Lragir.am-ը գրում է.
Հայաստանում ԱՄՆ դեսպան նշանակվելուց հետո Ջոն Հեֆերնը հայտարարել էր, որ իր առաջ Հայաստանի դիվերսիֆիկացիայի խնդիր է դրված: «Երկիրը չի կարող մեկ գործընկեր ունենալ»,- ասել էր Հեֆերնը մոտ մեկ տարի առաջ Lragir.am-ի հետ զրույցում:
Հայաստանն օրերս հրաժարվել է դիվերսիֆիկացիայից՝ իր պետական բոլոր լիազորությունները փոխանցելով Ռուսաստանին, Բելառուսին եւ Ղազախստանին: Ջոն Հեֆերնն այդ կապակցությամբ ասել է, որ Հայաստանը շահավետ դիրքում է հայտնվում միայն այն ժամանակ, երբ ընտրության ազատության հնարավորություն է ապահովում քաղաքական, տնտեսական եւ անվտանգության ոլորտներում: Այժմ Հայաստանը ոչ մի ընտրություն չունի: Արդյոք պետք է սպասել, որ սրանից հետո հետ են կանչելու Ջոն Հեֆերնին, ով տվյալ պահին չի կատարել դիվերսիֆիկացիայի իր խնդիրը:
Մաքսային միությանը Հայաստանի միանալու տարբերակը հազիվ թե բացառվում էր ԱՄՆ եւ ԵՄ կողմից: Հակառակ դեպքում, Հայաստան կհոսեին խոստացված ամերիկյան ներդրումները, իսկ ԵՄ-ը վաղուց անցկացրած կլիներ դոնորների համաժողովը՝ Հայաստանի համար 1.5 միլիարդ դոլար հավաքելով: Սակայն բոլորը սպասում էին նոյեմբերի վերջին՝ կդիմանա՞ Սերժ Սարգսյանը, թե «կգցի»:
Տիգրան Սարգսյանին, թերեւս, հարկ կլինի համակերպվել ինչպես «բարեփոխումների աջակցման» եվրոպական ծրագրի կորստի, որով փաստացի մի շարք գերատեսչություններ էին պահվում, այնպես էլ ՏՏ ոլորտում ամերիկյան ներդրումների կորստի հետ: Չէր խանգարի, որ Տիգրան Սարգսյանին նույնպես «հետ կանչեն»:
Ջոն Հեֆերնին դեսպանի պաշտոնում կարող է մի բան պահել՝ ԱՄՆ անլուրջ վերաբերմունքը Մաքսային միությանը եւ դրա ապագային: Մաքսային միությունը, առավել եւս Եվրասիական միությունը շատերը դատարկ բլեֆ են համարում, որը շուտով կփլվի: Ժամանակը ցույց կտա, սակայն ակնհայտ է, որ ԱՄՆ-ի ու Եվրոպայի սպասման քաղաքականությունը չի արդարացրել իրեն: «Ներդրումային էքսպանսիան», իհարկե, մեծ ռիսկի հետ էր կապված, սակայն բացակայությունն էլ դարձավ «Հայաստանի ընտրության» եւս մեկ գրավականը:
Ճիշտ է, հոգեբանական մակարդակում Հայաստանում դիվերսիֆիկացիան տեղի է ունեցել, եւ այն դեռեւս կարտացոլվի պետական քաղաքականությունում: