1in.am-ը գրում է.
Մոսկվայում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի Մաքսային միությանը միանալու ցանկության մասին հայտնի հայտարարությունից հետո ՄՄ անդամ պետության՝ Ղազախստանի տնտեսական ինտեգրման հարցերով նախարար Ժանար Այտջանովան շտապեց հայտարարել, որ Ղազախստանը սատարում է Մաքսային Միությանն անդամակցելու Հայաստանի Հանրապետության որոշումը: Հաշվի առնելով Ադրբեջան-Ղազախստան պատմական, քաղաքական և տնտեսական ներկայիս հարաբերությունները՝ դժվար է պատկերացնել, որ Ղազախստանին հետաքրքրում է Հայաստանի՝ ՄՄ-ին անդամակցելու հեռանկարը: Հայաստանյան թերթերից մեկը ժամանակին գրել էր, որ Հայաստանի` Եվրասիական միությանն անդամակցել-չանդամակցելու հարցն ամենևին էլ պայմանավորված չէ եվրոպական արժեհամակարգին նվիրվածությամբ, ինչպես ներկայացնում են ՀՀ իշխանությունները: Ըստ այդ հրապարակման` Հայաստանը վաղուց անդամակցած կլիներ Մաքսային միությանը, եթե չլիներ Ղազախստանի պահանջը, ըստ որի՝ Հայաստանը կարող է միանալ Մաքսային միությանն առանց Լեռնային Ղարաբաղի:
Այս և մի շարք այլ հարցերի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցեց Ղազախստանի Քաղաքական որոշումների ինստիտուտի վերլուծաբան Վասիլի Միսնիկի հետ: Նա նախ իր կարծիքն հայտնեց՝ ասելով, որ ՄՄ-ին, իսկ հետագայում Եվրասիական տնտեսական ընդհանուր միությանը միանալու Հայաստանի որոշումը քիչ բան է փոխում Հայաստանի ներկայիս տնտեսական վիճակում: Ըստ նրա՝ Ռուսաստանն, ամեն դեպքում, մնում է Հայաստանի գլխավոր տնտեսական գործընկերը, և Կովկասում հետխորհրդային որևէ երկիր մոտ ապագայում Հայաստանի հետ չի հաստատի այդ համագործակցությանը հավասարազոր կապեր Հայաստանի հետ:
«Եվրասիական ինտեգրացիային մասնակցելու Հայաստանի որոշման իմաստն առաջին հերթին այն է, որ կմեծանա տնտեսական պլանավորման հորիզոնը, Հայաստանը կդադարի ապրել «աշխատավարձից աշխատավարձ» և հնարավորություն կստանա իրականացնել մեծ պրոյեկտներ: Բնականաբար, նման հեռանկարը հասանելի է միայն հայկական կողմից ակտիվ դիրքորոշման պայմաններում, քանի որ ժամանակակից Ռուսաստանն այդքան հակված չէ նվերներ մատուցել և խորանալ մանրուքների մեջ, որի պարագայում նման պրոյեկտները վերածվում են թանկ գումարների լվացման PR ակցիաների: ժամանակակից Հայաստանում, թեկուզ առաջիկա 20 տարիների համար, հեռանկարի առկայությունը անհրաժեշտ է գոյատևելու համար: Առաջիկա տասնամյակի ընթացքում երկրում պետք է ամեն գնով ընդարձակել դեմոգրաֆիական թրենդը, իսկ դրա համար Հայաստանը պետք է դառնա մի երկիր, որը տնտեսապես հետաքրքիր և շահավետ կլինի սեփական ժողովրդի համար: Հակառակ դեպքում Հայաստանն անխուսափելիորեն կպարտվի բնակչության թվով մի քանի անգամ իրեն գերազանցող Ադրբեջանին, առաջին հերթին՝ սպառազինության մրցակցության ոլորտում, իսկ հետո նաև՝ պատերազմում: Սա կհանգեցնի տարածքների կորստի և արտագաղթի»,- մեկնաբանեց նա:
Նրա խոսքով՝ հենց այս հեռանկարն էլ Հայաստանի արևմտյան ինտեգրացիան իրականացնելու ճանապարհի գլխավոր խնդիրն է: Նա նշեց՝ բնականաբար, Եվրոպայում ապրելն ավելի լավ է, քան ՌԴ-ում: Բայց, Միսնիկի համոզմամբ, Հայաստանի ձգտումն այդ աստվածային կյանքին կնշանակի, որ Հայաստանը քսան տարով կդեգերի ԵՄ-ի նախասենյակում, իսկ հնարավոր պատերազմի ժամանակ ԵՄ-ն ողջ աշխարհին կոչեր կուղղի, իսկ հետո հանգիստ կմոռանա հայերի մասին, ինչպես նա մոռացավ Խորվաթիայի սերբերին և Կոսովոյի կամ Իրաքի քրիստոնյաներին. «Ով վերջում հեռանա, թող չմոռանա լույսն անջատել»: Իսկ ՌԴ-ին, ղազախ փորձագետի կարծիքով, դուր է գալիս սուպերուժ խաղալը, և պատահական չէ, որ այդ երկրին մշտապես համեմատում են արջի հետ, նրա թաթերի ճարպկությունն իր ամենաուժեղ կողմը չէ:
«Ուստի, ճնշումներ գործադրելով, Ռուսաստանը լավ չի պատկերացնում դրա հետևանքները ինչպես հաջողության, այնպես էլ անհաջողության դեպքում: Սա նրա գործընկերների համար հավելյալ հնարավորություններ է բացում: Ցավոք, Ռուսաստանի հետ իրենց հարաբերությունները կառուցելիս հետխորհրդային երկրները սահմանափակվում են արջին արծվի և առյուծի հետ համեմատությամբ՝ փորձելով մսի բաժինը հաշվարկել նրանց համար: Ղազախստանն այս առումով բացառություն չէ, և հակառուսական խաղաքարտի շահարկումն ամենասիրելի քայլն է Ղազախստանի ներքին քաղաքականության մեջ, իսկ արտաքին քաղաքականությունը բավականին խելամիտ է և հիմնված է «քնած շանը մի արթնացրեք» սկզբունքի վրա: Այնպես որ՝ Ղազախստանը, պահպանելով մինիմում առողջ մտածելակերպը, կարող է հեռանալ Կովկասում առաջացած յուրաքանչյուր խնդրից, ինչպես նա արեց 2008թ. ռուս-վրացական պատերազմի ժամանակ: Գործող միջազգային պարտավորությունները, ինչպես Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին, քիչ բան են փոխում նման իրավիճակում: Ղազախստանին հարմար է, որ Հայաստանի անվտանգության հարցերը լուծում է ՌԴ-ն: Ի արդարացումն այս դիրքորոշման՝ կարելի է ասել, որ Հայաստանից ևս ոչ ոք չի ակնկալում միջինասիական երկրների անվտանգության խնդիրների մասնակցություն Աֆղանստանի շուրջ»,- մեկնաբանեց Վասիլի Միսնիկը:
Վերադառնալով ՄՄ-ի թեմային՝ նա ասաց, որ ՄՄ-ին և հետագայում Եվրասիական տնտեսական միությանը ՀՀ անդամակցության համար անհրաժեշտ է ՄՄ-ի անդամ երկրների համաձայնությունը, և կարելի է ասել, որ Ղազախստանն արդեն հայտնել է, որ կաջակցի Հայաստանին այդ ճանապարհին: Սակայն, նրա համոզմամբ, Ղազախստանի հետաքրքրությունն այս հարցում մինիմալ և իմիջային բնույթ է կրում, քանի որ Ղազախստանի և Հայաստանի միջև ուղիղ տնտեսական հարաբերություններ գոյություն չունեն, իսկ ադրբեջանաղազախական հարաբերությունները բավականին կարևոր են Ղազախստանի համար՝ ինչպես տնտեսական, այնպես էլ քաղաքական առումով: Բայց, ըստ Վասիլի Միսնիկի՝ դեռևս չկան նշաններ՝ ենթադրելու, թե Ադրբեջանը ցանկանում է այդ գործիքն անուղղակի կերպով օգտագործել ՌԴ-ին, այդպիսով՝ Հայաստանին ճնշելու համար: Ավելին՝ Ադրբեջանը նախընտրում է Ռուսաստանի հետ գործերը կարգավորել ուղիղ կերպով՝ հույսը չդնելով ինչ-որ մեկի միջնորդության վրա:
«Ինչ վերաբերում է Ղարաբաղի տարածքների ընդգրկմանը մաքսային տարածքի մեջ՝ Հայաստանի անդամակցության պարագայում, ապա չեմ կարծում, թե այդ հարցն այդքան հասկանում են Ղազախստանում: Առավել ևս չպետք է սպասել Աստանայի էական մասնակցությանը Ղարաբաղյան հակամարտության հարցում: Գրեթե պետք է վստահ լինել, որ առանց հայկական կողմի նախաձեռնության հայ-ղազախական տնտեսական հարաբերությունների նույնիսկ գործող պոտենցիալը կմնա չիրականացած:
Առաջին հերթին Հայաստանը կարող էր հետաքրքրված լինել Ղազախստանից արտահանվող ապրանքներով, ինչպիսիք են հացահատիկն ու նավթը: Այս դեպքում, իհարկե, գլխավոր խնդիրը առաքման ուղիներն են: Այստեղ, բացի ավանդական ՌԴ-ի և Վրաստանի ճանապարհից, կարելի է դիտարկել նաև Իրանի երթուղին: Հայաստանը կարող էր նաև փնտրել համագործակցության տարբերակներ Ղազախստանում բարձր տեխնոլոգիական արտադրություններում»,- այսպես ավարտեց իր խոսքը ղազախ փորձագետ Վասիլի Միսնիկը: