Panarmenian.net-ը գրում է.
Հայաստանի ու Ռուսաստանի նախագահների համատեղ հայտարարությունն այն մասին, որ Հայաստանը պատրաստ է անդամակցել Մաքսային միությանը, հիշեցնում է, որ այդ առումով Հայաստանն ու Ուկրաինան նույն իրավիճակում են: Այդ մասին հայտարարել է ուկրաինացի քաղաքագետՄիխայիլ Բելեցկին:
«Երկու երկրները, մի կողմից, սերտ պատմական ու տնտեսական կապեր ունեն Ռուսաստանի հետ, մյուս կողմից՝ հակված են եվրոպական արժեքներին և կողմնորոշվում են այդ ուղղությամբ (առնվազն բառացի): Երկու երկրներում հասարակական կարծիքը կիսվել է՝ մի մասը գերադասում է մերձեցումը Ռուսաստանի հետ, մյուսը՝ Եվրոպայի: Եվ, վերջապես, երկու երկրները ճնշման են ենթարկվում երկու կողմից՝ և ԵՄ, և Ռուսաստանի, փորձելով յուրաքանչյուրին համոզել, որ հենց իր հետ միությունն է առավելություն տալիս և հնարավոր չէ «նստել երկու աթոռի արանքում»,-ասել է նա:
Ըստ Բելեցկու, երկու երկրների համար էլ դեպի Արևմուտք միակողմանի կողմնորոշումը և Ռուսաստնի հետ հարաբերությունների սառեցումը լուրջ կորուստներով է սպառնում: «Սակայն, այդ կորուստների լրջության աստիճանը տարբեր է: Ուկրաինայի համար իրական հետևանքը ծայրահեղ դեպքում կարող է լինել տնտեսության գրեթե ամբողջական փլուզումը, ինչը հետո շտկելու համար երկար տարիներ կպահանջվեն: Հայաստանի համար դրանք ոչ միայն տնտեսական կուրուստներ կարող են լինել, այլ ավելի սարսափելի բան՝ հայկական երկրորդ, թեև չճանաչված, պետության՝ Լեռնային Ղարաբաղի ոչնչացում, այսինքն դա կնշանակի հարյուր հազարավոր հայերի հանձնում օտար և, այսօրվա իրողությունները հաշվի առնելով, ագրեսիվ տրամադրված և ռևանշի ձգտող պետության: Այդպիսով, Հայաստանն այլ ելք չուներ, քան ամրապնդել դաշինքը Ռուսաստանի հետ, որն այժմ Հայաստանի միակ իրական դաշնակիցն է և տարածաշրջանում խաղաղության երաշխավորը:
Ադրյունքում, այսօրվա դրությամն Ուկրաինան ու Հայաստանը, դեռ փորձելով երկկողմ կողմնորոշման քաղաքականություն վարել, տարբեր ճանապարհներով գնացին: Ուկրաինան որպես «գլխավոր ուղղություն» ընտրեց Եվրամիությունը, նրա հետ Ասոցացման և Առևտրի ազատ գոտու (ԱԱԳ) մասին համաձայնագրի կնքումը, թեև արդեն առանց անդամակցության հեռանկարների մասին խոսակցությունների: Ընդ որում, իշխանությունները հուսով են, որ կպահպանեն տնտեսական կապերը ԱՊՀ երկրների հետ, ԱՊՀ շրջանակներում ԱԱԳ-ի և ՄՄ հետ կապի ինչ-որ ձևեր կգտնեն:
Հայաստանի համար հակառակը՝ «գլխավոր ուղղությունը» կլինի կապը Ռուսաստանի հետ և անդամակցությունը Մաքսային միությանը նրա հովանու ներքո՝ հուսալով պահպանել բավականին սերտ կապերը Եվրամիության հետ: Ժամանակը ցույց կտա, թե որ ընտրությունն է ավելի լավ հեռանկար խոստանում»,-ասել է ուկրաինացի քաղաքագետը, գրում է AnalitikaUA.net-ը: Սեպտեմբերի 3-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ավարտին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց Մաքսային միությանը միանալու և հետագայում ԵվրաԱզԷՍ-ի ձևավորմանը մասնակցելու իր ցանկության մասին: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հավանություն է տվել նախաձեռնությանը՝ պատրաստակամություն հայտնելով աջակցել այդ գործընթացին: Պուտինը հավելել է, որ ՌԵՈւ-ն կարող է մոտ 15 մլրդ ռուբլի ներդնել Հայաստանի երկաթուղային ցանցի զարգացման մեջ:
Հայաստանի այս որոշումը քննադատության ենթարկվեց եվրոպական կառույցների ու փորձագիտական շրջանակների կողմից, որոնք հայտարարեցին, որ Հայաստանը գործնականում խզեց բանակցությունները Եվրոպայի հետ, ինչն անհնար է դարձնում ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը այս տարվա նոյեմբերին Վիլնյուսում՝ ԵՄ և Արևելյան գործընկերության ղեկավարների գագաթաժողովում:
Ավելին, ԵՄ դիվանագիտության գծով ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը հայտարարեց, որ «Եվրամիությունը պարզաբանումներ է ակնկալում պաշտոնական Երևանից Ռուսաստանի նախաձեռնած ՄՄ Հայաստանի անդամակցելու որոշման մասին»: «Մենք ակնկալում ենք հայկական կողմի բացատրությունները, և հետո կկարողանանք գնահատել, թե ինչ հետևանքներ դա կունենա»,-ասել է Էշթոնի մամլո քարտուղար Մայա Կոսյանչիչը:
Մինչդեռ, ՀՀ ղեկավարները հայտարարում են, որ ՄՄ-ին միանալու մտադրության մասին որոշումը չի անդրադառնա Հայաստանի եվրաինտեգրման գործընթացի վրա և Ասոցացման մասին համաձայնագիրը կնախաստորագրվի Վիլնյուսում: Այնուհետև Եվրահանձնաժողովը հանդես եկավ հայտարարությամբ, համաձայն որի Ասոցացման մասին համաձայնագիրը և Խորը ու համապարփակ ազատ առևտրի համաձայնագիրը (DCFTA) կարող են համատեղելի լինել ԱՊՀ անդամ երկրների հետ տնտեսական համագործակցության հետ: «Մենք ի գիտություն ենք ընդունում Հայաստանի ակնհայտ ցանկությունը միանալ Մաքսային միությանը: Մենք շտապում ենք խորամուխ լինել Հայաստանի մտադրությունների մեջ, ապահովելու համար այդ որոշման համատեղելիությունը Ասոցացման և Խորը ու համապարփակ ազատ առևտրի համաձայնագրերով ստանձնվող պարտավորությունների հետ: Այդ խորհրդակցություններից հետո մենք եզրակացություններ կանենք մեր հետագա գործողությունների համար: Մենք ցանկանում ենք մեկ անգամ ևս նշել, որ Ասոցացման մասին համաձայնագիրը և Խորը ու համապարփակ ազատ առևտրի համաձայնագիրը (DCFTA) հիմք են հանդիսանում բոլորի համար շահավետ բարեփոխումների համար, ոչ թե զրոյական արդյունքով խաղ են, և կարող են համատեղելի լինել ԱՊՀ անդամների հետ տնտեսական համագործակցության հետ»,-ասվում է Եվրահանձնաժողովի հայտարարության մեջ: