1in.am-ը գրում է.
Ճապոնացի պրոֆեսոր Յասուո Հազակին առաջարկել է պահմտոցին դարձնել օլիմպիական մարզաձև: Նա իր առաջարկը բացատրել է ոչ թե վազքի արագությամբ, այլ հնարամտությամբ ու արագաշարժությամբ: Այս մասին գրում է The Daily Telegraph-ը:
64-ամյա պրոֆեսորն ու նախկին թեթևատլետը վստահ է, որ եթե Տոկիոն ընտրեն որպես Օլիմպիադա 2020-ի անցկացման վայր, դա հիանալի առիթ կլինի, որպեսզի Օլիմպիական կոմիտեն այդ խաղը ներառի խաղացանկում:
Պրոֆեսորը ցանկանում է, որ պահմտոցին 2020-ին դառնա «փորձնական» մարզաձև:
«Ես ցանկանում եմ, որպեսզի սպորտը հասանելի դառնա բոլորին, որպեսզի մրցումներին կարողանա մասնակցել յուրաքանչյուրը՝ անկախ տարիքից, սեռից ու կարողություններից»,- ասել է նա:
Նշենք, որ պրոֆեսորը 2010-ին Ճապոնիայում ստեղծել է Պահմտոցու տարածման կոմիտե: Այդ կազմակերպությունը ողջ աշխարհում ունի մոտ 1000 անդամ:
Օլիմպիական միջազգային կոմիտեն XXXII Օլիմպիադայի անցկացման վայրը կհայտարարի սեպտեմբերի 7-ին: