ-Ֆագոտը, Ազազելլոն, կատու Բեգեմոտը և Հելլան: Նրանց ճանապարհին հանդիպող բոլոր մարդիկ պատժվում են մանր մեղքերի համար, սակայն այդ պատիժները հանդիսանում են նրանց կատարած մեղքերի տրամաբանական շարունակությունը:
Գեղեցիկ և ապահովված հայտնի ինժեների կին Մարգարիտան տառապում էր իր կյանքի դատարկությունից: Պատահաբար հանդիպելով Վարպետին Մոսկվայի փողոցներից մեկում` Մարգարիտան սիրահարվում է նրան, հավատում Վարպետի` Իեշուա Գա-Նոցրիի (Հիսուսի) և նրան մահապատժի ենթարկած Պոնտիոս Պիղատոսի մասին վեպի հաջողությանը: Երբ Վարպետը որոշում է վառել իր ստեղծագործությունը, նա հասցնում է փրկել ձեռագրի միայն մի քանի էջերը: Վարպետը հայտնվում է հոգեբուժարանում: Մարգարիտան համաձայնվում է դառնալ սատանայի պարահանդեսի թագուհին` Վարպետին վերադարձնելու համար:
Մարգարիտան սիրո և հանուն մեկ այլ անձի զոհաբերության խորհրդանիշ է: Եթե Բուլգակովը վեպը վերնագրեր ավելի պարզ` առանց սիմվոլների, ապա այն կլիներ` «Ստեղծագործությունն ու սերը»: