1in.am-ը գրում է.
Հայերենը վտանգված է` անկախ Հայաստանում ռուսալեզու գիմնազիայի բացման հնարավորությունից: Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց լեզվաբան Դավիթ Գյուրջինյանը:
«Երբ հայախոս մարդկանց հսկայական զանգված է հեռանում մայր հողից, լեզուն ինքնին վտանգվում է: Հայերենը արտերկրում դառնում է «խոհանոցային» մակարդակի շփման լեզու, երբ արտասահմանում բնակվող հայերը մայրենի լեզվով բարդ նախադասություններ չեն կարողանում կազմել: Եթե Հայաստանում ռուսական համալսարան բացվի, այնտեղ սովորող անձինք չեն կարողանա ազատ հաղորդակցվել մայրենի լեզվով: Հայերենի պահպանման գործը պետք է լինի պետական հոգածության առարկա, հայերենի պահպանությունը պետք է մտնի ազգային անվտանգության շրջանակ: Եթե պատկան մարմիններն այս հարցով չեն զբաղվում, հասարակությունն ինքը պետք է պահպանի մայրենին: Մարդիկ պարզապես չպետք է գնան ռուսական գիմնազիայում կամ համալսարանում ուսանելու:
Միաժամանակ, չպետք է կարծել, որ դեմ եմ ռուսերեն լեզվին, նույնիսկ սիրում եմ այդ լեզուն, սակայն դրա յուրացումը չպետք է լինի հայերենի հաշվին: Հայաստանում անգլիախոսության, ֆրանսախոսության կամ գերմանախոսության վտանգ չկա, մինչդեռ վտանգը գալիս է ռուսախոսությունից: Հայաստանում Ամերիկյան համալսարանը անգլիախոսություն չի բերել մեր երկիր, մինչդեռ ռուսական գիմնազիան հաստատապես կբերի: Մեր քաղքենի հայրենակիցները, որ փարված են ռուսերեն լեզվին, իրենք են նպաստում ռուսերենի տարածմանը: Վտանգը, փաստորեն, ոչ թե Մոսկվայից է գալիս, այլ հենց մեր ներսից: Ռուսախոսության դառը պտուղները մենք քաղել ենք դեռ խորհրդային տարիներին: Բոլորս շատ լավ հիշում ենք ռուսախոս հայ բժիշկներին: Սակայն նոր սերնդի մեջ էլ կան մարդիկ, մասնավորապես Ռուսաստանից եկած երիտասարդներ, ովքեր ցուցադրաբար տարածում են ռուսախոսությունը: Սրան ես խիստ դեմ եմ: Հայերենի տերը հայ ժողովուրդն է, և ժողովուրդը պետք է պահի իր լեզուն»,- ասաց լեզվաբանը:
Դավիթ Գյուրջինյանի խոսքով` պետությունը անորակ դասագրքերի փոխարեն պետք է մայրենիի պատշաճ մակարդակի դասագրքեր մտցնի դպրոց, հայոց լեզվի քննություններին և շտեմարաններին առավել լուրջ մոտեցում ցուցաբերվի:
«Հայախոսների տարածքը գնալով սեղմվում է: Իսկ լեզուն հիմքերի հիմքն է, մարդու հոգեկերտվածքը»,- ասաց լեզվաբանը: