Վաղը Մոսկվայում կայանալիք եռակողմ հանդիպման նախօրեին ես համարձակվում եմ որոշակի կանխատեսումներ անել.
1. Նախ՝ Նիկոլ Փաշինյանի այսօրվա խորհրդարանական ծլվլոցը ՀԱՊԿ-ի, ռուսական ատոմային էներգետիկայի, ԱԳՆ մամուլի քարտուղարի և այլնի մասին ես համարում եմ վաղվա հանդիպումից առաջ «ալիբի» անելու անհաջող փորձեր։
2. Երկրորդ՝ բրյուսելյան և վաշինգտոնյան հանդիպումներից հետո, որոնց ընթացքում Նիկոլ Փաշինյանն ու իր կամակատարները մեկ քայլ առաջ անցան Արցախի հանձնման հարցում, Մոսկվան կփորձի կապիտալացնել այն ամենը, ինչ արվել է Արևմուտքի ձեռքերով և Փաշինյանի համաձայնությամբ։ Այսինքն՝ մոսկովյան հանդիպումը հայ-ադրբեջանական հարաբերությունների գործընթացի հիմնական միջնորդության ծանրության կենտրոնն այս փուլում դեպի Ռուսաստան է քաշելու։
3. Երրորդ, նոր եռակողմ հայտարարությունը կդառնա պայքարի այս փուլի քաղաքական և իրավական ակտը, որում կողմերը անպայմանորեն կընդգծեն նախորդ եռակողմ հայտարարությունների կատարման կարևորությունը և թղթի վրա կամրագրեն պայմանավորվածությունները (կարդա՝ Հայաստանի կորուստները), որոնց համաձայնել է Նիկոլ Փաշինյանը։
4. Չորրորդ՝ Մարիա Զախարովայի այսօրվա ճեպազրույցից պարզ դարձավ, որ ռուսական կողմը, անդրադառնալով Պրահայի հայտարարությանը և դրան հաջորդած անախորժություններին, այսուհետ Արցախի ապահայացման ողջ պատասխանատվությունը գցում է անձամբ Նիկոլի, իսկ ինստիտուցիոնալ՝ Արևմուտքի վրա. «Հայելուն մի մեղադրիր, եթե դեմքդ ծուռ է» ոճով։
5. Հինգերորդ, եթե Հայաստանը դեռևս հանդուրժում է մի առաջնորդի, ով իրեն աջ ու ձախ հանձնում է, ինչու աշխարհաքաղաքական խաղացողները, նույնիսկ ռազմավարական դաշնակիցներից, չօգտվեն Հայաստանը ներկայացնող թուլամորթ և փափկամարմին «առաջնորդից»:
P.S. Մարիա Զախարովան այսօր նշեց, որ Հայաստանի ժողովուրդն այնքան էլ համամիտ չէ Նիկոլ Փաշինյանի հետ.
Հայաստանի ժողովու’րդ, եկեք ճանապարհ գտնենք աշխարհին իսկապես ցույց տալու, որ Նիկոլը մեզ չի ներկայացնում, ու մենք պատրաստ ենք վերջ տալ նրան։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.ashotyan/posts/pfbid02tbjMWdhRQLohYy9W8sabx28PNr7Y3x56NwL939U5GbHNxMkFLJU5w4U8Tj7gqdZTl
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել