Փաշինյանը հերթական կոմբինացիան է խաղարկում, իսկ իրեն ընդդիմացողների մի ստվար զանգված իրեն է ծառայում, քանի որ վաղուց նախընտրել է անմեղսունակ ջայլամ ձևանալ որ խուսափեն «Աստծո» բարկությունից, արանքում մերթընդմերթ զարմանալով իրենց ընտրած «Աստծո» անզորության վրա: Մինչդեռ իրական Աստվածը մեզ անընդհատ փորձություններ է ուղարկում որոնք մենք հետևողականորեն տապալում ենք: Ես էլ, քաջ գիտակցելով, որ էլի սկսելու եք անձնական նամակներով խնդրել «մի բան ասել», ձեզ փորձեմ հերթական անգամ ասել էն, ինչը տարիներ շարունակ փորձում եմ բացատրել:
Տեսեք՝ Վատիկանը ԱՄՆ-ի Արիզոնա նահանգում մի աստղադիտարան ունի, որի բաղկացուցիչ սարքավորման անունն «Լուցիֆեր» էր: Սա, բնական է, իրենց ուղղադավան քրիստոնյա համարող բազմաթիվ դեգեներատների համար շահարկման առիթ դարձավ, որի պատճառով էլ այն 2012 թվին վերանվանվեց «Լուցի»: Կա դեգեներատների երկրորդ` իմ համար մի փոքր ավելի ազնիվ խումբ, որը սա դարձրեց իրենց պաշտամունքի առարկա ի թիվս պենտագրամաների, այծերի գլուխների և այլնի: Կա իհարկե դեգեներատների երրորդ խումբը, որ նայում է հիշյալ երկու խմբերի դուրս տված էշություններին, դա բնական է հեշտությամբ հերքում է ու արխային պնդում, որ աստված չկա: Բուն Վատիկանը էլ հերքում է, որ իրենք են այդ անվանումը որոշել, հղում անելով այն փաստին, որ իրենց պատկանող աստղադիտարանում բազմաթիվ այլ հիմնարկներ են գործում:
Թեպետ Լուցիֆեր անունը շատերին է հայտնի, չնչին քանակի մարդիկ կան, որ գոնե մոտավոր պատկերացում ունեն, թե ինչի մասին է այն, ինչն էլ հիշյալ դեգեներատների խմբավորումների համար պարարտ հող է ստեղծում յուր շարքերը համալրելու զինվորների նորանոր բանակներով: Ցավոք մեր երկրի բնակչությունն էլ հավաքագրվող զորախմբերի առաջին շարքերում է` սեփական տգիտության հետևանքով: Ընդ որում, ամենասարսափելին այն է, որ այդ տգետների ինկուբատոր էր աշխատում` թե մեր կրթական համակարգը և թե եկեղեցին:
Բայց կար ժամանակ, երբ իրավիճակը հակառակն էր, կար ժամանակ, երբ մենք էինք լույս ճառագում, մենք էին լուսավորչական և հենց այդ լույսն էր, որ թույլ տվեց մեզ հազար տարի առաջ ունենալ հայոց պատմության միակ իրական պետական հաստատությունը, որի մասին Սովետի ժամանակ խոսելը բնականաբար գրեթե տաբու էր: Մեզ պատմում էին նենգ պարսիկների մասին, ում լծից մեզ ազատեցին ռուսները, մեզ պատմում էին նենգ թուրքերի մասին այն բանից հետո, երբ Թուրքիան մտավ ՆԱՏՕ, բայց չի եղել լուրջ աշխատություն, որ կբացատրեր Կիլիկիայի ստեղծման պատճառները և փառահեղ պատմության հիմքերը:
Լատիներենից «Լուցիֆեր» բառացի թարգմանվում է որպես «լույս բերող» և հռոմեական ֆոլկլորում Լուցիֆեր անունը կրում էր «լույս բերող» աստղը: Մեզ բոլորիս այդ «աստղը» հայտնի է որպես Վեներա մոլորակ: Հայերեն այդ մոլորակը կոչում էին Արուսյակ, Լուսաբեր, Աստղիկ, Լուսաստղ, Առավոտյան աստղ և այլն: Նման անվան պատճառն էլ այն է, որ Վեներա մոլորակը մարդու աչքին երևում էր միայն լուսաբացին: Հռոմեական դիցաբանության մեջ Լուցիֆերին պատկերում էին որպես աստված, ում ձեռքերում ջահ է: Օրինակ` նացիստական Գերմանիայում Հռոմից կրկնօրինակված բազմաթիվ խորհրդանիշներին ավելացել էր նաև ջահերով երթը, որը Լուցիֆերյան գիտության լույսը տարածելու խորհուրդն ուներ:
Իմիջայլոց, Ավստրիա անվանումն էլ գալիս է Լուցիֆերի մայր համարվող Ավրորա աստվածուհուց, ում անունը բնօրինակ պրոտո-հնդեվրոպական լեզվով հնչում էր որպես «Ausṓs» և նշանակում էր «արևի ելք», դե իսկ «Österreich»-ը, այսինքն` Ավստրիան, բառացի նշանակում է արևելքի ռեյխ/թագավորություն: Նույն դիցաբանական ծագումնաբանությունն ունի քրիստոնեական գլխավոր տոնի՝ «զատիկի» արևմտյան անվանումը՝ «easter»-ը: Մեր «զատիկը» եբրայերենից ստույգ թարգմանված «պեսախն» է, որը նշանակում է զատել: Հուդայականները զատիկի ժամանակ նշում են Աստծո կողմից «լավ» հրեաներին «վատ» եգիպտացիներից զատելու ու միայն եգիպտացիներին անիծելու փաստը, իսկ քրիստոնյաները զատիկի ժամանակ նշում են առհասարակ լավ մարդկանց վատ մարդկանցից զատելը (անկախ ազգությունից): Կոպիտ ասած` լավը վատից զատելու մասին է այդ տոնը, որը հյուսիս-արևմուտքում կրում է Լուցիֆերի առասպելական ծնող` Էստեր-Աուսոս հնդեվրոպական աստվածուհու անունը:
Լույսի աստղ Լուցիֆերի էկվիվալենտը կա գրեթե բոլոր հին մշակույթներում և ամեն տեղ դա մեկնաբանվում է միևնույն կերպ` աստղագիտական տեսանկյունից բավականին ստույգ առասպելով: Բոլոր այդ մշակույթների առասպելները պատմում են այն մասին, որ Լույսի աստղը ամեն օր փորձում է զբաղեցնել գլխավոր աստղ, ասել է թե՝ արևի տեղը, բայց տապալվում է: Սրա հիմքում այն փաստն է, որ Վեներան միշտ արևից շուտ ա երևում, բայց խամրում և մեր աչքից անհայտանում է հենց որ արևը դուրս է գալիս: Այս առասպելը կար Բաբելոնում, շումերների մոտ և ողջ Մերձավոր Արևելքում: Ինչպես և մնացած բոլոր խորհրդանիշներն ու գաղափարները, Լուցիֆերը նույնպես հին գրերից «գաղթեց» դեպի նորերը և տեղ գտավ Աբրահամյան կրոններում, այդ թվում իհարկե քրիստոնեության մեջ` անշուշտ ստանձնելով շատ ավելի խորացված իմաստային բովանդակություն: Եթե հին գրերում, այդ թվում հին կտակարանում Լուցիֆերը ամեն լուսաբացին պայքարում էր Աստծո տեղը զբաղեցնելու համար, ապա նոր կտակարանում նա ըստ էության Աստծո պատվերով փորձությունների միջոցով կոփում և ստուգում էր Քրիստոսի կամքն ու բանականությունը:
Քրիստոնեության մեջ Լուցիֆերն իսկզբանե Աստծո երեք հերշտակապետերից ամենասիրվածն էր, բայց ըստ հին կտակարանի նա որոշեց հավակնել Աստծո իշխանությանը և երկնքում քաղաքացիական պատերազմ հրահրեց, որի ընթացքում պարտություն կրեց Միքայել հրեշտակապետից, ով, սակայն, Լուցիֆերին չսպանեց (չգիտես ինչու): Մահապատժի փոխարեն նրան ուղարկեցին դժոխք որպես վարչության պետ: Ու թեպետ արևմուտքում դժոխք նշանակող «hell» բառը նույնպես վերցված է հին առասպելներից, տվյալ դեպքում սկանդինավյան Հել աստվածուհու անունից, ով ստորգետնյա աշխարհի տիրակալն էր, մեզ մոտ «դժոխքը» շատ ավելի աշխարհիկ նշանակություն ունի:
Ի պատիվ մեր թարգմանիչների նրանք, փորձելով մեզ զերծ պահել (ցավոք ապարդյուն) էս կռապաշտական հեքիաթներից, ընտրել են «դժվարություններով լի ճանապարհ» նշանակող «դժողք» բառը, որն իրականում պարսկերեն «դաոժահվա» բառն է («դաոժ»՝ վատ, «ահվա»՝ լինել, էություն, կյանք): Հիմա, քանի որ եվրոպացիքի «քրիստոնեությունը» գրեթե ամբողջովին միախառնված է հեթանոսական հեքիաթներին, իրենց համար շատ դժվար է հասկանալ, թե առհասարակ ինչ է գրված ավետարանում և ըմբռնել մասնավորապես Լուցիֆերի կերպարը: Բայց մենք շնորհիվ մեր հեռատես նախնիների ճիշտն իմանանալու շատ ավելի մեծ շանսեր ունենք: Ռուսի ու եվրոպացու համար աստվածը «բառն» է, իսկ մեր ու հույների համար «բանը», «logos»-ը: Սաղ աշխարհի համար ապաշխարհելը ներողություն խնդրելն է, իսկ մեր ու հույների համար նոր մտածելակերպ ձեռքբերելը (հունարեն՝ «metanoia»): Այս և բազմաթիվ այլ բանալիները միայն մեզ էին թողնված:
Քրիստոնյաներին ասված է, որ աստված ստեղծեց Ադամին ու ասաց, որ նա ամեն ինչ կարող է ուտել բացի «լավի ու վատի գիտության ծառի» պտուղներից, քանզի այդ պտուղը ճաշակելիս նա կդառնա մահկանացու ու ստիպված կլինի քրտինքով վաստակել օրվա հացը, ասել է թե` դժվարություն կտենա, այլ կերպ ասած` դժողք կընկնի: Խոսքը ոչ թե ինչ-որ առասպելական ստորգետնյա աշխարհի մասին է, այլ նույն աշխարհը, բայց` դժվարություններով: Այսինքն, եթե դու փորձես լավը զատես վատից ու գիտենաս դրա տարբերությունը, կդառնաս մահկանացու, կգործես մեղքեր ու դժվարության ճանապարհով կանցնես, կչարչարվես՝ կանցնես չարիքով: Այս ամենի այլընտրանքն էլ անմեղսունակ լինելն է:
Ժամանցը պայծառացնելու համար աստված Ադամին կին է տալիս՝ Եվային: Մեր Եվա տատին սակայն գայթակղվում է «օձի» կողմից (որը ինչպես և մնացած ամեն ինչը ստեղծվել է Աստծո կողմից) և ճաշակում գիտության ծառի պտուղը, հետո էլ մեր Ադամ պապուն ա կերցնում այն: Աստվածն էլ յանիմ բանից բեխաբար գալիս դեմքի ջղայն արտահայտությամբ Ադամին հարցնում է, թե ինչու է նա խախտել աստծո խրատը, որին ի պատասխան Ադամը, ով արդեն էն հին անմեղսունակ, միամիտ տղեն չէր, որոշում է մեղքը գցել Աստծո վրա, պնդելով, որ Աստծո կողմից տրված կինն է իրեն գայթակղել: Ադամի այս կեցվածքի պատճառով հպարտությունը դառնում է հիմնարար մեղք, հազարավոր տարիներ անց Դանթեի ստեղծագործության շնորհիվ այն պոպուլարիզացվում է և վերագրվում է Լուցիֆերին, որի անունը մինչ այդ գրեթե ոչ մի տեղ չկար, իսկ մեր նախապապն ու նախատատը արտաքսվում են դրախտից դեպի դժվար կյանք, այսինքն` դժոխք:
Այդ օրվանից մենք ամեն առավոտ 8:30 Դավթաշենի կամուրջի վրա խցանման մեջ կանգնած անիծում ենք Լուցիֆերին մեր նախնիների գլխին շինելու, մեզ էլ դժվար կյանքի դատապարտելու համար: Անիծում ենք մենք նրան, քանի որ չենք ուզում ընդունել, որ աշխարհում ամեն ինչ տեղի է ունենում Աստծո կամքով: Ծառն էլ, գայթակղություն էլ, հետագա պատիժն էլ Աստծուց էր: Աստված մեզ ընտրության իրավունք տվեց՝ կամ մնալ անմեղսունակ, կամ ճաշակել գիտության պտուղը:
Էս առակի իմաստն էլ նրանում է, որ անհոգ կենդանուց գիտակից մարդ դառնալու համար ընդամենը պետք է որոշում կայացնել, բայց դրա հետևանքների համար երբեք պատասխանատվությունը այլոց վրա չգցել: Լուցիֆերը մեր մեջ ի ծնե նստած հետաքրքրասիրության բնազդն է, որն ինչպես բոլոր մնացած բնազդները աղջիկների մեջ միշտ մի փոքր ավելի ընդգծված է: Այո, հետաքրքրասիրությունը միշտ դժվարացնում է մեր կյանքը, բայց հենց դա է մեզ մարդ սարքում ու զատում կենդանիներից:
Կան բազմաթիվ աղանդներ, որ փորձում են ցույց տալ կյանքի այլընտրանքային, անմեղսունակ օրակարգը: Եհովականներն օրինակ փորձում են ապրել Ադամի ու Եվայի` գիտության պտուղը դեռ չճաշակած կյանքով: Իրենց կրոնը թույլ չի տալիս օրինակ բժիշկին դիմել, նույնիսկ երբ իրենց երեխային մահացու վտանգ է սպառնում: Նրանք բժիշկի չեն դիմում, քանի որ ապավինում են Աստծո կամքին, ում գործերն անքննելի են: Մինչդեռ երեխայի հիվանդության բուժում ման գալ կնշանակի ընդդիմանալ Աստծո կամքին` գիտության պտուղը ճաշակել և Լուցիֆերի «ճիրաններում» հայտնվել: Բազմաթիվ նման աղանդներ կան, որոնք սակայն ընդամենը անմեղսունակության պատրանք են ստեղծում: Նույն կերպ մեր հասարակական կյանքի տարբեր ներկայացուցիչներն են իրենց անմեղսունակի տեղ դնում ամեն անգամ երբ անհարմար հարց ես տալիս: Պատասխանը նրանք միշտ գիտեն, բայց ձև են անում որ չեն հասկանում, անմեղսունակ են ձևանում:
Ընդ որում, ասեմ ձեզ իրենց վարքագծով Եհովականներն էլ, ասենք Ամիշներն էլ շատ ավելի ազնիվ են, քան, օրինակ, էն հայերը, որ անունով պահպանողական «քրիստոնյա» են, բայց առօրյա կյանքում ծայրահեղ անբռնազբոս անմեղսունակ են ձևանում որ գործած մեղքերի պատասխանատվությունից խուսափեն: Մեզ էլ անընդհատ պատժում է այդ` բնավորության գիծ դարձած կեղծավորությունը: Դա էլ է տրամաբանական՝ արաբներն եկան, ստիպված իրենց դեմ խոնարհվեցինք, հետո բյուզանդացիք, սելջուկները, մոնղոլները, պարսիկները, թուրքերը, վերջում էլ Սովետը: Ու ամեն անգամ մենք պիտի դերի մեջ մտնենք, բայց թաքուն պահենք մեր իրական դեմքը: Տենց էլ կեղծավոր դերասան դարձանք: Բանավոր բոլորը հերոս, հայրենասեր, ազնիվ, մեծահոգի մարդիկ ենք, իսկ փաստացի...` լրիվ հակառակը:
Մինչդեռ կար ժամանակ, երբ մենք էինք աշխարհին լույս տվողը: Լուսավորչական էինք, դա էր մեր եկեղեցու անվանումը: Մեր եկեղեցիների բոլոր խորանները կառուցված էին այնպես, որ նայեն դեպի լույսը: Ըստ վերջերս թաքուն չեղարկված կանոնի խորանի հետնամասում պիտի պատուհան լիներ, որ ոչ թե դեպի Երուսաղեմ է նայում, այլ դեպի արևելք, դեպի լույս, Վեներա մոլորակը, դեպի Լուցիֆերը և Աստվածը: Էդ հիմա է, որ ամեն տեղ խորանները բետոնավորում են ու տեղը փակցնում Աստվածածնի նկարը, որը սուրբ երորդության, Սատանայի և այլ գաղափարների հետ մեկ տեղ ի հայտ է եկել բուն քրիստոսից 3-4 դար հետո, զուտ քաղաքական նպատակներով:
Օրինակ Սատանա բառը եբրայերեն նշանակում է ընդդիմացող և հիմնականում օգտագործվում էր աշխարհաքաղաքական մրցակիցներին դեմոնիզացնելու համար: Առաջին Սատանան համարվում էր Բաբելոնյան Նաբուկո արքան, ով գերեց հրեաներին: Որևէ աստվածաբանական հիմք սրա տակ երբեք չի եղել: Նույն ոճով հիմա էլ բազմաթիվ մեր հայրենակիցներ, այդ թվում նույնիսկ հոգևորականներ իրենց փուջ թեզերը ու գաղափարները «հիմնավորելու» համար Ավետարանից մեջբերումներ են անում, որը զուտ սեփական կարծիքը վերջին ատյանի ճշմարտության տակ սղցնելու պրիմիտիվագույն փորձ է:
Մինչդեռ կար ժամանակ, երբ Հռոմի Պապը գնում էր սելջուկների սուլթանին իր ազատությունն էր առաջարկում Կիլիկիայի թագավորին ազատ արձակելու դիմաց: Դա այն ժամանակն էր, երբ մեր եկեղեցին գիտնականներ էր տալիս, արհեստավորներ, վարպետներ և առհասարակ կիրթ, այսինքն` լավը վատից տարբերող, արգելված պտուղը ճաշակած ու դժվարություններով անցած մարդկանց: Դա այն ժամանակներն էր, երբ մեր եկեղեցին էր պայմանական «աստղադիտարան» սարքողը: Եթե Վատիկանն իր աստղադիտարանի անունն էր դրել Լուցիֆեր, ապա մեր ողջ եկեղեցու անունն էր Լու-սա-վոր-չա-կան:
Ցավոք հիմա էլ Լուսավորչական չենք: Հիմա մեզ նոր բրենդ են մատուցում, մենք հիմա Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու զավակներ ենք: Կարծես անվանման երկարացումն ու պաթոսականացումն է որ պիտի փոխհատուցի բովանդակության բացակայության գոյաբանական ճգնաժամը: Համաձայնեք` առնվազն զավեշտալի է, որ «Հայ» է կոչվում եկեղեցին, որն ըստ քրիստոնեական դոգմատիկայի ազգություն պիտի չճանաչի, իսկ, ըստ իր իսկ պատմագրության, հիմնադրվել է ոչ հայի կողմից և ունեցել է բազմաթիվ աշխարհահռչակ, բայց ոչ հայ հոգևորականներ:
Մեր հոգևորականները, պոպուլիզմի զտարյուն դոզա շաղ տալով բոլորիս, ասում են, որ մեր եկեղեցին բոլոր հայերին է, բոլոր հայերի առջև է իր դռները բաց, առանց զատելու լավին վատից: Ստացվում է, որ ուղղադավան, շնորհքով վրացու, կամ ասենք թե ինչ-որ բուլղարացու համար փակ է, որտև նրանք հայ չեն, իսկ օրինակ հայ խաբեբա, գցող, գողցող, անբարոյականների համար, ովքեր եկեղեցի ամեն մտնելուց մի անշնորհքություն անում են, բաց է, որտև նա, վիձիծիլի, ինքն իրեն հայ է համարում: Հետո էլ զարմանում են, թե որտեղից են Նիկոլները առաջանում, ու խի էս ազգը թացը չորից չի տարբերում: Ախր դուք եք է հենց լավի ու վատի սահմանը ջրել, խորանները բետոնավորել, լույսը փակել: Մարդիկ էլ հարմարվել են խավարին, տենց հեշտ ա: Ընդամենը պետք է անմեղսունակ ձևանալ, գլուխը ջայլամի չես թաղել ավազի մեջ ու զարմանալ երբ հերթական «ջայլամի» գլուխը կտրում են:
Ընդ որում, տենց հասարակ ազգային եկեղեցի չի է մերը, այլ ՍՈՒՐԲ եկեղեցի է: Այսինքն, եթե փորձես եկեղեցուն վերաբերվող ինչ-որ բան քննադատես, ինքնաբերաբար կդառնաս սրբապիղծ, որտև դե սրբությունը ո՞նց կարա սխալ գործի: Հարց ա իհարկե առաջանում՝ բա եթե սաղ ճիշտ ա, խի՞ ենք մենք սենց քաքի մեջ... բայց մի սրբապղծություն էլ էդ հարցը տալն է ստացվում:
Նենց չի, որ Վատիկանն ա սուրբ: Վատիկանն ունի իր օրակարգը` թե քաղաքական խաղերում, թե ֆինանսական աշխարհում, և թե բազմաթիվ այլ խիստ աշխարհիկ ու ոչ պատվաբեր ոլորտներում, սակայն այդ ամենի հետ մեկտեղ նրանք նաև աստղադիտարան են կառուցում, անունն էլ դնում Լուցիֆեր: Իսկ մենք այդ նույն բաները անում ենք, բայց արդեն վաղուց առանց աստղադիտարաններ սարքելու, հետևաբար անում ենք շատ ավելի կարճատեսորեն քանի որ առանց աստղադիտարանի հեռուն տեսնելը անհնար է: Դրա համար էլ մեր մեկը երկուս չի դառնում, իսկ Վատիկանը աշխարհի ամենախոշոր հողատերն է:
Ժամանակին Հովահաննես Օձնեցին գնաց արաբների դեմը ստորացավ, խոստացավ, որ մեր նախարարներին կսանձի, միայն թե խալիֆները իրեն մի փոքր ինքնավարություն տան, որը նա հետագայում օգտագործեց պավլիկյաններին ցեղասպանելու համար, ինչ ա թե վերջիններս համարձակվում էին պնդել, որ կա լավ աստված ու վատ աստված, և որ վատ բաները վատ աստվածն է անում: Լույսը Օձնեցու արածն էր, խավարի ոչնչացումն էր: Նա և իր նմանները Կիլիկիան ստեղծելու հիմքերը դրեցին, առողջ գիտակից հասարակություն կերտեցին:
Հիմա, եթե էս մեր հավատավոր 98%-ով իբր թե քրիստոնյա ժողովրդին ասես, որ ավետարանում գրված է, որ լավն էլ, վատն էլ նույն մեկ Աստծուց է, կարող ա թքեն վրեդ... Իսկ հոգևորականները դա կխրախուսեն, կգնան հեռուստաեթերներով ինչ-որ պրիմիտիվ, երկու անհարմար հարցից քանդվող քաղաքական թեզեր կբրդեն, իրենց հոտը լուսավորելու փոխարեն: Բանը հասել է նրան որ Փաշինյանը եկեղեցու վրա կայֆավատ լինելով առաջարկում է մի կուսակցություն բացեն ու ճիշտ էլ անում է: Եթե եկեղեցականի վարքը միջին վիճակագրական Արմա Գասպարի Սարգսյանից ոչնչով չի տարբերվում կամ Արամը պիտի սքեմ հագնի, կամ եկեղեցին դառնա հերթական մի քանի հոգանոց կուսակցությունը:
Մինչդեռ պետք է ուղղակի մեկ անգամ հելնել ասել` ինչ է լավ, ինչ է վատ: Պետք էր ուղղակի հելնել ասել, որ Փարուխը հանձնելը վատ էր, իսկ պահելը` լավ: Հետո պետք էր արձանագրել` ով, ոնց և խի է հանձնել Փարուխը: Էդքան բան: Ու երկիրը նորից կտեսներ լույսը, ճշմարտությունը ու կգնար դեպի այդ լույսը, որտև լույսից դեռ ոչ մեկ չի կարողացել հրաժարվել` Եվայից սկսած: Դրա արդյունքում դրախտ անշուշտ չէինք վերադառնա, բայց գոնե շարքային մահկանացուին բաժին ընկած էս դժվար կյանքից բան կհասկանայինք: Ինչքա՞ն կարելի է անմեղսունակ մատաղացու ջայլամի կյանքով ապրել:
Հ.Գ. դուք, օրինակ, տեղյա՞կ եք, որ ըստ մեր սահմանադրության 200,000 քվե ունեցող ցանկացած ուժ կարող է ցանկացած օրենք ընդունել տալ հանրաքվեի միջոցով: Չգիտեք, չէ՞, բա ուրդուց իմանաք, եթե ձեր ազգընտիրները ջայլամներ են` անմեղսունակ, խիստ «քրիստոնյա», ջայլամներ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=pfbid02sfZaCsi76QERmGeG1tBu4pF42HQkCtqLk69STbtHPc3hyExKTHg6pDpUUrWRKio7l&id=100068057050755
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել