Lragir.am-ը գրում է.

ՀՀ ՊՆ քննչական ծառայությունը տարածել է հետեւյալ հաղորդագրությունը.

«ՀՀ Պաշտպանության նախարարության քննչական ծառայության ՀԿԳ քննչական բաժնի վարույթում քննվող 2013թ. հունիսի 1-ին Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ տեղի ունեցած իրադարձությունների փաստի առթիվ հարուցված քրեական գործով, գործի օրինական, հիմնավորված և արդարացի լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքները բացահայտելու նպատակով հավաքված ապացույցները բազմակողմանի և օբյեկտիվ ստուգման, ձեռք բերված ապացույցների վերլուծության, այլ ապացույցների հետ համադրման և ապացույցները դրանց համակցության մեջ գնահատելով, հիմնավորվել է, որ մեղադրյալներ Տիգրան Խաչատրյանի և Զարզանդ Նիկողոսյանի գործողություններն ակնհայտ համապատասխանում են անհրաժեշտ պաշտպանության հատկանիշներին, նրանց արարքներում անհրաժեշտ պաշտպանության իրավաչափության բոլոր պայմաններն առկա են:

Վերոգրյալը հիմք ընդունելով 07.09.2013թ. որոշումներ են կայացվել մեղադրյալներ Զարզանդ Նիկողոսյանի և Տիգրան Խաչատրյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը վերացնելու, ինչպես նաև քրեական հետապնդումը դադարեցնելու մասին»:

Հիշեցնենք, որ այս տարվա հունիսի 1-ին Սյունիքի քաղաքապետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի էր ունեցել միջադեպ, որի հետեւանքով զոհվել էր Ավետիք Բուդաղյանը, իսկ նրա եղբայրը՝ զորամասի հրամանատար Արտակ Բուդաղյանը վիրավորվել էր: Դեպքից հետո ձերբակալվել էին Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տիգրանը, եւ թիկնապահը՝ Զարզանդը: Դեպքից անմիջապես հետո մամուլում տարածվեց մի տեսանյութ, որից հետո պարզ դարձավ, որ նախաքննությունը տարվելու է «ինքնապաշտպանության» վարկածով, որի մասին գրեցին լրատվամիջոցները: Այդպես էլ եղավ, եւ ՀՀ ՊՆ Քննչական վարչության այս հաղորդագրությունը դրա վկայությունն է: Փոխարենը, գործ է հարուցվել Արտակ Բուդաղյանի դեմ՝ սպանության եւ գույքի ոչնչացման սպառնալիքի հատկանիշներով: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել